Հայերեն   English   Русский  

​«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» բնագրային թարգմանությամբ դրվեց հայ ընթերցողի սեղանին


  
դիտումներ: 2895

Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը բնագրային թարգմանությամբ դրվեց հայ ընթերցողի դատին: Ռեմարկի այս շքեղ ստեղծագործությունն առաջին անգամ է ամբողջությամբ հայերեն թարգմանվում և այն էլ ոչ միջնորդ լեզվի միջոցով: Գերմաներենից թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»:

«Սա հեղինակի՝ իմ թարգմանությամբ չորրորդ գիրքն է: Մինչ այդ թարգմանել եմ «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը: «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» ստեղծագործությունը Ռեմարկի ամենահաջողված վեպերից է, ներկայացնում է հեղինակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ստացած տպավորությունները»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Վանուհի Բաղմանյանը: Նա հավելեց, որ գրքի վերնագրով հեղինակը ցանկանում է ասել, որ կյանքը ոչ միայն ողբերգական իրադարձություններով է հագեցած, այլև վառ գույներով:

Գունամտածողությունը, Վանուհու հավաստմամբ, առհասարակ բնորոշ է Ռեմարկին։ Թարգմանիչը փաստում է՝ այս վեպն իր համար դեղնակարմիր գույն ուներ. կարմիրը՝ միլիոնավոր մարդկանց թափած արյան խորհրդանիշն էր, դեղինը՝ լույսի, կրակի։

Շնորհանդեսի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն անդրադարձավ հրատարակչության՝ Ռեմարկի բոլոր հիմնական գործերը բնագրից՝ գերմաներենից հայերեն թարգմանելու նախաձեռնությանը: Նա հատուկ ընդգծեց, որ Ռեմարկի ևս 8 վեպ շուտով հայերեն է թարգմանվելու: Այնպես որ հայ ընթերցողին առաջիկայում բազում անակնկալներ են սպասում:

Նշենք, որ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները: Պատերազմի սկզբում գերմանական զորքը Ռուսաստանում մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր գրանցել՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին: Հետո ասես կախարդական ինչ-որ ուժով դերերը փոխվել էին: Մահ, սով, մինչև ոսկորները թափանցող ցուրտ ու մեծ արագությամբ նոսրացող շարքեր: Հենց այստեղ էլ վեպի գլխավոր հերոսը՝ 23-ամյա Էռնստ Գրեբերը, սկսում է այլ կերպ նայել կյանքին ու շուրջը կատարվող իրադարձություններին ու հասկանում է, որ հակառակ կողմում ևս կանգնած են ամենասովորական ցանկություններն ու երազանքներն ունեցող ամենասովորական մարդիկ, որոնց ևս տանը սպասողներ կան: Հայրենասիրական բուռն ճառերով իրենց համոզել էին, որ պետք է անողոք լինել թշնամու հանդեպ ու ամեն գնով պայքարել հանուն հայրենիքի: Իսկ թե ինչ էր պատահել, ով էր մեղավոր, և ով էր սկսել պատերազմը, միևնույն էր: Գրեբերն ու զինակից ընկերներն արդեն հասկանում էին, որ պատերազմը տանուլ են տվել, և պայքարը շարունակվում էր միայն հանուն նրա, որ մի քանի ստախոսներ, չարաշահողներ ու մոլեռանդներ կարողանային մի տարի ավելի իշխանության գլուխ մնալ: Գիտեին, բայց ոչինչ անել չէին կարող…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: