Հայերեն   English   Русский  

​«Դու լեռներում չես, լեռներն են քո մեջ»․ վերադարձ Գերմանիայից


  
դիտումներ: 10422

«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։

Իսկ սարերում նույնիսկ քամին գույն ունի, սարերում ես գտա թե՛ ինձ, թե՛ ընկերներիս։ Այդ ամենն ուղղակի աննկարագրելի է․․․»,-անթաքույց հիացմունքով Հայաստանի գյուղերի մասին է պատմում հայրենիք վերադարձած երիտասարդ զրուցակիցս։

Անի Ջանբազյանը ծնվել է Գերմանիայում, Լյոնբերգ համայնքում։ Ծնողները Գերմանիա էին տեղափոխվել 90-ականների սկզբին։ Լյոնբերգում նրանք առաջին հայաստանցիներն էին, մի հայ ընտանիք էլ կար Սիրիայից։ Հետաքրքիր է, որ մեծանալով գերմանական այդ կոլորիտային, խնամված գյուղում, որը քիչ ընդհանրություններ ունի հայկական գյուղերի հետ՝ միևնույն է, Անին սիրահարված է հայկական գյուղին և գյուղի համն ու հոտը զգացել է միայն Հայաստանում։

Անի Ջանբազյան

Վերադարձ մեկ շնչով

Գերմանիայում ապրած տարիներին Հայաստանի հետ կապը երբեք չի կտրվել, հաճախ էին գնում-գալիս։ 2014 թվականի ամռանը, երբ դպրոցն ավարտել էր, կրկին Հայաստանում էին, և այդ անգամ Անին որոշում է, որ այլևս հետ չի գնալու Գերմանիա։

«Երբ որ մեծ ես, լրիվ ուրիշ աչքերով ես նայում այդ ամենին»,-ասում է։

Հայաստանում մնալու ցանկությունը սկզբում ենթագիտակցական էր։ Ներքուստ զգում էր, որ ուզում է մնալ, բայց թե ինչու, հստակ պատասխան չուներ։ Ենթագիտակցորեն էլ փորձում էր մնալու պատճառներ գտնել։

Քոլեջ ընդունվելու տարիքին էր, պետք է վերադառնար Գերմանիա և քոլեջ ընդունվեր։ Բայց պատահաբար աչքով է ընկնում Հայաստանում եվրոպական քոլեջի կայքը։ Եվ ահա գալիս է նաև Հայաստանում մնալու առիթը։

Ծնողները սկզբում դեմ էին, ուզում էին, որ Անին Գերմանիայում ուսումը շարունակի։ Բայց տեսնելով Հայաստանում մնալու մեծ ցանկությունը՝ ի վերջո համաձայնում են։

Անին ընդունվում է Եվրոպական քոլեջի տուրիզմի բաժին, որտեղ ոչ միայն գիտելիքներ է ձեռք բերում, այլև ամենամտերիմ երկու ընկերներին, որոնք է՛լ ավելի են նրան կապում Հայաստանի հետ։ «Գերմանիայում էլ ունեի մոտ ընկերներ, բայց երբեք չեմ կարող համեմատել այստեղի ընկերներիս հետ։ Այստեղի անկեղծությունը, բարությունը, հոգատարությունը երբեք ուրիշ տեղ չես գտնի։ Դա լրիվ ուրիշ զգացողություն է»։

Բացահայտել Հայաստանը

Անի Ջանբազյան

Անին սկսում է արշավել։ «Armenian geographic» արշավախմբի միջոցով բացահայտում է հայրենիքը՝ Արցախից մինչև Արևմտյան Հայաստան։ Գրեթե ամեն կիրակի արշավների է մեկնում։

«Կյանքս մինչև այսօր փոխվում է, չափից շատ են այն զգացողությունները, որ ամեն անգամ ապրում եմ Հայաստանի տարբեր վայրերում լինելիս։ Ամեն արշավից հետո իմ կյանքում մի նոր փուլ է սկսվում»։

Արցախի հետ կապված ուշագրավ խոստովանություն է անում․ «Առաջին անգամ շատ լարված էի Արցախ գնում, մի տեսակ կարծրատիպ կար, որ հայաստանցիներն ու արցախցիները տարբեր են, իրար հետ լավ չեն։ Արցախում միանգամից կոտրվեց այդ կարծրատիպը։ Այնտեղ ես նույն զգացողություններն ապրեցի, ինչ Հայաստանի տարբեր վայրերում։ Ո՛չ մի տարբերություն։ Սկսած հյուրանոցի աշխատակցից մինչև գյուղացի՝ նույն ջերմությունը, բարությունն ու հոգատարությունը»։

Վերջերս Անին Բերդում (Շամշադին) էր։ Վերադարձել է զարմացած ու հիացած։ Չէր հավատում, որ անգամ Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրում, որտեղ պատերազմի շունչն այդդքան մոտ է, կարելի է տուրիզմ զարգացնել և նոր ու խենթ գաղափարներ իրագործել։

Անի Ջանբազյան

Տուրիզմ՝ մասնագիտական ու կենսական ընտրություն

Անին այժմ սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային տուրիզմի ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Նրա համար տուրիզմը ոչ միայն մասնագիտական կողմնորոշում է, այլև կենսակերպ, որն իրեն օգնում է բացահայտելու ոչ միայն Հայաստանը, այլև ինքն իրեն։

Վստահ է, որ եթե ոտք չդներ Հայաստանի հեռավոր անկյուններ, չզգար գյուղի շունչն ու չնվաճեր հայկական լեռների գագաթները, չէր կարողանա լիարժեք գնահատել երկիրը, որտեղ ապրում է։

Անիի ապագա ծրագրերը կապված են տուրիզմի ոլորտում բիզնես գործունեության հետ։ Բայց դեռ չի շտապում։ Ուզում է լուրջ գիտելիքներ ձեռք բերել, նոր սկսել։ «Եթե մի բան անում ես, պիտի լավ անես»,-սա է կարգախոսը։

Անի Ջանբազյան

Էկո պայուսակներ․ բիզնես և արվեստ

Մինչ համալսարանն ավարտելն ու մասնագիտական լուրջ գործունեություն ծավալելը Անին աշխատում է «Չոր մարքեթինգ» նախագծում, նաև սեփական փոքրիկ բիզնեսն է սկսել, որը, սակայն, ավելի շատ ստեղծագործելու միջոց է, քան գումար վաստակելու։

Էկո պայուսակներ։ Նախ բնական կտոր է ընտրում, կարում է պայուսակներ, ապա դրանց վրա իր դիզայնով լոգոներ ու նկարներ է տպագրում։ Ի դեպ, պայուսակների մեջ նույնպես գերակշռող թեման տուրիզմն ու արշավներն են, Հայաստանի ու Երևանի տեսարժան վայրերը։ Որոշ պայուսակների վրա նաև մտքեր կան՝ «Հավերժ կանչող լեռներ», «Եղիր մոտ բնությանը, «Դու լեռներում չես, լեռներն են քո մեջ» և այլն։

Էկո պայուսակների գաղափարը ծագել է, երբ Հայաստանում ցավով նկատել է պոլիէթիլենային տոպրակների համատարած օգտագործումը։ Դա Գերմանայից հետո Հայաստանում անսովոր թվացող սովորույթներից մեկն է, որն Անին ուզում է փոխել։ Փոխել է ուզում նաև փողոցում աղբ թափելն ու ծառերի նկատմամբ վատ վերաբերմունքը։

Այնուամենայնիվ, Անին երջանիկ է Հայաստանում։ Ասում է՝ այն, ինչ գտա այստեղ, ոչ մի տեղ չէի կարող գտնել։ «Չեմ պատկերացնում, որ մարդիկ կարող են դրսում իրենց երջանիկ զգալ։ Ուրեմն ինչ-որ բան իրենք չեն զգում։ Կամ էլ գնում են, որովհետև չեն տեսել Հայաստանը։ Թող նախ իրենց երկիրը լավ ճանաչեն, հետո որոշեն՝ գնա՞լ, թե մնալ»։

Անիի ծնողները համոզվել են, որ նրա որոշումը ճիշտ էր։ Ավելին, նրանք նույնպես վերադարձի ճանապարհին են։

Անի Ջանբազյան

Առայժմ միայն քրոջը չի ստացվում պահել Հայաստանում, բայց վստահ է՝ մի օր նա էլ մեկընդմիշտ կվերադառնա։

«Իսկ ես այստեղից չեմ պատրաստվում որևէ ուրիշ տեղ գնալ։ Այստեղ ամե՛ն ինչն է իմը»,-խորը հիացմունքով ու աչքերի վառ փայլով ասում է Անին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: