Հայերեն   English   Русский  

​Փոքր թատրոն. ժամանակակից, յուրօրինակ, տարբերվող. մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է


  
դիտումներ: 2635

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները

Այս անգամ հյուրընկալվել ենք Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանին:

-Պարոն Բադալյան, մարտի 16-ին ու 17-ին Ֆլորենցիայի Գոլդոնի թատրոնում տեղի ունեցավ «Պինոկիո» ներկայացման առաջնախաղը Ձեր թատրոնի դերասանուհի Թամարա Այդինյանի հրաշալի դերակատարմամբ: Ի՞նչ նշանակություն ունի այս իրադարձությունը թատրոնի կյանքում:

-Իմ՝ որպես բեմադրիչի և թատրոնի գեղարվեստական ղեկավարի համագործակցությունը Իտալիայի հետ արդեն 12 տարվա պատմություն ունի: Մենք ունենք համատեղ բեմադրած ներկայացումներ, կազմակերպում ենք փոխադարձ դասավանդումներ: Անցյալ տարի, երբ «Պինոկիոյի» հեղինակները Հայաստանում վարպետության դասեր էին անցկացնում, մեր թատերախմբի հետ նաև բեմադրեցին «Մեքենաներ» վերնագրով մի ներկայացում: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացան Թամարայի հետ: Եվ նա արդեն այս տարվա մարտին փայլուն հանդես եկավ՝ զարմացնելով իտալացի հանդիսատեսին: Գուցե մենք թեթև ենք նայում այս ամենին, բայց իտալական թատերախմբի հետ բեմ բարձրանալը, այն էլ գլխավոր դերով, խաղ ու պար չէ: Ուստի սա հպարտանալու հրաշալի առիթ է մեր թատրոնի համար:

-Դուք բավական հաճախ եք մեկնում հյուրախաղերի: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դրա «մեղավորը» մեր աշխատանքի արդյունքում ստեղծված ներկայացումներն են, որ հետաքրքրում են միջազգային հանրությանը: Իսկ հյուրախաղերն օգնում են առավել պրոֆեսիոնալ դառնալ, ձեռք բերել նոր որակներ և արագ հարմարվել տարբեր տարածքների տեխնիկական հնարավորություններին ու մթնոլորտին: Որքան էլ նման ճամփորդություններն ամենատարբեր դժվարությունների առջև են կանգնեցնում, ես ամեն դեպքում շատ եմ կարևորում միջազգային համագործակցությունները, մեր դերասանների՝ արտասահմանցի արտիստների հետ ծանոթանալն ու աշխատելը: Ստեղծագործող մարդն առհասարակ պետք է ճկուն լինի և անընդհատ վերափոխվելու ներուժ ունենա, որ անկախ վայրից ու իր հետ աշխատող անձնակազմից կարողանա ճիշտ ինքնաարտահայտվել:

Նշեմ նաև, որ բացի հյուրախաղերից՝ մեր իսկ նախձեռնությամբ և մեր աջակիցների օգնությամբ լինում ենք նաև ՀՀ մարզերում: Դա էլ փայլուն փորձառություն է, երբ հասկանում ես՝ որքան մեծ կարոտ ու կարիք ունի մարզի բնակիչը նման նախագծերի մասնակիցը դառնալու, բացահայտումներ անելու և կարծիքներ հայտնելու:

Այս ամենը մեզ տալիս են և´ ճանաչում, և´ մասնագիտական աճ՝ նոր որակ հաղորդելով մեր աշխատելաոճին ու մտածողությանը:

-Համացանցն օգնու՞մ է Ձեր թատրոնի գործունեությանը:

-Համացանցը՝ իր դրական ու բացասական կողմերով, մեր ժամանակների ամենատիպական իրողություններից է: Այն «փոքրացրել» է աշխարհը. բոլորը կարող են միմյանցից տեղեկացված լինել և հաղորդակցվել: Նույն համացանցի շնորհիվ BBC հեռուստաալիքն իմացել էր նախորդ տարի երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին և այցելել Հայաստան, որի շրջանակներում մեզ ևս անդրադարձան՝ որպես Հայաստանում ներառական պարային խումբ ունեցող թատրոն: Այդ նախագիծը բավական լայն արձագանք ստացավ, ինչը շատ հաճելի էր:

-Ինչու՞ է թատրոնը կոչվել Փոքր, և ի՞նչ առանձնահատկություններ ու առաքելություն ունի այն:

-Թատրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի մի մասն է դեռ 1970-ականներից: Ես այստեղ որպես գեղարվեստական ղեկավար աշխատում եմ 1997-ից: Եվ հենց այդ ժամանակ էլ անունը դրել եմ ՝ ելնելով զուտ տարածքի փոքր չափերից: Թե´ ԳԱԿ-ը, թե թատրոնը մեր հասարակություն բերում են յուրահատուկ գեղագիտական հոսանքներ: Իմ նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ, տարբերվող խաղացանկ, որն առավելագույն կառանձնանա երևանյան ներկայացումների ֆոնին՝ հանդիսատեսին տալով նոր էմոցիաներ և մտքեր: Ես միշտ ստեղծագործում եմ տարբեր ուղղություններով, որովհետև նախ ինձ է հետաքրքիր փորձարկել տարբեր ժանրեր ու ոճեր: Մենք ունենք և´ դրամատիկական, և´ մանկական, և´ պարային, և´ ստվերներով ներկայացումներ, և´ ֆիզիկական թատրոն: Այդ ամենը մեր խաղացանկը դարձնում է բազմաոճ, ինչն էլ մեր հաջողության գրավականն է: Հանդիսատեստը թատրոն է գալիս այդ ժանրային առանձնահատկությունների և բարձր որակի համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում փորձել եմ թատրոնի գործունեությունը մի քանի թևերի բաժանել՝ կրթական ծրագրեր (երեխաները մեր թատրոնի դրամատիկական ստուդիայում ծանոթանում են դերասանի մասնագիտությանը՝ հետագայում ներգրավվելով ներկայացումներում), խաղացանկային աշխատանք (բեմադրություններ, հրավիրյալ դերասաններ, ստեղծագործական երևակայություն), հինգ տարի առաջ Բրիտանական խորհրդի աջակցությամբ ստեղծված ներառական պարային խումբ, որտեղ ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստներ: Վերջին երկու տարիներին նաև աշխատում եմ ժամանակակից արվեստի հետաքրքիր դեմքերին հրավիրել Հայաստան՝ երիտասարդների համար վարպետության դասեր անցկացնելու: Գործունեության ոլորտները շատ լայն են, բայց մենք պատվով հաղթահարում ենք հանուն որակյալ ներկայացման:

-Ի՞նչն է միավորում Ձեր այդքան տարբեր դերասաններին:

-Ես մարդկանց միավորելու հատուկ բանաձև չունեմ, բայց ունեմ աշխատանքիս հանդեպ անհուն սեր ու նվիրում: Թատրոնն իմ կյանքն է, առանց որի ինձ չեմ պատկերացնում: Եվ այն մարդիկ, որոնք ինձ հետ կիսում են այս ապրումները, մնում են կողքիս: Անհատապես մեր բոլոր դերասանների մասին շատ պատմություններ կարելի է պատմել, հատկապես ֆիզիկական խնդիրներ ունեցողների, որոնց կյանքը 180 աստիճանով փոխվել է թատրոն մուտք գործելուց հետո, ինչպես և մերը: Համագործակցության սկզբում պատկերացում չունեինք մեր անցնելիք ճանապարհի մասին, իսկ այսօր արդեն պտուղներն ենք վայելում: Մեծ երջանկություն է տեսնել՝ ինչպես այդ մարդիկ, որոնցից շատերը ոչ մի մշակութային օջախում չէին եղել, սկսեցին ոչ միայն խաղալ մեր ներկայացումներում, այլև ճանապարհորդել դրանց շնորհիվ: Նրանք շատ կարծրատիպեր կոտրեցին մեր հանդիսատեսի մեջ: Այսօր ներառական ներկայացումներն ամենապահանջվածն են թատրոնում: Իմ համոզմունքներից է, որ ցանկացած ոք ինքն իրեն ամբողջությամբ կարող է արտահայտել բեմի վրա, ուստի մարդուն, որն ունի բեմ բարձրանալու, ինքնաարտահայտվելու ցանկություն, ես միշտ տալիս եմ հնարավորություն:

Նաև շատ հպարտանում եմ մեր թատրոնի ստուդիայում սովորող երեխաներով: Նրանք ինձ մեծ ուժ են փոխանցում՝ պարբերաբար հասկացնելով, որ ճիշտ գործ եմ անում: Զրույցներն ու քննարկումները, մեծերին անընդհատ բեմի վրա տեսնելը հետաքրքիր կապ է ստեղծում սերունդների միջև: Թատրոնում արդեն հինգերորդ սերունդն է աճում:

-Հաճախ հենց Դուք եք կատարում Ձեր բեմադրությունների նկարչական ձևավորումները: Ինչու՞:

-Դա կապված չէ նրա հետ, որ ամեն ինչ անպայման ես եմ ուզում անել, պարզապես երբ իմ մտապատկերում գծագրվում է ներկայացումը, ես նաև տեսնում եմ՝ ինչպիսի ձևավորում պիտի ունենա այն: Դրա համար հաճախ կարիք չի լինում ուրիշ նկարչի դիմել, չնայած եղել են շատ հաջող համագործակցություններ: Ես այնքան ամբողջական եմ տեսնում ներկայացումը, որ նույնիսկ լսում եմ՝ ինչպիսի երաժշտություն պիտի հնչի կամ ինչպիսի լուսային ձևավորում պիտի ունենա այն: Դրա համար մինչ օրս իմ բոլոր ներկայացումների լույսերը ես եմ վարում:

-Նախորդ տարի Դուք «Art Alive» (Շնչող արվեստ) նախագծի շրջանակներում Երևանի տարբեր թատրոններում ներկայացրեցիք արվեստի տարբեր ստեղծագործություններ բոլորովին նոր արտահայտչամիջոցներով: Մի փոքր պատմեք այս նախագծից:

-«Շնչող արվեստ» նախագիծը կյանքի կոչվեց Հայաստանում Ամերիկայի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ: Մենք վեց թանգարաններում ներկայացանք իմ հեղինակած վեց տարբեր բեմադրություններով: Թանգարանների այցելուների աչքի առաջ հանրահայտ կտավները կամ քանդակները կենդանանում էին: Այդ ներկայացումները մոտ հինգրոպեանոց բեմադրություններ էին, որ մեկ ժամվա ընթացքում անընդհատ կրկնվում էին: Մեկ շաբաթ ամեն օր հանդես եկանք մի թանգարանում՝ վերջում գրանցելով անհավանական քանակի հանդիսատես:

-Այժմ քանի՞ խաղացվող ներկայացում ունի թատրոնը, և առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:

-Ունենք յոթ խաղացվող ներկայացում: Այս տարի, քանի որ հաճախ ենք տարբեր ծրագրերով բացակայում երկրից, չենք կարողանում շատ խաղալ, ինչը հանդիսատեսը մեզ «չի ներում»:

Նախատեսում ենք վերականգնել մեր շատ սիրելի և մեծ հաջողություն բերած ներկայացումներից մեկը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը», որ բեմադրվել է տասը տարի առաջ: Միտք ունեմ անդրադառնալու Թումանյանի հեքիաթներին:

Գոյություն ունի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիր, որը եվրոպական երկրների միջև մշակութային համագործակցություններ է ստեղծում և տարբեր նախագծեր ֆինանսավորում: Հայաստանն անցյալ տարվանից իրավունք ստացավ միանալու այդ ծրագրին: Եվ պատվաբեր է, որ մեր թատրոնն առաջինն է մեր երկրից, որ հենց հիմա շատ հետաքրքիր մի նախագծի՝ ImPArt գործընկերներից է Գերմանիայի, Հունաստանի և Իտալիայի հետ: Նախագծի նպատակն է ստեղծել երեք բեմադրություններ, որ ամբողջությամբ հասանելի և մատչելի կլինեն բոլորի համար՝ անկախ ֆիզիկական խնդիրներից: Շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ առաջադրանք պիտի կատարենք: Աշխատանքներն արդեն սկսվել են, և սեպտեմբերին կլինեն ներկայացումների պրեմիերաները, որոնցից մեկի հեղինակը ես եմ: Մեծ ոգևորությամբ ենք սպասում այդ օրերին:

-Ի՞նչ հուզող խնդիրներ ունի այս պահին թատրոնը:

-Չեմ սիրում խոսել խնդիրներից, որովհետև թատրոնի առաքելությունն է մարսել դժվարությունները, վերածել ինչ-որ հետաքրքիր ստեղծագործության և մատուցել հանդիսատեսին: Միայն կասեմ, որ դժվարությունները շատ են և մեծ ջանքեր են պահանջում: Եթե չլինեին այդ խոչընդոտները, մեր աշխատանքն առավել արդյունավետ կլիներ: Խնդիրները պայմանավորված են նաև ընդհանուր թատերական համակարգի վատ վիճակով: Կարելի է ասել՝ այն ոչ միայն չի նպաստում ստեղծագործողների կյանքի բարելավմանը, այլև խոչընդոտներ է ստեղծում: Դրա համար լուրջ վերափոխումների, նոր մեխանիզմներ մշակելու կարիք կա: Ընդ որում աշխարհում բազում մոդելներ կան, և պետք է պարզապես լավագույն փորձը վերցնել, տեղայնացնել ու մի քանի տարում ազատվել խնդիրներից:

-Ո՞րն է Փոքր թատրոնի ասելիքի յուրահատկությունը:

-Թատրոնը մարդկանց գրավում է ոչ թե ասելիքով, այլ իր ստեղծած գերող մթնոլորտով և կախարդանքի ուժով: Ներկայացումն առաջնահերթ էմոցիոնալ ուժեղ ազդեցություն է թողնում, որից հետո միայն տեղ են հասնում ստեղծագործության մեջ թաքնված մտքերը:

-Պարոն Բադալյան, մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Ի՞նչ ցանկություններ կամ մաղթանքներ ունեք:

-Շատ կուզեի, որ թատրոնն ավելի մեծ տեղ գրավի մարդկանց կյանքում, որ բեմադրվեն մեր հասարակությանը հուզող թեմաներ, որ թատրոնը դառնա մարդկանց մտքերն ու զգացմունքներն արտացոլող հայելի: Փոփոխությունների շունչ, իհարկե, նկատվում է, հատկապես երիտասարդ ստեղծագործողների շրջանում: Մնում է հուսալ՝ համակարգային խնդիրներն արագ կլուծվեն, թատրոնների համար կգտնվեն հարուստ հովանավորներ, որոնք կցանկանան աջակցել այդ մշակույթի հանրայնացմանը, քանի որ թատրոնը շատ ծախսատար արվեստ է, և մասշտաբային ներկայացումներ ստեղծելու համար միշտ ներդրումներ են անհրաժեշտ:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: