Հայերեն   English   Русский  

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին


  
դիտումներ: 761

Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին եւս «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ,

դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաեւ ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի եւ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաեւ Արցախի Հանրապետությունում՝ նույն ձեւաչափով ու նույն սկզբունքներով:

Փառատոնն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր:

Նախորդ տարիների նման՝ 2019-ին եւս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Ի դեպ, այս փառատոնը նաեւ օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երեւան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետեւի տեսազանգի օգնությամբ:

Իսկ ապրիլի 16-ին Երեւանում «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա «Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ «Մշակույթ եւ հասարակական գիտակցություն»› թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթան հանդիսանալ դասական, ազգային արվեստի եւ մշակույթի մասսայականացման ճանապարհին, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ համագործակցային այլ կապեր, օտարազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նաեւ գիտամանկավարժական փորձի փոխանակման օրինակելի եւ լավագույն հարթակն է:

2007 թվականից սկսած առանց դադարի այս փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր երաժիշտ-կատարողների: 12 տարի անդադար «Արտ Վերածնունդ»-ը ծառայեց իր նպատակին եւ որդեգրած սկզբունքներին՝ աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ երաժիշտների, երգիչ-երգչուհիների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: