Հայերեն   English   Русский  

Արցախի Խորհրդարանում ստեղծվել է «Արցախ-Կանադա» Բարեկամության խումբ


  
դիտումներ: 174

Այսօր՝ մարտի 27-ին, Արցախի Հանրապետության Խորհրդարանում ստեղծվել է «Արցախ-Կանադա» Բարեկամության խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած լիագումար նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում պատգամավոր Ռեյչել Հարդերի գլխավորությամբ Արցախի ժողովրդի հետ բարեկամական խումբ է ձևավորվել, որին մինչ այժմ միացել են 7 պատգամավորներ: Արցախի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնած Կանադայի գործընկերներին արդեն ԱՀ Ազգային ժողովի կողմից ուղարկվել է շնորհակալական նամակ:

Նրա խոսքով՝ հարաբերությունների հետագա ինստիտուցիոնալացման տեսանկյունից հաջորդ քայլը պետք է լիներ ԱՀ Ազգային ժողովում համապատասխան բարեկամական խմբի ստեղծումը: Այդ նպատակով մարտի 25-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ ընդգրկել Բարեկամական խմբում:

Բարեկամական խմբում ընդգրկված են «Հայրենիք» խմբակցության պատգամավորներ Ռամելա Դադայանը, Արարատ Օհանջանյանը, «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը, «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը և «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: