Հայերեն   English   Русский  

Կբացահայտի՞ ՀՔԾ–ն 1996–ի սահմանադրական կարգի տապալման գործը․ 7 or.am


  
դիտումներ: 1792

7or.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, ՀՔԾ–ում 1998թ. նախագահական ընտրությունների հետ կապված նյութեր են նախապատրաստում տխրահռչակ Սիլվա Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա։ Նա արդեն հարցաքննվել է։

Եթե Շիրխանյան Սիլվայի Վահանիներկայացրած «փաստերի» («Սիլվան» հղում է անում մահացած մարդկանց բանավոր խոսքին) հիման վրա ՀՔԾ–ն նյութեր է պատրաստում 1998–ի նախագահական ընտրությունների թեմայով, ապա պարզապես պարտավոր է 1996–ի նախագահական ընտրությունների հետ կապված քրեական գործ հարուցել՝ սահմանադրական կարգի տապալման մոտիվներով։ 96–ի հետ կապված փաստերի, վկայությունների, ինքնախոստովանական հարցազրույցների, հիշողությունների, տեսանյութերի, բռնությունների ապացույցների, միջազգային գնահատականների պակաս չկա։

Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանական թիմը ներկայացնող երկու ներկայացուցիչները՝ այն ժամանակվա ներքին գործերի ամենակարող նախարար Վանո Սիրադեղյանը և ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, բաց տեքստով են խոսել 96–ի ընտրակեղծիքների ու սահմանադրական կարգի տապալման մասին։

«Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ»,– հայտարարել էր Վանո Սիրադեղյանը Հ1–ի «Մարդու ժամանակը» հաղորդման ժամանակ:

«Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու»:

Սրանք էլ Կարապետ Ռուբինյանի խոսքերն են։

Սիրադեղյանն ու Ռուբինյանը Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին ընդդիմության ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ և ընդունել են, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ։ 1996–ին նաև բանակն է ներգրավվել քաղաքական գործընթացներ։ Տանկերը մտել են Երևան։ Սահմանադրական կարգի տապալումը հենց դա էր։

Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է հետ գնալ ու քննել ընտրությունները, ապա պետք է հասնի մինչև ընտրակեղծիքների ակունքներ։ Այլապես կստացվի, որ այս իշխանությունները բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ են սևեռված, ու գործ ունենք քաղաքական վենդետտայի հետ։ Եթե առանց հիմնավորման Քոչարյանին կալանավորում են և «մոռանում» նույնիսկ անդրադառնալ 1996–ի խայտառակ ընտրություններին, ապա ստացվում է լևոնահհշական ռևանշ՝ Նիկոլի տեսքով։ ՀՀ 2–րդ նախագահի դեմ գործ է հարուցված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, սակայն կա զրո ապացույց։ Փոխարենը՝ 1996–ին սահմանադրական կարգի տապալման մասով կան բազմաթիվ ապացույցներ, բայց ունենք զրո մեղադրյալներ։

ՀՔԾ–ի վարքագծից է կախված, թե արդյոք մենք գործ ունենք երկակի՞ ստանդարտների հետ, թե՞ ոչ։

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ այս տարվա մարտի 1–ին, հանդիպելով 1996–ին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ, Փաշինյանը նշել էր, որ Մանուկյանին համարում է ընտրակեղծիքի զոհ։

«Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ, որպես վարչապետ, պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին:

Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարո՛ն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»,– մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինայնը։

Եթե վարչապետը համարում է Մանուկյանին ընտրակեղծիքի զոհ, ապա խոսքից պետք է անցնի գործի։

Սահմանադրական կարգի տապալումը հայցային վաղեմություն չունի։

Կորյուն Մանուկյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: