Հայերեն   English   Русский  

Հաղթանա՞կ, թե՞ պարտություն․ 51 տոկոս քվե ողջ երկրում, սակայն պարտություն 3 խոշորագույն քաղաքներում


  
դիտումներ: 1100

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են հակասական արդյունքներով։ Թեև «Ազգային դաշինք» քաղաքական միավորումը, որի առաջատար ուժը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, ստացել է քվեների շուրջ 51 տոկոսը, սակայն լուրերի գլխագրերը խոսում են իշխող կուսակցության պարտության մասին․ երկրի երեք խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, նախնական տվյալներով հաղթել են ընդդիմադիրները։

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել 81 նահանգներում, ընտրվել է 1389 համայնքապետ և տեղական խորհուրդների մի քանի հազար անդամ։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ուներ 57 մլն-ից ավելի ընտրող։ Քվեարկել է մոտ 84,52 տոկոսը։ Հիմնական պայքարն ընթացել է երկու քաղաքական դաշինքների միջև՝ էրդողանական «Ազգային դաշինք» («Արդարություն և զարգացում» կուսակցություն և Ազգայնական շարժում կուսակցություն) և քեմալական ընդդիմադիր «Ժողովրդի դաշինք» (Ժողովրդահանրապետական կուսակցություն և «Լավ» լուսակցություն)։ Իշխող կուսակցությունը հաջողության է հասել 40 նահանգներում։ 20 նահանգներում հաջողել են Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները, 12 նահանգներում՝ Ազգայնական կուսակցությունն է հաղթանակել։

Ընտրություններն էլ բավականին լարված են անցել․ արձանագրվել է 4 զոհ, որոնցից երկուսը ընտրություններին նախորդող օրվա ընթացքում, երկուսն էլ՝ ընտրությունների օրը, 73 վիրավոր։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ թեև երեք խոշորագույն քաղաքներում իշխող կուսակցությունը պարտություն է կրել, սակայն երկրի մասշտաբով քվեների մեծամասնությունը ստացել է Էրդողանի կուսակցությունը։ Հետևաբար չի կարելի պնդել, որ սա պարտություն էր Էրդողանի և նրա կուսակցության համար։ «Բայց կարելի է ասել, որ սրանք փոքր հաղթանակներ էին ընդդիմադիրների համար, որոնք տարիներ անց կարողացան 3 կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքներում թվային առվելություն ստանալ։ Իհարկե, դեռ վերջնահաշվարկ է պետք, հաշվի առնելով թուրքական իրականությունը չեմ բացառում, որ Ստամբուլում, որտեղ շատ զգայուն իրավիճակ է, փոփոխություններ լինեն»,- ասում է նա։

Իսկ Ստամբուլում երկու թեկնածուների քվեների տարբերությունը շուրջ 2-3 հազար է, քվեների 99 տոկոսի հաշվարկից հետո ձայների հաշվարկը Ստամբուլում դադարեցվել է։ Ընդդիմությունը պնդում է, որ այսպիսով իշխանությունները փորձում են իրենցից խլել հաղթանակը։

Նշենք, որ 1994-ից ի վեր, երբ Էրդողանն ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, իշխող կուսակցությունն այս քաղաքում երբևէ պարտություն չէր արձանագրել։ Իսկ ԱԶԿ-ն քաղաքական ասպարեզում գերիշխող է արդեն 16 տարի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ այս ընտրությունները որոշիչ են երկրի և իր կուսակցության գոյատևման տեսանկյունից։

Սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն էին այն բանից ի վեր, ինչ Էրդողանը իրավասությունների լայն շրջանակ ստացավ նախորդ տարվա նախագահական ընտրություններում։ Այս ընտրությունները դիտարկվում էին որպես վստահության քվե ներկա նախագահ Էրդողանի նկատմամբ։

Հաղթանա՞կ, թե՞ պատրություն․ նայած, թե որ կողմից ենք դիտարկում

Գևորգ Պետրոսյան

Մեկնաբանելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ Գևորգ Պետրոսյանը նշում է, որ դրանք սպասելի էին։ «Ինչո՞ւ։ Որովհետև Էրդողանի քաղաքական հաջողությունները մեծապես կախված են եղել ոչ այնքան ազգայնական տրամադրություններից կամ իր վարած պահպանողական, իսլամամետ քաղաքականությունից, այլ պայմանավորված են եղել երկրի տնտեսական զարգացումով։ Իսկ տնտեսական զարգացումը վերջին տարիներին դանդաղել է, տարբեր ոլորտներում առկա են լուրջ խնդիրներ, Թուրքիայում բավականին մեծ գնաճ է, լիրան արժեզրկվում է։ Թուրքիայի շարքային քաղաքացու գրպան սկսել է ավելի քիչ գումար մտնել և ավելի շատ դուրս գալ։ Իսկ ընտրողների համար, գաղափարական կողմերից զատ, մեծ նշանակություն ունի երկրի տնտեսական վիճակը և անձամբ իրենց տնտեսական, ֆինանսական բարեկեցությունը,- ասում է նա։- Թուրքիայում վերջին տարիներին արձանագրված շարունակական տնտեսական անկումը և շարքային քաղաքացիների վրա դրա զգալի անդրադարձը նման իրավիճակի հիմքեր էր ստեղծում»։ Թուրքագետը նշում է, որ Էրդողանն ու իր քաղաքական թիմը քաջ գիտակցում էին իրողությունը, պատահական չէ, որ երկրի նախագահն անձամբ օրական մի քանի հանրահավաքի էր մասնակցում ողջ քարոզարշավի ընթացքում։

«Ակնհայտ էր՝ հասկանալով, որ ներկայում խնդիրներ ունի իրենց քաղաքական ուժը, փորձում էին այդպես ձայների բարձր տոկոս ապահովել»,- ասում է Պետրոսյանը։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններն այդչափ կարևորելու դրդապատճառներին՝ Պետրոսյանն ասում է, որ Թուրքիայում ՏԻՄ մարմինների աշխատանքը հետագայում մեծ ազդեցություն է ունենում համապետական ընտրությունների վրա, հետևաբար այստեղ մի ընտրությունում հաջողությունը կամ ձախողումը ազդում է մյուս ընտրությունների վրա։

Թուրքագետն առաջարկում է ընտրությունների արդյունքները նաև այլ տեսանկյունից դիտարկել։ «Կարելի է ասել, որ սա Թուրքիայում ստեղծված ընդհանուր ներքին տնտեսական, քաղաքական մթնոլորտի պարագայում ամենևին էլ վատ արդյունք չէ «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, այսինքն կարելի էր սպասել նաև ավելի բացասական զարգացումներ»,- ասում է նա։

Էրդողանի արձագանքը

Ընտրություններից հետո Էրդողանը հայտարարել է, որ եթե երկրում կան խնդիրներ, ապա ինքը և իր կուսակցությունը պարտավոր են դրանք լուծել։ Խոսելով Անկարայի մասին՝ նա շեշտել է՝ անգամ եթե մարդիկ իրենցից (ԱԶԿ-ից) վերցրել են քաղաքապետի աթոռն, ապա միևնույն է, իրենց են վստահել շրջանները։

Էրդողանը խոստացել է ուշադրությունը կենտրոնացնել Թուրքիայի տնտեսության վրա մինչև հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2023 թվականին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: