Հայերեն   English   Русский  

Իշխանության համար պայքարում են գործադիրն ու օրենսդիրը․ Լիբիան քաղաքացիական պատերազմի շեմին է


  
դիտումներ: 1155

Լիբիան քաղաքացիական պատերազմի շեմին է. Երկրի արևելքում և արևմուտքում գործող երկու իշխանությունները պայքարում են ամբողջական իշխանության համար։

Սակայն, փորձագետների կարծիքով, Լիբիայում շատ են ռազմական խմբավորումները, որոնք չեն ենթարկվում կողմերից և ոչ մեկին։ Հետևաբար նրանք էլ կարող են օգտվել առիթից՝ իրենց ազդեցության գոտին ընդլայնելու համար, ինչի հետևանքով Լիբիան կարող է կրկին քաոսային իրավիճակում հայտնվել։

Լիբիական ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթերը հայտարարել է, որ 48 ժամվա ընթացքում վերահսկողություն կհաստատի մայրաքաղաք Տրիպոլիի նկատմամբ․ նրա զորքերը պաշարել են մայրաքաղաքը։

Հաֆթերին ենթարկվող զինված ուժերը, որոնք հայտնի են ազգային բանակ անվամբ, լայնամասշտապ առաջխաղացում են սկսել մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ։ Ռազմական գործողությունը կոչվում է «Տրիպոլիի ազատագրման գործողություն»։

Վերջին տվյալների համաձայն՝ նրանց վերահսկողության ներքո է անցել Տրիպոլիի օդանավակայանը, որը մայրաքաղաքից 34 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ավելի վաղ ֆելդմարշալն արդեն իսկ գրավել էր Տրիպոլիից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գարյան քաղաքը՝ հայտարարելով, թե հաջորդիվ Տրիպոլին է։ Գարյանը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է, քանի որ հենակետային նշանակություն ունի և ափամերձ հարթավայրից առաջ վերջին բնակավայրն է։

Նշենք, որ Հաֆթարն իր ուժերին հրամայել է չվնասել խաղաղ բնակիչներին։ Նա հայտարարել է․ «Նա, ով վայր կդնի զենքը, անվնաս կմնա։ Նա, ով սպիտակ դրոշ կբարձրացնի, ամվնաս կմնա»։ Հաֆթարի մամուլի խոսնակը հայտարել է, որ իրենց նպատակն է «հայրենիքն ազատագրել ահաբեկչությունից»։

Հաֆթարի բանակի հաջողությունների մասին լուրերին զուգահեռ, բարձրաձայնվում է նաև Տրիպոլիի իշխանությունների հաջողությունների մասին։ Ըստ լուրերի՝ առաջին իսկ մարտերի ընթացքում իշխանական ուժերը կարողացել են Հաֆթարի 145 զինվորականի գերեվարել, ինչպես նաև տիրանալ 60 միավոր զինտեխնիկայի։ Իշխանություններն ունեն թե կանոնավոր, թե աշխարհազորայինների բանակ, որոնք պատրաստվել են դիմագրավել Հաֆթարին։

«Ոչ ոք չի կարող կոտրել մեզ։ Իսկ եթե որևէ մեկը ցանկանա ուժ կիրառել, մենք պատրաստ ենք զոհերին։ Բայց մենք չենք հրաժարվի ժողովրդավարությունից, որին ձգտում էինք ի սկզբանե»,- հայտարարել է Տրիպոլիում գործող կառավարության ներքին գործերի նախարար Ֆաթխի Բաշագան։

Միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ խուսափելով զինված կոնֆլիկտից։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից հրապարակված համատեղ ուղերձում մտավախություն է հնչում, որ նման գործողությունները կարող են Լիբիան նորից քաոսի վերածել։ Բանակցությունների կոչերը, սակայն, դեռևս արդյունք չեն տվել։

Ո՞վ է Հաֆթարը

Խալիֆ Հաֆթարը լիբիական բանակի բարձրաստիճան սպա է եղել Քադաֆիի օրոք։ Չադի հետ պատերազմի ժամանակ, երբ նա և իր զինծառայողները գերեվարվել են, Քադաֆին հրաժարվել է գերիներից։ Դրանից հետո Հաֆթարը շարունակ պայքարել է Քադաֆիին գահընկեց անելու համար։ Քադաֆիից հեռանալուց հետո նա համագործակցել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ, 20 տարի ապրել ԱՄՆ-ում։ 2011-ին, երբ Քադաֆիի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, նա Լիբիա վերադարձավ՝ միանալով հեղափոխությանը։ Հեղափոխականները, սակայն, նրան իր ցանկությանը համապատասխան առաջատար դիրքեր չտվեցին, ինչի պատճառով հեռացավ։

Իշխանափոխությունից հետո, երբ աստիճանաբար իսլամիստներն ամրացնում են իրենց դիրքերը, նրանց հակակշիռ է ստեղծել Հաֆթարը։ Նա միավորել է Քադաֆիի զինվորներին։ Նա վայելում է արաբական աշխարհի, մասնավորապես Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի ստվերային աջակցությունը։ Ըստ որոշ տվյալների նրան աջակցում է նաև Ռուսաստանը։

Այս տարիների ընթացքում Հաֆթարն իր բանակով շարունակաբար պայքար է մղել իսլամիստական խմբավորումների դեմ, այդ թվում է Տրիպոլիում հաստատված իշխանության։

Նա 2017-ին կարողացել է գրավել գլխավոր արևելյան քաղաքը՝ Բենգազին։ Դրանից հետո նա վերահսկողություն է սահմանել երկրի հարավում գտնվող նավթամթերով հարուստ տարածքների վրա, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ռեսուրսներ կուտակել ու պայքար մղել երկրի իշխանությունների դեմ։

2018-ի նոյեմբերին Հաֆթարը Մոսկվա է մեկնել՝ բանակցելու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Նախորդ ամիս բրիտանական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, որ Լիբիայում Հաֆթարի համար կռվողների թվում կան հարյուրավոր ռուս վարձկաններ։ ՌԴ-ի ԱԳՆ-ում ի պատասխան հայտարարել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն։

Քաղաքական ճգնաժամի մասին

Լիբիայում տևական ժամանակ է անիշխանություն է։ 1969-ից Լիբիայում իշխող Մուամար Քադաֆիին միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ 2011-ին սպանելուց որոշակի ժամանակ հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել։ Երկրի արևելքում գործում է ընտրված օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում , գործադիր իշխանությունը՝ ազգային համաձայնության կառավարությունը։ Արաբական աշխարհը մեծամասամբ սատարում է խորհրդարանական իշխանությանը, որի կողմնակիցն է նաև ֆելդմարշալ Հաֆթարը։ Իսկ ահա արևմտյան երկրները, ՄԱԿ-ը սատարում են Տրիպոլիում գործող գործադիր իշխանությանը։ Տարիներ շարունակ քաղաքական ճգնաժամը հարթելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում ՄԱԿ-ը, բայց ապարդյուն։

Այս տարիների ընթացքում երկրում որոշակի ազդեցություն են ձեռք բերել նաև ծայրահեղական իսլամիստական խմբավորումները։ Ըստ լուրերի՝ Տրիպոլիում գործող կառավարությունը իրականում չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Ազգային միասնության կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրենց կանոններն են թելադրում իսլամիստական խմբավորումները, այդ թվում և «Ալ քաիդայի» ճյուղային կառույցները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: