Հայերեն   English   Русский  

​Ո՞ւր կորավ «Աշխարհի փրկիչը». Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը չեն գտնում


  
դիտումներ: 1306

Աբու Դաբիի նոր թանգարանում նոյեմբերին պետք է ցուցադրեին պատմությանը հայտնի ամենաթանկ նկարը՝ «Աշխարհի փրկիչը»: Մինչդեռ թանգարանի աշխատակիցները պատմել են New York Times թերթին, որ չգիտեն, թե որտեղ է գտնվում կտավը:

2017 թ. դեկտեմբերի սկզբին Աբու Դաբիի Լուվրը հայտարարեց թվիթերում, որ ձեռք է բերելու «Աշխարհի փրկիչը»: Նկարի հեղինակի վերաբերյալ երկար բանավեճերից հետո 2011 թ. արվեստաբանների և հետազոտողների կոնսորցիումը եկել է այն եզրակացության, որ դա Լեոնարդո դա Վինչիի գործն է:

Կտավը պետք է ցուցադրեին Աբու Դաբիում սեպտեմբերի 18-ին: Սակայն սեպտեմբերի սկզբին թանգարանը հետաձգեց նկարի ցուցադրությունը և չբացատրեց պատճառը:

Մարտի 30-ին New York Times թերթը, հղում անելով Աբու Դաբիի Լուվրի անանուն աշխատակիցներին, հայտնել է, որ նրանք ոչինչ չգիտեն նկարի գտնվելու տեղի մասին: Փարիզի Լուվրը, որ թույլ է տվել օգտագործել իր անունը Աբու Դաբիի թանգարանին, նույնպես չգիտի, թե որտեղ է «Աշխարհի փրկիչը»:

Այնինչ Ֆրանսիայի իշխանությունները նախկինի պես նախատեսում են «Աշխարհի փրկիչն» ընդգրկել Լուվրի նշանավոր ցուցահանդեսում ի պատիվ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին: Այն նշանակված է 2019 թ. աշնանը:

Իշխանությունների ներկայացուցիչները դեռևս հույս ունեն, որ նկարն ինչ-որ տեղից կհայտնվի: Սակայն Լուվրի պաշտոնական ներկայացուցիչները հրաժաըվել են մեկնաբանություններ տալուց:

Ինչպես Լեոնարդոն հայտնվեց Արևելքում

2017 թ. նոյեմբերին նկարը վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդի տանը 450 մլն ԱՄՆ դոլարով: Այդ գումարը ռեկորդային դարձավ երբևէ աճուրդով կամ մասնավոր կարգով վաճառված արվեստի ստեղծագործությունների համար:

Գնորդն աճուրդին մասնակցեց հեռախոսով և նախընտրեց անանուն մնալ: New York Times-ի ունեցած տեղեկությամբ՝ դա Վինչիի գլուխգործոցի ռեկորդային գինը վճարել է սաուդյան արքայազն Բադեր բին Աբդուլլա բին Մուհամմեդ բին Ֆարհան ալ-Սաուդը: Նա թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի ընկերն ու բիզնես գործընկերն է:

Ուրիշ տվյալներով, ինչպես նշում է Journal du Dimanche շաբաթաթերթը, երկու ներդրումային ֆիրմաները գործարք են կնքել մի քանի խոշոր թանգարանների հետ և հետ են գնել նկարը: Նրանք իբրև թե ծրագրել են նկարը վարձույթով տալ կամ վաճառել Մերձավոր Արևելքում կամ Ասիայում:

Թե ինչպես են Աբու Դաբիում նախատեսել սաուդցիներից ստանալ նկարը, անհայտ է: Ուստի, ինչպես նշում է թերթը, ըստ պտտվող լուրերի, թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կարող էր նկարը պահել իր մոտ: Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Նկարի մշուշոտ գտնվելու վայրը և ապագան անհանգստացնում են Լեոնարդո դա Վինչիի արվեստի մասնագետներին և վերստին մեջտեղ բերում նկարի բնօրինակ լինելու հարցը:

Փորձագետ Ժակ Ֆրանկը նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակ, որում կասկածի տակ է դնում նկարի բնօրինակ լինելը:

«Աշխարհի փրկիչը» միակն է Լեոնարդո դա Վինչիի մոտ երկու տասնյակ նկարներից, որ մինչ այժմ գտնվել է մասնավոր հավաքածուներում: Ենթադրաբար այն նկարվել է մոտ 1505 թ.: Հետազոտողները ենթադրում են, որ նկարը որոշ ժամանակ պատկանել է Անգլիայի Կառլ Առաջին թագավորին: Նկարը Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանելու հարցը մինչ օրս կասկածներ է հարուցում փորձագետների շրջանում:

Նկարի վաճառքի պատմությունը սկսվել է 1958 թ., երբ այն վաճառվել է աճուրդով Լոնդոնում 60 ԱՄՆ դոլարով, քանի որ համարվել է դա Վինչիի հետևորդներից մեկի աշխատանքը: Հետագա մի քանի տասնամյակների պատմությունը քիչ է ուսումնասիրված: Միայն 2005 թ. նկարը կրկին հայտնվեց շուկայում և մեծ հետաքրքրություն առաջացրեց որպես «կորած Լեոնարդո»:

Մինչև 2011 թվականը պաշտոնապես համարվում էր, որ դա իտալացի վարպետի կորած նկարի կրկնօրինակն է, որ կատարել է նրա աշակերտներից մեկը: 2011 թ. արվեստաբանների և հետազոտողների կոնսորցիումը եկավ այն եզրակացության, որ դա իրականում դա Վինչիի գործն է: Նույն տարին այն ցուցադրվեց Լոնդոնում՝ Ազգային պատկերասրահում, որպես նշանավոր իտալացի վարպետի աշխատանք:

2013 թ. ռուս միլիարդատեր-հավաքորդ Դմիտրի Ռիբոլովլևը ձեռք բերեց նկարը 127,5 մլն դոլարով, իսկ 2017 թ. Ռիբոլովլևների ընտանիքի վստահորդը աճուրդի հանեց այն Նյու Յորքում:

Տեղափոխման լուրերը

New York Times-ը պատմում է նկարի գտնվելու վայրի ևս մի վարկածի մասին:

Անանուն աղբյուրը, որ ծանոթ է նկարի վաճառքի մանրամասներին, պատմել է թերթին, որ կտավը վճարվելուց հետո ուղարկվել է Եվրոպա: Նյու Յորքի կերպարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Դիանա Մոդեստինին, որ զբաղված է եղել «Աշխարհի փրկչի» պահպանմամբ, նույնպես հայտնել է, որ նկարների վերականգնման փորձագետ Դանիել Ֆաբիանից լսել է, որ նրան անցած աշնանը խնդրել են Ցյուրիխում գնահատել կտավը: Գնահատումն անհրաժեշտ էր հետագա տեղափոխությունից առաջ: Սակայն գնահատումը չեղարկվել է, և այժմ փորձագետը հրաժարվում է մեկանաբնություն տալուց:

Դրանից հետո, ինչպես ասել է Մոդեստինին, նկարի հետքն անհետացել է:

Աղբյուրը՝ bbc.com





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: