Հայերեն   English   Русский  

Կարծում եմ, որ Ազգային Ժողովում Իմ Քայլը խմբակցությունը պետք է հանդես գա Մեղրիի զորամասում տեղի ունեցածը դատապարտող և դրա քաղաքական գնահատականը տվող հայտարարությամբ


Խոսրով Հարությունյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 322

ՖԲ օգտատեր Շիրազ Խաչատրյանը իր էջում անդրադառնալով Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերին նշում է, որ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռևս չի նկատել քաղաքական իշխանությունների արձագանքը։

Օգտատերը գտնում է, որ Փաշինյանը պետք է խոսի այս առնչությամբ, թե չէ հանրության շրջանում էլ ավելի կխորանան այն կասկածներն ու թեզերը, որ ներկայումս միտումնավոր թուլացվում է բանակի կարգապահությունը ու իշխանություններն էլ անտարբեր են նման հարցերում։

Ըստ իս Շիրազ Խաչատրյանի այս հարցադրումը ճիշտ է և շատ կարևոր: Այսօր առավել կարևոր խնդիր, քան բանակում կարգապահության, հետևաբար և Բանակի մարտունակության ապահովումը չկա և չի կարող լինել: Այդ հարցը չի կարող չհայտնվել երկրի բարձրագույն ղեկավարի, իսկ պատերազմի ժամանակ՝ Գերագույն Գլխավոր Հրամանատարի, այսօրյա քաղաքական օրակարգում:

Այս ֆոնին առնվազն տարակուսելի է այն, որ օրերս ԱԺ նիստում իշխող մեծամասնության պատգամավորները իրենց հայտարարություններում, անընդունելի և դատապարտելի համարելով կառավարման միջին օղակի պաշտոնյաների վարքագիծն առ այն, որ վերջիններս (իրենց հասած տեղեկություններով) քաղաքացիների հետ շփումներում մեզանում առկա դժվարութունները ներկայացնում են որպես հեղափոխության կամ իրավիճակի փոփոխության հետևանք՝ վարկաբեկելով թավշյա հեղափոխությունը, չկարևորեցին և հարկ չհամարեցին անդրադառնալ ու գնահատական տալ Մեղրիի զորամասում տեղի ունեցած ճչացող դեպքերին: Ինչպե՞ս որակել իշխանության ներկայացուցիչների այդ կեցվածքը՝ քաղաքական փորձառության պակասի արդյունք թե՞ գիտակցված անտարբերություն:

Կարծում եմ, որ Ազգային Ժողովում Իմ Քայլը խմբակցությունը պետք է հանդես գա Մեղրիի զորամասում տեղի ունեցածը դատապարտող և դրա քաղաքական գնահատականը տվող հայտարարությամբ:
Այդ է պահանջում քաղաքական ողջամտությունն ու իշխանություն ստանձնելու պատասխանատվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: