Հայերեն   English   Русский  

​«Հայկական հարսանիք». Հովսեփ Պողոսյան


  
դիտումներ: 2942

Բուկինիստ գրախանութ-սրճարանում այսօր տեղի ունեցավ Հովսեփ Պողոսյանի «Հայկական հարսանիքը» գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացված է հայկական ավանդական հարսանիքը, դրա խորհրդանիշերի և հմայիլների բացատրությունները, ինչպես նաև ժամանակակից հարսանիքներում հիվանդ սովորույթների վերաիմաստավորման և ճիշտ կիրառման հուշումները:

Ազգագրագետները, պատմաբանները համոզված են, որ այն հնարավորություն կտա հատկապես նոր սերնդին ուսումնասիրելու, համեմատելու, նաև զարգացնելու հայ ժողովրդի ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը՝ հարսանեկան ծեսերը և սովորույթները:

Հեղինակ Հովսեփ Պողոսյանը նշեց, որ գրքի վրա աշխատելիս ուսումնասիրել են ազգագրական գրքերում նկարագրված Նոր-Ջուղայի, Գողթանի, Համշենի, Մուշի, Ջավախքի, Սասուն, Վանի, Զանգեզուրի, Գանձակի, Սիսիանի, Նախիջևանի հարսանիքները:Ըստ նրա՝ հայկական հարսանիքը՝խոսք ուզել, նշանդրեք, հարսնահանեք, եկեղեցի գնալ և այլն, վերոնշյալ բոլոր շրջաններում գրեթե նույն ծիսակարգերով են անցկացվել:

Հովսեփ Պողոսյանն ասաց՝ անգնահատելի է այն, ինչն արել են ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանի գլխավորությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի հայ ազգագրագետները, որոնք ջանք ու եռանդ չխնայելով մանրամասն հավաքել և նկարագրել են հայկական բոլոր շրջանների կենցաղն ու հավատալիքները: Նրանց գործը հատկապես կարևորվում է նրանով, որ աշխատել են պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ շփվելով իրենց բնօրրանում ապրողների հետ:

«Նրանց թողած այդ գանձարանի շնորհիվ էլ ստեղծվել է «Հայկական հարսանիքը» գիրքը»,- ասաց գրքի հեղինակը:

Պատմաբան, բարերար Գագիկ Աղաջանյանը, որն աջակցել է նաև գրքի հրատարակմանը, նշեց, որ ժամանակակից աշխարհումհայ ժողովուրդը կարողացել է պահպանել նախնիներից հասած ավանդույթները, ավելին, փորձում է նաև այդ սովորություններն ու ծեսերը կիրառել հարսանիքների ժամանակ:

«Իսկապես հարստություն է 3 մլն-անոցերկրում ունենալ բազմաթիվծեսեր և ծիսական արարողություններ: Բնական է, որ գլոբալիզացիայի դարումաստիճանաբար այդ ծեսերը կորելու են, բայց այս աշխատությունը ոչ միայն ազգագրագետներին ու պատմաբաններին, այլև ապագա սերունդներին հնարավորություն կտա ուսումնասիրել հայ ժողովրդի ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը՝ հարսանեկան ծեսերը և սովորույթները: Սա մի աշխատություն է, որին կանդրադառնան նաև 100, 200 տարի հետո»,- ասաց Գագիկ Աղաջանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: