Հայերեն   English   Русский  

Ես որոշում եմ կայացրել երգել իմ լեզվով և այն տարածել աշխարհով մեկ.Նատալիա Օրեյրո


  
դիտումներ: 1209

Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա Օրեյրոյի համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:

Երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

«Վայրի հրեշտակը» հանրահայտ հեռուստանովելից սիրված դերասանուհի և երգչուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին ընդառաջ Երևանում հանդիպեց լրագրողների հետ:

Նա ասաց, որ Արգենտինայի և Ուրուգվայի հայկական համայնքների շնորհիվ ծանոթ է հայոց պատմությանը, մշակույթին և անգամ խոհանոցին:

«Ինձ համար շատ առանձնահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ այցելում Հայաստան: Արգենտինայում և Ուրուգվայում հայերին շատ են սիրում»,-նշեց Օրեյրոն:

Երգչուհին խոստովանեց, որ մինչև Հայաստան ժամանելը, տասներկու համերգային ծրագրով է հանդես եկել այլ երկրներում և հոգնածության պատճառով չի հասցրել շրջել Երևանում: «Ամուսինս և որդիս պտտվել են ամբողջ քաղաքում: Նրանք ինձ ասացին, որ եղել են հետաքրքիր ու տեսարժան վայրերում: Իրենց հետ երկար հաց` լավաշ էին բերել, որը մենք վայելեցինք ամբողջ երեկոյի ընթացքում, շատ համեղ է Հայաստանի նուռը»,-պատմեց երգչուհին:

Խոսելով իր ստեղծագործական կյանքի մասին` Օրեյրոն նշեց, որ թվում է, թե այն մարդիկ, որոնք իրենց սիրած աշխատանքով են զբաղվում, պետք է մշտապես երջանիկ լինեն, այնինչ ընդհանուր վազքի, լարվածության և գերհոգնածության արդյունքում երբեմն հուսահատվում են ու հանգստի պահանջ զգում: «Նման իրավիճակներում ինձ փրկում է բնությունը, սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, վայելել այն»,-անկեղծացավ նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այժմ ինչ հարաբերություններ ունի «Վայրի հրեշտակը» ֆիլմում իր սիրելի տղամարդուն մարմնավորած դերասան Ֆակունդո Արանայի հետ, Նատալիան պատասխանեց, որ իրենք ընկերներ են:

«Մարտի 31-ին Ֆակունդոյի տարեդարձն էր, ես համերգի էի: Բեմից զանգահարեցի նրան, երկրպագուներիս հետ շնորհավորեցինք: Միշտ ասել եմ, որ այն բոլոր երկրներում, ուր այցելում եմ, Ֆակունդոյին շատ են սիրում: Ես ստիպված եմ լինում ճամպրուկ գնել նրա երկրպագուների նվերները Ֆակունդոյին հասցնելու համար: Նա պետք է ինձ ուղեկցի իր ճամպրուկի գումարը վճարելու համար»,- կատակեց Օրեյրոն:

Անդրադառնալով ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու հնարավոր ցանկությանը` «վայրի հրեշտակն» ասաց, որ միշտ երազել է դերասանուհի դառնալ, բայց երբեք նպատակ չի ունեցել մայրենիից բացի այլ լեզվով դերեր խաղալ: «Չեմ կարող բացատրել թե ինչու, բայց ԱՄՆ-ում լինելիս միշտ տխրություն ու դատարկություն եմ զգում: Նման հոգեվիճակ երբեք չեմ ունենում, երբ Եվրոպայում եմ կամ Ասիայում: ԱՄՆ-ում աշխատելու առաջարկներ եղել են, բայց չեմ ընդունել: Ցանկացել եմ, որ իմ երգարվեստն ու ֆիլմարվեստը ճանաչվի ամբողջ աշխարհում, բայց երբ առաջարկում են երգել անգլերեն, պատասխանում եմ` ոչ: Եթե ես Ռուսաստանում, Չեխիայում, Հայաստանում և այլուր երգում եմ իմ լեզվով և ինձ լսում, սիրում ու գնահատում են, ապա ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ում անգլերեն երգեմ: Չեմ կարծում, որ լավ է կամ վատ փորձել նվաճել ամերիկյան շուկան, բայց ես որոշում եմ կայացրել երգել իմ լեզվով և այն տարածել աշխարհով մեկ»,-շեշտեց նա:

Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ: Արտիստը բեմում կլինի իր հետ ժամանած երաժիշտների ու պարային խմբի հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգն իր երկրպագուները երբեք չեն մոռանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: