Հայերեն   English   Русский  

Ուկրաինացիները կընտրեն երգիծաբանի և «շոկոլադի արքայի» միջև


  
դիտումներ: 831

Ուկրաինայում նախագահի աթոռի համար պայքարող 39 թեկնածուներից երկրորդ փուլ են անցել երկուսը՝ շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկիյը և գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն։ Երրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է։

Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Սրանք թվով երկրորդ ընտրություններն էին Եվրամայդանից հետո։ Երկրորդ փուլ անցնելու հավակնորդները երեքն էին՝ Պյոտոր Պորոշենկոն, նախկին ընտրություններում նրա մրցակից Յուլիա Տիմոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկիյը։

Ընտրությունների առաջին փուլում առավելագույն թվով քվեներ է ստացել երգիծաբան Վլադմիր Զելենսկիյը՝ 30 տոկոս։ Գործող նախագահի օգտին է քվեարկել ընտրողների 16 տոկոսը։

Յուլիա Տիմոշենկոն արձանագրված արդյունքների հետ համամիտ չէ։ Նա հայտարարել է, որ նման արդյունքները մանիպուլյացիայի արդյունք են։ Նա վստահ է, որ ինքն է զբաղեցրել 2-րդ տեղը և Պորոշենկոյի փոխարեն ինքը պետք է երկրորդ փուլ դուրս գա։ Վերլուծաբանների կարծիքով՝ Տիմոշենկոյի անհաջողությունը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ասոցացվում է նախկին սերնդի քաղաքական գործիչների հետ, մինչդեռ Ուկրաինայի հասարակությունը կարիք ունի նոր և թարմ քաղաքական ուժերի և գործիչների։

Ովքեր են եռյակում ընդգրկված թեկնածուները

նախագահի թեկնածուներ

Վլադիմիր Զելենսկիյը 41 տարեկան է, երգիծաբան, շոումեն, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Առաջադրվել է «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից։ Նա ղեկավարում է «Կվարտալ ստուդիա-95»-ը։

Ուշագրավ է, որ Զելենսկիյը խաղում է հեռուստասերիալում, որտեղ նա կատարում է հանկարծակի նախագահ դարձած ուսուցչի դեր։

Գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն ինքնաառաջադրված թեկնածուներից է։ Նա 53 տարեկան է, Ուկրաինայի 5-րդ նախագահը։ Նա մեծահարուստ գործարար է, Ուկրաինայի ամենահարուստ անձանցից մեկը, որը ԶԼՄ-ներում հայտնի է որպես «շոկոլադի արքա»։

Յուլիա Տիմոշենկոն 58 տարեկան է, 1997-ից եղել է Գերագույն ռադայի պատգամավոր։ 2005 և 2007-2010 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Մինչ այս ընտրությունները Տիմոշենկոն ևս երկու անգամ պայքարել էր նախագահի աթոռի համար։ Փաստորեն, նրա երեք փորձերն էլ հաջողությամբ չեն պսակվել։

Ո՞վ կդառնա նախագահ՝ երգիծաբա՞նը, թե՞ «շոկոլադի արքան»

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլից առաջ թեկնածուների միջև բանավեճեր անցկացնելու անհրաժեշտություն կա։ Զելենսկիյն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու նման բանավեճերի։ Ենթադրվում է, որ նախագահի երկու թեկնածուները պետք է բանավիճեն իրենց նախընտրական ծրագրերի առանցքային դրույթների շուրջ։ Այսպես, Զելենսկիյի ծրագրում առաջնային դրույթներից մեկն այն է, որ ուկրաինացիները պետք է հնարավորություն ունենան իշխանություններին խնդիրներ առաջադրելու հանրաքվեների միջոցով։ Պորոշենկոյի հիմնական դրույթներից է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության խոստումը։

Երկրորդ փուլի արդյունքների մասին կանխատեսումներ անելը դեռ վաղ է։ Ճիշտ է, առաջին փուլում Զելենսկիյը Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել քվեներ է ստացել, սակայն նա փորձ չունի քաղաքականությունում։ Մինչդեռ Պորոշենկոն, փորձից բացի, ունի նախ գուբերնատորների և խոշորագույն քաղաքների քաղաքապետերի աջակցությունը։

Նման բարձր ցուցանիշ արձանագրած Զելենսկիյը ընտրությունների առաջին փուլում անգամ հստակ ծրագիր չուներ։ Նա իր կողմնակիցներին առաջարկել էր սոցիալական ցանցերով իրեն ուղարկել իրենց հուզեղ խնդիրները և մտքեր, որոնք կարող են ներառվել նախընտրական ծրագրում։

Իսկ իր առաջադրման հիմնավորումն այսպիսին է՝ երկու հեղափոխությունների արդյունքում Ուկրաինայում ոչինչ չի փոխվել, քանի որ թե 2004-ի, թե 2014-ի հեղափոխությունների արդյունքում փոխվել է իշխանությունը, բայց չի հաջողվել ազատվել տնտեսական ու քաղաքական կյանքը կառավարող օլիգարխների ճիրաններից։ «Սա պայքար է, որ քաղաքական համակարգը սկսի աշխատել ոչ թե իր շահի, այլ ժողովրդի շահի համար»,-հայտարարել է նրա խորհրդականը։

Փորձագիտական շրջանակներում արձանագրված արդյունքները մեկնաբանում են որպես ժողովրդի հոգնածություն և հիասթափություն քաղաքականությունից և քաղաքական գործիչներից։ «Զելենսկիյի հաղթանակը բողոք է ընդդեմ նախկին էլիտայի և կտրուկ քաղաքական փոփոխությունների պահանջ է» ամերիկյան Նյու Յորք Թայմսի հետ զրույցում հայտարարել է Կիրառական քաղաքական գիտությունների վերլուծական կենտրոնի մասնագետ Վլադիմիր Ֆեսենկոն։ Վերլուծաբանի խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցածը համաշխարհային միտումի շարունակությունն է, երբ կայացած քաղաքական գործիչները դուրս են մղվում՝ փոխարինվելով նոր թեկնածուներով, որոնք խոստանում են ամբողջական ազգային վերափոխում։

Իսկ Պորոշենկոյի ցածր ցուցանիշները մեկնաբանվում են այն հանգամանով, որ նա շարունակում է մնալ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա այդպես էլ չկատարեց 2014-ին տված իր խոստումը իր բիզնեսը վաճառելու մասին։ Իր նախագահության տարիներին Պորոշենկոն շարունակել է հարստանալ, այն դեպքում, երբ շարքային ուկրաինացիները այս ընթացքում աղքատացել են։

Ընտրությունների առաջին փուլից հետո Պորոշենկոն ընդունել է, որ փոփոխությունների դանդաղ ընթացքի պատճառով կորցրել է երիտասարդ ընտրողների վստահությունը։ Նա, սակայն, նշել է, որ կատակի ժամանակն այլևս անցյալում է, Ուկրաինային անհրաժեշտ է առաջնորդ, որը կկարողանա դիմակայել սոցիալ-տնտեսական խնդիրներին և Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությանը։

Թեկնածուների քրոնիկոն

Ուկրաինայի նախագահի աթոռի համար ընտրությունների առաջին փուլում պայքարում էր 39 թեկնածու։ ՈՒշագրավ է, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն ի սկզբանե որպես թեկնածու գրանցել էր 44 մարդու, ևս 47 թեկնածուի գրանցումը մերժել էր։ 2019-ի նախագահական ընտրությունները ռեկորդային են դարձել Ուկրաինայի պատմության մեջ առաջադրված թեկնածուների թվով։ Մինչ այս ռեկորդային էր համարվում 2004-ի ցուցանիշը, երբ նախագահի աթոռի համար պայքարում էին 26 թեկնածուներ։

Առաջադրված 39 թեկնածուներից 35 տղամարդիկ էին, և միայն 4-ը կանայք։ Նրանց միջին տարիքը 50 էր։ Թեկնածուներից 19-ը կուսակցական էին, 20-ն ինքնաառաջադրվել էին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: