Հայերեն   English   Русский  

Ավանից Մասիվ, ինչպես քաղաքից գյուղ․ մի վերաբնակի պատմություն


  
դիտումներ: 1258

Այս ո՞ւր եմ ընկել․ սա արտահայտություն է, որ տողերիս հեղինակի շուրթերից հաճախ է հնչում այն բանից ի վեր, ինչ բնակություն եմ հաստատել Նոր Նորքի 3-րդ զանգվածում։

Այն, որ մարզերի համաչափ զարգացումը հեքիաթի ժանրից է, գիտենք բոլորս և այն էլ վաղուց․ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ամեն ինչ կենտրոնացած է Երևանում։ Այն, որ Երևանում արտոնյալ վարչական շրջանը Կենտրոնն է, դա ևս գաղտնիք չէ որևէ մեկի համար․ այստեղ կարող են բարվոք վիճակում գտնվող փողոցը տարին մեկ և ավել անգամ ասֆալտապատել, փոխարենը ծայրամասային մի փոքր փողոց տարիներով կարող է սպասել ասֆալտապատման կամ բարեկարգման իր հերթին։ Բայց որ վարչական շրջաններն էլ հավասար չեն զարգանում, կամ հավասար հոգածության չեն արժանանում, դա ինձ համար բացահայտում էր, որ տեղի ունեցավ վերջերս։ Իսկ առիթը բնակության վայրի փոփոխությունն էր։

Եվ քանի որ կամա, թե ակամա ամեն վայրկյան զուգահեռներ եմ անցկացնում Ավանի և Նոր Նորքի միջև, դրանք կներկայացնեմ նաև ստորև․ եթե պատրաստվում եք բնակարան ձեռք բերել, բայց չեք կողմնորոշվել թաղամասի ընտրության հարցում, ապա այս նյութը կարող է օգտակար լինել։

Ժամանցի հնարավորություն՝ երեխաներին

Ողջ Ավան Առինջը 15 րոպեում կարող ես ոտքով շրջել։ Այդ փոքր տարածության վրա կան մի քանի մանկական խաղահրապարակներ․ մոտավորապես ամեն 3-4 շենքն ունի մեկ խաղահրապարակ։ Եթե փոքրերի համար ավազով ու ճոճանակներով խաղահրապարակն է կարևոր, ապա մի քիչ մեծ տարիքի երեխաների կարիքներն արդեն այլ են։ Նրանց արդեն ֆուտբոլի կամ բասկետբոլի հրապարակ է պետք, որն էլի կա։ Մեր շենքի հարևանությամբ ունեինք բասկետբոլի համար հարմարեցված և վանդակապատ հրապարակ։ Քիչ այն կողմ՝ ֆուտբոլի դաշտ։ Այսինքն այստեղ երեխան, որը կուզենա բակում խաղալ, հաստատ իր համար որևէ զբաղմունք կգտնի։

Նույն Ավան Առինջում երկու այգի կա, որոնցից մեկը՝ Ընտանեկան այգին, հրաշալի վայր է թե երեխաների, թե տարեցների համար։

Նոր Նորքում մեր շենքից 20 րոպե քայլքի շառավղում մանկական ժամանցի նման հնարավորություններ գտնված չեն, բացառությամբ մի փոքրիկ խաղահրապարակի, որը բարեկարգման խիստ կարիք ունի։ Ստացվում է, որ այստեղ երեխան ինքնուրույն բակ իջնելու և հասակակիցների հետ խաղալու հարցում սահմանափակված է լինելու։

Ճանապարհների բարվոքությունը

Նոր Նորքի 3-րդ զանգված

Ավան Առինջում ապրելու 11 տարիների ընթացքում անգամ բակային տարածքներում ասֆալտի վրա փոսեր տևական ժամանակ չենք ունեցել։ Այստեղ ամեն գարնանը փոսալցումներ են իրականացվել՝ բնականաբար, անձրևի ժամանակ, ինչպես և ամեն տեղ։ Իսկ կենտրոնական ճանապարհների մասին խոսելն ավելորդ է՝ ասֆալտը և գծանշումները միշտ տեղին, մայթերը՝ բարվոք վիճակում։

Նոր Նորքի 3-րդ զանգվածում ամեն քայլափոխին փոսեր են։ Ճանապարհի ասֆալտն այնքան անհարթ ու փոսապատ է, որ բոլոր փոսերից խուսափելով վարելու դեպքում կողքից կթվա, թե վարորդը խմած է և ուղիղ վարել չի կարողանում։ Ճանապարհների գծանշումների մասին էլ այստեղ խոսելն ավելորդ է։ Անգամ երբեմնի կանգ գծից այստեղ հետքեր չեն մնացել՝ վարորդները ենթադրյալ կանգ գծի մոտ են կանգնում, երբ լուսացույցը կարմիր է։ Ճանապարհային երթևեկության նշանների պակաս ևս զգացվում է, եթե նորեկ ես, որոշ տեղերում կարող ես շփոթության մեջ ընկնել բացակայող նշանների պատճառով։

Կարգ ու կանոնի բացակայությունը

Եթե Ավան Առինջի բակային տարածքներում, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 20 կմ/ժ է, մարդիկ ճանապարհն անցնելիս աջ ու ձախ են նայում, համոզվում են, որ ավտոմեքենա չկա, նոր միայն քայլում են, ապա Նոր-Նորքի 3-րդ զանգվածում, որը շուկայի, կից գործող ավտոկայանի և հիվանդանոցի շնորհիվ չափազանց մարդաշատ է, մարդիկ պարզապես զբոսնում են ճանապարհին, որտեղ թույլատրելի արագությունը 40-60 կմ/ժ է, կախված հատվածից։ Այս տեղոտքը դեպի ճանապարհ մեկնող մարդը իրեն նեղություն չի էլ տալիս նայելու՝ ճանապարհով մեքենա անցնում է, թե ոչ։

Քանի որ տարածքը շուկայի և հիվանդանոցի շնորհիվ մարդաշատ է, բնականաբար, կա նաև կայանելու խնդիր։ Յուրաքանչյուր կողմից երկու գոտի ունեցող ճանապարհի մեկ գոտին ամբողջությամբ զբաղեցնում են կայանած մեքենաները։ Եվ ստացվում է, որ տաքսիները, երթուղայինները երկրորդ գծում են կանգառ կատարում՝ իրենց հետևից առաջացնելով խցանումների մի մեծ շարան։ Այդ նեղվածքում գտնվում են նաև «հնարամիտներ», որոնք վթարային լույսերը միացրած տևական ժամանակ կանգնում են երկրորդ գոտում՝ ստիպելով, որ հանդիպակաց երկու հոսքերը բավարարվեն ազատ մնացած մեկ գոտով։

Մաքրությունը

Եթե նյութը մի քանի տարի առաջ գրեի, կպատմեի, թե ինչ կատարյալ մաքրություն է տիրում Ավանում։ Նոր Նորքի համեմատությամբ Ավանում այժմ էլ մաքրություն է տիրում։ Սակայն նախկին մաքրությունը տեսած մարդը գիտի, որ հնարավոր է ավելի լավ սպասարկում ապահովել ու ավելի մաքուր համայնք ունենալ։

Եթե Ավանում տնից մինչև կանգառ գրեթե հարյուր մետրը մեկ դեմ ես առնում փոքր աղբամանի, ապա Նոր Նորքում, գոնե 3-րդ զանգվածում, աղբամաններ չկան։ Ձեռքիդ թղթի կտորը կամ անձեռոցիկը ստիպված ես գրպանումդ պահել, մինչև տուն կհասնես։

Մունաթով սպասարկումը

Ասածս, թերևս, վկայում է գործող խանութների ցանցում որակի ապահովման մեխանիզմների բացակայության մասին։ Քանի որ նման մեխանիզմներ չկան, ստացվում է, որ մենեջերի անձով է պայմանավորված՝ խանութում բարեհամբույր սպասարկման կարժանանաս, թե ոչ։ Ավան Առինջում մրցակցությունը մեծ է, հետևաբար խանութներում ստիպված են ժպտալ հաճախորդին և այնպես անել, որ հաջորդ անգամ նորից վերադառնա։ Նոր Նորքում, անկախ այն բանից, թե ինչ խանութ ես մտնում, արժանանում ես միայն մռայլ հայացքների և մունաթի։ Որպես օրինակ բերեմ Նոր Զովք սուպերմարկետների ցանցը։ Եթե Ավան-Առինջում ժպիտով և արագ սպասարկում են, վերջում էլ հաճելի օր մաղթում, ապա Նոր Նորքի 3-րդ զանգվածի Նոր Զովքում, եթե սխալվել ու այդ խանութ ես մտել, ապա գնումներիցդ կրկնակի ավել մունաթ ես հետդ դուրս հանում։

Մի խոսքով, Նոր Նորքի 3-րդ զանգվածի որևէ խանութում հաճախորդին ուրախ չեն։

Հասարակական տրանսպորտը

Սա, թերևս միակ կետն է, որում զիջում է Ավանը։ Հայտնի իրողություն է՝ Ավանը սպասարկող հասարակական տրանսպորտը սարսափելի է աշխատում։ Եթե հասարակական տրանսպորտի հույսին ես, ապա առավոտյան առանց ուշանալու աշխատանքի հասնելը և երեկոյան ժամերին տուն հասնելը խնդիր է, շաբաթ-կիրակի որևէ տեղ գնալն էլ՝ անհաջող որոշում, ապա Նոր Նորքում այդպես չէ։ Այստեղ մինչև երեկոյան ուշ ժամերը կա սպասարկող հասարակական տրանսպորտ։ Եվ ցանկացած ուղղությամբ ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի երթուղային է սպասարկում։

Եզրակացություն

Փաստորեն, հարևանությամբ պաշտոնյաներ ունենալը ձեռնտու է թաղամասի բարեկարգության տեսանկյունից։ Թերևս Ավանի բարեկարգությունը առնչություն ունի այն հանգամանքի հետ, որ այդ թաղամասում էր ապրում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Եվ քանի որ համաչափ զարգացման տրամաբանությունը չի գործում, երևի պետք է այնպես անենք, որ որևէ ազդեցիկ պաշտոնյա էլ Նոր Նորքից ունենանք։ Եվ ընդհանրապես, իշխանավորներին պետք է բաժանենք վարչական շրջանների ու անգամ մարզերի միջև, որ գոնե այդպես Կենտրոնից դուրս զարգացում կամ գոնե բարեկարգ ճանապարհ ունենանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: