Հայերեն   English   Русский  

​Սա այն թատրոնն է, որ բաց է ցանկացած ստեղծագործողի համար.Լյուդվիգ Հարությունյան


  
դիտումներ: 779

Այսօր` ապրիլի 1-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմի ընդհանուր հանդիպման ժամանակ դերասանները ասացին,

որ տնօրենի առաջիկա ընտրության ժամանակ միասնական թեկնածու կլինի:

Աճեմյանցիները որոշեցին թատրոնի տնօրենի մրցույթում առաջադրել թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությունը, որը ԺՊ–ի պարտականությունները ստանձնել է նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին անցնելուց հետո։ Մրցույթը նախատեսված է ապրիլ 26-ին։

«Մենք մեր թեկնածուն ունենք, ու սա արվում է թատրոնը հետագա ավելորդ ցնցումներից պաշտպանելու համար: Գեղարվեստական ղեկավարի ու արդեն նախկին տնօրենի շնորհիվ այս երկու տարիների ընթացքում մեր թատրոնի մասին բոլորն իմացան»,- իր խոսքում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը:

Թատրոնի դերասանները վստահեցրին՝ այսպես գործելու իրենց պատճառներն ունեն, որովհետև 2 տարի առաջ թատրոնի տնօրենի համար թեկնածուներ էին հայտնվել ոչ թատրոնից:

«Կարիք չկա ներկայացնելու թատրոնի վիճակը, թատրոնի մասին գիտեն և՛ նախարարությունում, և’ իշխանություններում, թե ինչպիսի մթնոլորտում է աշխատում, ինչ բարձրունքների, ինչ սանդղակի է հասել։ Ճիշտ է՝ թատրոնը օրենք չունի, բայց չգրված օրենքով մեր աչքի առաջ կա թատրոն, որտեղ և՛ գեղարվեստական ղեկավարը, և՛ տնօրենը նույն մարդն է։ Որպեսզի ավելորդ ցնցումներ, ավելորդ խժդժություններ, պառակտումներ չլինեն թատրոնում, մենք առաջարկում ենք այն մարդուն, որն ավելի քան երկու տարի տնօրենի կողքին լինելով որպես գեղարվեստական ղեկավար՝ թատրոնը հասցրել է բարձր սանդղակի։ Մեր թեկնածուն միանշանակ Լյուդվիգ Հարությունյանն է»,-նշեց վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը։

Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ տնօրեն ընտրվելու դեպքում թատրոնի գեղարվեստական աշխատանքները չեն տուժի:

«Սա այն թատրոնն է, որն այս 2 տարվա ընթացքում ապացուցեց, որ բաց է ցանկացած ստեղծագործողի համար, իսկ եթե իմ՝ տնօրենի պաշտոնին անցնելու դեպքում ընտրության անհրաժեշտություն լինի, ապա թատրոնում շատ լավ ռեժիսորներ կան, որոնք կկարողանան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել»,– ասաց նա:

Հարությունյանը նաև նշեց, որ իրենք որևէ մեկին չեն արգելում մասնակցել մրցույթին, բայց իրենք անհանգստություն ունեն, որ հանկարծ նորից կփորձեն խանգարել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Երևանի ավագանու որոշմամբ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Հարությունյանը զուգահեռ կատարել է նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: