Հայերեն   English   Русский  

Իսկ թե լցվի համբերության բաժակը՝ չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին,ապրիլյան պատերազմի մասնակից


  
դիտումներ: 451

Այսօր լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը, որն առիթ է կրկին հիշելու և մեծարելու մեր այն հերոս դիրքապահ զինծառայողներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հողը հայրենի, և նրանց, ովքեր անվեհեր ու աննկուն՝ անառիկ պահեցին մարտական դիրքերը:

Օրացույցի մեջ այս մի ապրիլն էլ արյան գույն ներկվեց, ու ամիսն ամբողջ վշտով ողողվեց: Այդ դաժան օրերին՝ լայնածավալ հարձակողական գործողությունների ժամանակ, հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Համայն հայության հուզող խնդիրն Արցախն է. բնականաբար, քառօրյա պատերազմը պատճառ հանդիսացավ, որ համախմբվեն նրանք, ովքեր անտարբեր չեն հայրենիքի ճակատագրի հանդեպ: Կամավորականների հոսքը դեպի Արցախ չէր դադարում: Նպատակը մեկն էր՝ գնալ առաջնագիծ ու հարկ եղած դեպքում տալ արժանի հակահարված: Կամավորականների գերակշիռ մասն արցախյան ազատամարտի թոհուբոհով անցած ու բազմաթիվ հաղթանակներ կռած վետերաններն էին՝ Արցախի ազատամարտիկների միության ու Հայաստանի ՙԵրկրապահ կամավորականների միության՚ ներկայացուցիչները: Սակայն, անմասն չմնաց նաև երիտասարդ սերունդը: Մեր զրուցակիցը 25-ամյա Արթուրն է, , ով 12 տարեկան հասակում, դժբախտ պատահարի պատճառով, կորցրել է ձախ ձեռքը: Հիշում է…

-Այդ օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծացել էր, թշնամին օգտագործում էր ՙՄՄ21՚(գրադ), ամենատարբեր տրամաչափի հրետանային ՙՏՈՍ-1՚ համակարգ, տանկեր և այլ տիպի զրահատեխնիկա: Համացանցում ընթերցելով այս ու նմանատիպ նյութեր, ես անմիջապես որոշեցի կանգնել մեր զինվորի կողքին, թեպետ զենքին չէի տիրապետում: Բայց համոզված էի, որ ինձ համար էլ աշխատանք կգտնվի: Եկել է այն պահը, երբ ես իմ բաժին պարտքը պետք է տամ հայրենիքիս, զինվոր դառնամ, չէ՞ որ իմ երակներում ևս Վարդանի արյունն է հոսում,- պատմում է Արթուրը: Նա, բնականաբար, չկարողացավ ժամկետային զինծառայության անցնել և հայրենիքի պաշտպանության գործին իր մասնակցությունն ունենալ:

Այն, որ Արթուրն այդ օրերին որոշեց կամավորագրվել՝ դեմ էին բոլորը՝ ընտանիքը, հարազատները, ընկերները:

-Մա՜մ, գնում եմ, գիտե՞ս, գնում եմ հայրենիքս պաշտպանեմ: Քո տղան զինվոր է դառնում, մա՜մ,-անդրդվելի էր որդին:

Մայրը լացակումած լսեց տղայի խոսքերը, հետո գրկեց նրան և աղերսագին խնդրեց.

-Չէ՜, տղա՜ս, քեզ համար դժվա՜ր կլինի, մի՜ գնա:

-Չէ՜, մա՜մ, էլ ինչպե՞ս հատուցեմ հայրենիքիս նկատմամբ պարտքս: Մա՜մ, հետ կդառնամ: Մա՜մ, դու էլի ինձ կգրկես, էլի լաց կլինես, բայց՝ ուրախությունից,- հորդորում էր որդին:

-Չէ՜, տղա՜ս, եղբայրդ, հայրդ պաշտպանում են մեր հայրենիքը… վախենում եմ … մի՜ գնա,-չէր հանդարտվում մայրը:

-Մա՜մ, կտեսնե՜ս, ես կգամ: Մա՜մ, ազգս ինձանով է հպարտանալու: Քո տղան հետ կգա, լաց մի՜ լինի, մա՜մ,- համոզում էր որդին: Եվ նա գնաց:

Արթուր Սարուխանյանն ընտանիքի միջնակ որդին է: Փոքրը՝ քույրը, սովորում է Ստեփանակերտի «Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ»-ում մեծը՝ եղբայրը, ծառայում է հայոց բանակի շարքերում՝ ավագ լեյտենանտ է: Հայրը՝ Գուրգենը, քառօրյա պատերազմի ժամանակ, նույնպես կամավորագրվեց և անցավ սուրբ պարտականության կատարմանը:

-ՙԼՂՀ վետերանների միություն՚-ը կտրականապես հրաժարվում էր կամավորագրել ինձ: Ախր հայրենիքս ինձ է սպասում, չեմ կարող չգնալ: Զինվոր դառնալը հայի համար առաքելություն է, թույլ տվեք առաքելությունս կատարեմ: Հայրս, եղբայրս թիկունք թիկունքի տված՝ կռվում են: Հայրենիքս նաև ի՜մ օգնության կարիքն ունի… Դժվարությամբ, բայց ինձ հաջողվեց համոզել,- վերհիշում է Արթուրը, ում սիրտն ու հոգին լեցուն է հայրենասիրությամբ:

Ապրիլյան այդ դաժան օրերին վտանգի մեջ էր Արցախ հողակտորս, և հայ աննկուն զինվորները թև ու թիկունք դարձած՝ կռվում էին: Կռվում էին անձնազոհ՝ հավերժության մատյաններում ոսկե տառերով գրելով իրենց անունները: Ցավոք, թանկ զոհերը շատ էին…Մեր հողը կրկին արյամբ ողողվեց…

Արթուրը մասնակցեց հյուսիսային ուղղությամբ ընթացող ռազմագործողություններին:

-Տասնյակ զոհեր ունենալուն զուգահեռ, մենք ինքներս բազմաթիվ ֆիզիկական ու ռազմատեխնիկական վնասներ հասցրեցինք թշնամուն: Ադրբեջանն ունենալով ավելի մեծ բանակ ու, գուցե, տեխնիկապես ավելի հագեցած լինելով, չկարողացավ իր իսկ կողմից նախապես կազմած ծրագիրն ի կատար ածել: Ադրբեջանը մի երկիր է, որն ունակ է իր նահանջող զինվորի վրա կրակել: Նման ազգից էլ ի՞նչ վախենանք: Աստված մեզ հետ է՝ աղոթե՜նք Աստծուն: Մենք կհաղթենք մեր միասնությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ թե լցվի համբերության բաժակը՝ չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին,- հավելում է Արթուրը:

2016-ի ապրիլին էլ կենաց ու մահու պայքար մղեցինք, թեև արյունով՝ բայց դաս տվեցինք: Թշնամին, ինչպես միշտ, ընկավ հայ ազգի համար իր իսկ կողմից պատրաստած ծուղակը, ու այնպես արեց, որ մայիսից առաջ նորեն հաղթանակ տոնեցինք:

-Այո՜, ես կամավորագրվեցի ու գնացի: Գնացի ու տեսա, թե ինչպիսի խիզախ ու քաջարի զինվորներ ունենք, թե ինչպես են նրանք նենգ ոսոխի դեմ հպարտ կանգնում, հողն աներեր պաշտպանում: Պատրաստ եմ միշտ կանգնել մեր հայ մարտիկի կողքին, հնարավորություններիս սահմանում՝ օգնել նրանց: Ես հայ եմ… ես պարտավոր եմ,- հպարտությամբ ասում է վաղեմի երազանքն իրականացրած հայը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: