Հայերեն   English   Русский  

​Եթե ինը տարում երեխան չի սովորել, ինչ հրաշք պետք է լինի, որ 10–րդ դասարանում սկսի սովորել


  
դիտումներ: 2832

«Մի շարք գյուղերում հարս են բերում, որ գյուղի երեխաները գոնե ուսուցիչ ունենան, կան մի շարք դպրոցներ,

որ չեն կարողանում ուսուցիչ գտնել ու ինչ հնարամտության ասես, որ չեն դիմում»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Սերոբ Խաչատրյանը նշեց,որ կան մի շարք դպրոցներ, որ 150 000 դրամ են ծախսում` հայտարարություն տեղադրելու համար, որ ուսուցչի կարիք ունեն, այնինչ այդ գումարով կարող էին դպրոցի համար անհրաժեշտ խնդիրները հոգալ։

«Ունենք գյուղեր, որտեղ ուսուցիչների 90 տոկոսը դրսից են գալիս այդ գյուղ։ Ի դեպ, գյուղ են հասնում ամեն հնարավոր ձևով` անգամ հաց մատակարարող մեքենայի վարորդին են խնդրում, որ իրենց տեղ հասցնի։ Ուսուցիչ կա` 50 000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 15 000–ը ծախսում է ճանապարհի վրա։ Այսինքն` ժողովուրդն ինչ–որ ձևեր է գտնում, որ ուսուցչի խնդիրը լուծի»,–ասաց Խաչատրյանը։

Նա մտահոգությամբ նշեց նաև այն մասին, որ վերջին 10 տարվա ընթացում Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել։ 2000 թվականներին բազմաթիվ համակարգիչներ բաժանվեցին դպրոցներին, սակայն դրանք կարիք ունեն պարբերաբար թարմացման։ Փորձագետի խոսքով` այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ 2-3 համակարգիչ կա, որոնցից մեկը տնօրենի սենյակում է, քանի որ նա պետք է հաշվետվություններ գրի։

«Մյուս կողմից իրավական նման կետ կա, որ ուսուցիչը պարտավոր է մինիմում ամիսը մեկ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ յուրաքանչյուր առարկայից մեկ դաս անել։ Բացի այդ, կարելի է ասել, որ «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումը մեծ մասամբ ձախողված է այսօր»,–ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով 12–ամյա կրթությանը`Խաչատրյանը նշեց, որ եթե ինը տարում երեխան չի սովորել, ինչ հրաշք պետք է լինի, որ 10–րդ դասարանում սկսի սովորել։ Նրա հավաստմամբ`գյուղերում մեծամասամբ այդ տարիքի երեխաներն աշխատում են` սկսած գերեզմանափորից մինչև բենզալցակայանների աշխատակից։ «Ինչի՞ համար ենք մենք ֆինանսավորում այդ երեխաներին, եթե կրթությունը նրանց պետք չէ»,–ասաց Խաչատրյանը։






Մեկնաբանություններ - 1

Mariam     02.04.2019 Հարգելի պարոն փորձագետ լավ կլիներ նաև շեշտեիք գյուղերի դպրոցների համակազմ դասարանների խնդրի մասին։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: