Հայերեն   English   Русский  

«Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են».


Վարչապետի խոսքը կառավարության նիստում


  
դիտումներ: 333

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սկսում ենք 2019 թվականի ապրիլի 4-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները:

Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը երկու հարցի վերաբերյալ, կարծում եմ, արժե, որ պարզաբանում ստանանք:

Առաջինը՝ երեկվանից հեղեղված են սոցիալական ցանցերը տեղեկատվությամբ, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Ես հրավիրել եմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում: Պարոն Կոտոլյան, ի՞նչ կարող եք ասել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան – Բարև ձեզ: Պարոն վարչապետ, որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց ինչո՞ւ չեն մտցրել այդ ծրագիրը, այսինքն՝ ավելի մե՞ծ խտությամբ են տալիս գազը հիմա «Գազպրոմ-Արմենիա»-ից, քան նախկինում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան– Ոչ, «Գազպրոմ Արմենիա»-ն ամեն օր գազի խտություն է տալիս, պարոն վարչապետ, ու ԱԳԼՃԿ-ներում ամեն օր այդ խտությունը պետք է փոփոխեն, որ համար ես դիմել էի. եթե հիշեք, փետրվարի 15-ի նիստում որոշում ընդունեցինք, որպեսզի գազի վաճառքն իրականացվի կիլոգրամներով, որպեսզի այս խտության խնդիրը մենք այլևս չունենանք: Բայց քանի դեռ այդ օրենքն ուժի մեջ չի մտել, Ազգային ժողովում է ներկա դրությամբ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չի էլ ընդունվել այդ օրենքը դեռ, այսինքն՝ ոչ միայն ուժի մեջ չի մտել, այլև չի էլ ընդունվել` առաջին կամ երկրորդ ընթերցմամբ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան – ԱԳԼՃԿ-ների տերերի հետ զրույց ենք ունեցել, խնդրել ենք, որպեսզի ամեն օր հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ, որպեսզի քաղաքացիներն ստիպված չլինեն ավելի վճարել, այսինքն՝ դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Անանյան, սա կարո՞ղ է կապ ունենալ այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք, այն է՝ գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ-որ պրովոկատիվ գործողություններով, իրենց խելքով, այսպես ասած, որոշակի դժգոհություն հարուցել: Կարո՞ղ է այդպիսի սցենար լինել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Տեսականորեն հնարավոր է, պարոն վարչապետ, որովհետև, ինչպես մեր գործընկերն արդեն նշեց, գազալցակայանների աշտարակները դեռևս 2008 թվականին ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն և՛ կիլոգրամներով, և՛ խորանարդ մետրերով ցուցմունքներ ապահովել, բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված, այսինքն՝ ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից, և տարիներ շարունակ, մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաև այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պայմաններում կարող էր ապահովել որոշակի ինչ-որ ծավալների փոփոխություն: Կարող է այդպես պայմանավորված լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հետևյալի վրա ուշադրություն դարձրի, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, և այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել: Նախ, ուզում եմ արձանագրենք, որ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, երկրորդը՝ նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունն այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված:

Ես ուզում եմ ասել՝ նախ, այդ օրենքն Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ: Երկրորդն էլ, մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետևաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում: Հետևաբար, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:

Եվս մի բան, պարոն Անանյան: Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում որևէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք:

Եվ այստեղ, ես ասեմ, պարոն Վանեցյան, նաև ազգային անվտանգության խնդիր է, դրա մասին մի քանի անգամ մենք խոսակցություն ունեցել ենք իրար հետ: Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը: Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել:

Բայց այս քննարկման արդյունքում ես ուզում եմ արձանագրենք, որ գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են, և ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի խորանանք այդ մանիպուլյացիաների արդյունքների մեջ: Պարոն Կոտոլյան, 1-2 օրվա ընթացքում ինձ կզեկուցեք կոնկրետ պատճառների և մեր արձանագրած արդյունքների մասին, պարոն Անանյան, Դուք էլ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: