Հայերեն   English   Русский  

​Հիվանդությունը թողած` ախտանիշն ենք բուժում․ ի՞նչ կտա կուրսայինների ու դիպլոմայինների վաճառքի գովազդն արգելելը


  
դիտումներ: 1484

Ռեֆերատների, կուսայինների, դիպլոմայինների կամ գիտական ատենախոսությունների վաճառքի գովազդը կարգելվի։

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակը նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է։

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է «կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչնդոտող, անթույլատրելի ծառայությունները հանրային հարթակներում խրախուսող ու իրական գիտելիքների ձևավորմանը խանգարող ծառայությունների կանխումը, ինչպես նաև որոշակի անթույլատրելի ծառայությունների գովազդի նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության հիմքերը սահմանելը»։

Կրթության փորձագետների կարծիքով, սակայն, օրենսդրական փոփոխությունը խնդրի լուծում չէ։ Այսպիսով ոչ թե բուն խնդրի, այլ դրա հետևանքների դեմ է պայքար մղվում։

Օրենքի հեղինակները ևս գիտակցում են, որ գովազդի արգելքը դեռևս խնդրի լուծում չէ։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Պարզ է նաև, որ գովազդի արգելումը դեռևս բավարար նախադրյալ չի կարելի համարել այս պրակտիկան սահմանափակելու համար։ Սակայն նախաձեռնությունը որոշակիորեն կարող է զսպել արատավոր, բայց սովորութային դարձած երևույթը»։

Ուսանողի տեսանկյունից

ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Մարին պատմում է, որ իրենց կուրսում դիպլոմայինների կամ կուրսայինների վաճառքի ծառայություններից օգտվում են հիմնականում այն մարդիկ, որոնք բուհ են եկել ոչ թե գիտելիք, այլ դիպլոմ ստանալու համար։

Ասում է, որ կուսեցիների որոշակի մասը, հիմնականում տղաները, սովորաբար դասերին չեն հաճախում, չեն մասնակցում փորձերին։ «Բնական է, որ իրենք չենք կարող դիպլոմային կամ կուրսային գրել։ Իրենց պետք է կամ դասախոսն օգնի՝ հետազոտությունների արդյունքներ, թարգմանական նյութեր տալով, կամ պետք է պատվիրեն»,- ասում է նա՝ հավելելով, որ ավելի մատչելի է, երբ նյութերն ինքդ ես ապահովում կուրսային կամ դիպլոմային գրողին։

Մասնագետի կարծիք

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ գովազդի արգելքով խնդիրը չի լուծվում, քանի որ խնդիրը խորքային պատճառներ ունի։

«Այսօր բուհեր ընդունվում են 7-7,5 միավոր ստացած դիմորդներ։ Եթե մարդը 7-7,5 կամ թեկուզ 10 է ստացել, դա նշանակում է, որ տվյալ մարդը չունի բավարար կրթական մակարդակ բուհական ծրագրի համար, չի կարող կուրսային կամ դիպլոմային գրել, քանի որ չունի համապատասխան բազա»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ հետազոտական աշխատանք կարող է իրականացնել այն մարդը, որն ունի բավարար գրագիտություն, գրքեր է կարդում և կարողանում է այդ նյութը վերլուծել և համեմատել։

«Դրանք ֆունկցիաներ են, որոնք անելու համար պետք է բավարար պատրաստվածություն ունենաս։ Եթե դիմորդը չունի այդ պատրաստվածությունը, իսկ համալսարանը պահանջում է այդ աշխատանքը, ստացվում է անհամապատասխանություն ներկայացված պահանջի և ուսանողի ռեսուրսի միջև»,- ասում է Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ հենց այդ նհապատատասխանության պատճառով են ուսանողները դիմում հետազոտական աշխատանքներ գրողներին և վաճառողներին։

«Բնականաբար, «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունն այս խնդիրը չի լուծում։ Եթե մենք արգելում ենք գովազդը, դրանից կուրսային գրել չկարողացող ուսանողի գիտելիքը չի շատանում »,- ասում է կրթության փորձագետը։

Այնուամենայնիվ, Սերոբ Խաչատրյանն օրենսդրական փոփոխությունը դրական է գնահատում։ Նրա խոսքով՝ այդպիսով պետության դիրքորոշումն օրենքի ուժ է ստանում։ «Որպես առաջին քայլ դրական է, քանի որ այսպիսով պետությունը գոնե ասում է, որ օրենքի ուժով չի խրախուսում այդ երևույթը։ Այսինքն՝ այս օրենքի փոփոխությունն ընդամենը պետության դիրքորոշումը վերածում է իրավական ակտի։ Բայց, բնականաբար, այս ինտերնետի դարում այդ խնդիրը չի լուծվում։ Էլի իրար կգտնեն դիպլոմային, կուսային գրողն ու ուսանողը»,- ասում է նա։

"Էրազմուս +"-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Աննա Գևորգյանի կարծիքով ևս օրենսդրական փոփոխությունը կուսայինների ու դիպլոմայինների վաճառքի խնդիրը չի լուծում։ Անդրադառնալով հետազոտական աշխատանքների վաճառքի ծառայությունների պահանջվածությանը՝ Գևորգյանը նշում է, որ պատճառները բազմաթիվ են։ Դրանցից մեկն էլ, նրա խոսքով, այն է, որ ուսանողին բուհում չեն սովորեցնում, թե ինչպես է պետք հետազոտություն իրականացնել, ինչպես է պետք նման աշխատանք գրել։ Մինչդեռ, ըստ մասանգետի, բուհում ուսանողին պետք է սովորեցնեն թե ինչպես հետազոտական աշխատանք իրականացնել, որ այն չհամարվի պլագիատ, որ պահպանվեն էթիկական նորմերը։

Աննա Գևորգյան

Երկրորդ պատճառն, ըստ Գևորգյանի, այն է, որ որոշ առարկաների դեպքում տարիներ շարունակ ուսանողներին նույն թեմաներն են հանձնարարվում։ Նրա խոսքով՝ որոշակիորեն խնդրի լուծում կլինի, եթե ուսանողին հանձնարարվի արդիական թեմա, որը պատրաստի վաճառքի դրված չէ։

Գևորգյանի կարծիքով՝ քանի դեռ բուհում համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, հետազոտական աշխատանքների ծառայությունների գովազդի արգելքը չի օգնի, պարզապես բացահայտից գաղտնի տիրույթ կանցնի։

«Այդ ծառայություններն ամեն տեղ էլ կան, զարգացած երկրներում էլ կան, բայց զարգացած երկրներում բուհերն այնքան ուժեղ են, որ կարողանում են մի կողմից առաջ տանել հետազոտական աշխատանքները, մյուս կողմից էլ բացահայտել դեպքերը, երբ ուսանողն արտագրում է»,- ասում է Գևորգյանը։

Լուծման ուղիները

Հարցին, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը, Սերոբ Խաչատրյանը երկու ուղի է մատնանշում․ «Կամ պետք է մենք մեր կրթական ցենզը բարձրացնենք, կամ հաշտվենք այն իրողության հետ, որ որոշ ուսանողներ չպետք է գրեն կուրսային ու դիպլոմային՝ հաշվի առնելով, որ իրենք չունեն բազա»։

Նրա կարծիքով՝ կարելի է բակալավրիատում թույլ տալ, որ ուսանողն ընտրի՝ ցանկանում է կուրսային կամ դիպլոմային գրել, թե ոչ, հրաժարվողներին հետազոտական աշխատանքի փոխարեն այլ բան առաջարկելով։

«Հիմա համալսարանական կրթության ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ դարձել է մասսայական։ Այսինքն ով ուզում է, ընդունվում է համալսարան։ Եթե մենք այդ ուղղությամբ ենք գնում, ապա համալսարանների պահանջները մի քիչ պետք է թեթևանան կամ շատ բաներ դառնան ընտրովի։ Բայց ես նաև դեմ եմ շատ թեթևացնելուն, որ ոչ մեկը չուզենա գրել կամ ոչ մեկը չուզենա հետազոտական աշխատանք անել»,- ասում է Խաչատրյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: