Հայերեն   English   Русский  

Արտակ Ստեփանյան. «Կփորձենք գերազանցել ամառային խաղերին գրանցած հաջողությունները»


  
դիտումներ: 1007

Մարտի 8-22-ն Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից հայկական մարզիկները վերադարձան հաղթանակներով. Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող) գերազանց հանդես եկան՝ նվաճելով երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի խորհրդի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայի բաժնի պետ Արտակ Ստեփանյանն Անկախի հետ զրույցում խոսում է մեր մարզիկների ցուցաբերած արդյունքների, մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառման մասին՝ այս հարցում մասնավորապես կարևորելով հանրության իրազեկման և ներգրավման աշխատանքները:

-Պարոն Ստեփանյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունն Աբու Դաբիում հրաշալի հանդես եկավ. 190 երկրի 7500 մարզիկների մասնակցությամբ անցկացված խաղերում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին:

Հայկական հատուկ օլիմպիադաներ 2019

- «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի նախագահ Արտակ Իսրայելյանն ինձ վստահեց պատվիրակությունը ղեկավարելու պատասխանատու գործընթացը: Ուրախ եմ, որ մեր մարզիկները պատվաբեր հաղթանակներ տոնեցին:

Երբ Գևորգ Մանուկյանը մարտի 18-ին հեռացատկ թափավազքով ձևում գրավեց 3-րդ տեղը և արժանանացավ բրոնզե մեդալի, մեր ոգևորությունն անսահման էր: Նույն օրը 100մ վազքում նա նվաճեց նաև ոսկե մեդալ։ Հաջորդ օրը Ռոբերտ Պետրոսյանը ևս մեկ ոսկե մեդալ բերեց Հայաստանին՝ 50մ թիկնալող ձևում գրավելով առաջին տեղը:

Ցանկանում եմ անպայման նշել, որ կամավոր մարզիչներ Էրիկ Մարտիրոսյանի (աթլետիկա) և Հմայակ Հայրապետյանի (լող) անձնվեր ու անգնահատելի աշխատանքի, թիմի բժիշկ Լիանա Թորոսյանի շնորհիվ մեր մարզիկները պատվով ներկայացան մարզական այդ մեծ միջոցառմանը:

Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին հայ մարզիկների ունեցած հաջողությունները ոչ միայն ոգևորում են, այլև հնարավորություն են ընձեռում վերագնահատելու սեփական ներուժն ու առաջիկա անելիքներն այս խոցելի ոլորտում:

-Աբու Դաբիում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն աչքի ընկան իրենց կազմակերպվածությամբ և բազմապիսի միջոցառումների լայն մասշտաբով:

-Իսկապես ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, հաշվարկված էին բոլոր մանրուքները՝ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Երկրների պատվիրակությունների ղեկավարները Աբու Դաբի էին ժամանել խաղերի մեկնարկից 3 օր առաջ՝ կազմակերպչական հարցերին, մրցումների անցկացման ընթացակարգերին, երկրի ավանդույթներին ծանոթանալու համար:

Բացի մարզական միջոցառումներից պատվիրակությունները մասնակցեցին նաև մշակութային մի շարք միջոցառուների: Մշակութային հանդիպումներ տեղի ունեցան կրթական հաստատություններում: Մենք եղանք այն դպրոցում, որտեղ հայտարարված էր Հայաստանի օր: Ուրախալի է, որ դպրոցականները ծանոթ էին Հայաստանի պատմությանը, մշակույթին, դիտարժան վայրերին: Այդ ամենը նրանք ներկայացրին նկարների և գործնական խաղերի տեսքով:

Հայկական հատուկ օլիմպիադաներ 2019

- Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերը հնարավորություն ընձեռեցին ձեռք բերելու փորձի փոխանակման պայմանավորվածություններ միջազգային գործընկերների, տարբեր երկրների հետ:

- Հատուկ օլիմպիադաներին մասնակցությունը լավ առիթ էր միջազգային գործընկերների հետ արդյունավետ հանդիպումներ անցկացնելու համար: Գերմանիայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների հետ ձեռք բերվեցին փորձի փոխանակման պայմանավորվածություններ:

Արդեն իսկ առավել մեծ սպասումներ ունենք 2021 թվականին Շվեդիայում կայանալիք հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից: Կփորձենք գերազանցել ամառային խաղերին գրանցած հաջողությունները: Արդեն իսկ պետք է սկսենք պատրաստվել և գործնական քայլեր ձեռնարկել՝ ավելի մեծ թիմով մասնակցելու համար:

Հարկավոր է ամեն ինչ անել և մասնավոր կարող ուժեր ներգրավել՝ ֆինանսներ ձեռք բերելու համար: Մեր երկրում շատ կան նման երեխաներ: Ծնողները դեռևս խուսափում են ներառել նրանց հասարակության մեջ:

-Ի՞նչ եք կարծում, հասարկությունը պատրաստ է լիարժեք ընդունել, ճիշտ մոտեցում ցուցաբերել նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին:

- Հարկավոր է նոր թափ ու ուժ հաղորդել կամավորական նախաձեռնություններին, որոնք ամբողջ աշխարհում մեծապես նպաստում են մարզական միջոցառումների միջոցով մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառմանը:

Ժամանակի ընթացքում ծնողներն ադապատանում են և ադապտացնում երեխաներին, ասպարեզ են հանում, թողնում են, որ նրանք շփվեն, հաղորդակցվեն, ինտեգրվեն հասարակությանը:

Անշուշտ, հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի և ընդունի: Մենք կարող ենք լուրջ արդյունքների հասնել հատկապես մարզախաղերի միջոցով՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ: Առաջընթաց կա. ծնողները ցանկանում են, որ երեխաները զբաղվեն սպորտով: Սահմանազատում չպետք է լինի: Ունենք երեխաներ, որոնք հրաշալի ցուցանիշներ են ցույց տալիս: Հարկավոր է համատեղ միջոցառումներ անցկացնել:

Նշեմ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, մասնավորապես

Հայկական հատուկ օլիմպիադաներ 2019

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի, Մարզախաղերի ամբիոնների ուսանողները, կամավորական աշխատանքների իրականացման լավ փորձ ունեն, մշտապես մեծ պատրաստակամությամբ մասնակցում են «Հայկական հատուկ օլիմպիադաների» անցկացրած մարզական միջոցառումներին: Արդեն ուրվագծված են բուհի և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի համագործակցության նոր ուղիները, որոնք կմիավորեն մասնագետների ջանքերն առանց սահմանափակումների և արգելքների մարզական հասարակություն ձևավորելու ուղղությամբ: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետնի հաստիք պետք է անպայման լինի դպրոցներում և մարզադպրոցներում: Այդ առումով շատ կարևոր է ռեալիզացնել ֆիզկուլտուրայի ինստիտուտի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի, Մարզախաղերի ամբիոնների ներուժը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: