Հայերեն   English   Русский  

Washington Post․ Թուրքիայում «բանտային գրականությունը» ծաղկում է


  
դիտումներ: 162

Ամերիկյան «Washington Post» հեղինակավոր թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի «բանտային գրականության» մասին։

Ըստ հոդվածի՝ Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչները բանտերում գրել են բանաստեղծություններ, հուշագրություններ, պատմվածներ, վեպեր և անգամ սցենարներ։

Նշվում է, որ Թուրքիայում «բանտային գրականության» արմատավորված ավանդույթ է ձևավորվել, իսկ հատկապես վերջին տարիներին թուրքական բանտերում ստեղծվող գրականությունը ծաղկում է ապրում, ինչը պայմանավորված է իշխանությունների կողմից հազարավոր ընդդիմադիրների բանտարկման հանգամանքով։ Միայն վերջին երկու տարում բանտարկյալների կամ արդեն ազատ արձակվածների կողմից ութ գիրք է հրատարակվել։

Հոդվածում, որպես «բանտային գրականության» օրինակ, անդրադարձ է կատարվում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ցմահ ազատազրկված գրող և լրագրող Ահմեթ Ալթանի «Այլևս աշխարհը չեմ տեսնի» գրքին, որտեղ նա պատմում է իր բանտային առօրյայի մասին։ Ալթանը Թուրքիայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պատճառով գիրքը չի տվել թուրք հրատարակիչներին, նախորդ շաբաթ այն հրատարակվել է Անգլիայում, իսկ աշնանը լույս կտեսնի նաև Ամերիկայում։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի՝ կարճ մելանխոլիկ պատմվածքներից կազմված «Լուսաբաց» (Seher) խորագրով գիրքն էլ լույս է ընծայվել ամերիկացի անվանի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հրատարակչության կողմից։ Դեկտեմբերին Փարքերը գրքի անգլերեն տարբերակի հետ լուսանկարվել էր Նյու Յորքում, ինչը Թուրքիայում բուռն բացասական արձագանք էր գտել։

Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ «բանտային գրականությունը» ընթերցելու առումով ևս Թուրքիայում հարուստ ավանդույթ է ձևավորվել։ Մասնավորապես Դեմիրթաշի գիրքը ավելի քան 200․000 ընթերցող ունի, գրախանութներում այն դժվարությամբ է գտնվում և ընթերցողները մեկը մյուսին են փոխանցում իրենց ունեցած օրինակները։

Արձանագրվել է նաև, որ տարիներ շարունակ թուրքական բանտերում բազմաթիվ գրողներ են պահվում, որոնց ստեղծագործություններից որոշները ներառվել են արգելված գրականության ցանկում, իսկ որոշները ընդգրկվել են ամենից շատ վաճառվածների ցանկում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: