Հայերեն   English   Русский  

​Թատրոնը պիտի սեր ճառագի...


  
դիտումներ: 1270

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանին:

-Թատրոնը բացվելէ 1937-ին: Ի՞նչն է նրան այսքան երկար ու դժվարին տարիներ կանգուն պահում:

-1937 թիվ... Հասկանալի է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցում էր ռուսական թատրոնների զարգացմանը ԽՄ տարբեր հանրապետություններում, ինչը քաղաքական առումով շատ կարևոր էր: Հետագայում, իհարկե, իրավիճակը փոխվեց: Հայտնի է, որ այս թատրոնը 53 տարի ղեկավարել է Ալեքսանդր Գրիգորյանը, տարիներ, որոնց ընթացքում փոխվել են ժամանակները, փոխվել է երկիրը, բայց թատրոնը շարունակել է ապրել՝ ի շնորհիվ այն ստեղծագործական այրումի, որ բխում էր իր ղեկավարից: Եվ այսօր էլ թատրոնի բնականոն կյանքին չի խանգարում այն հանգամանքը, որ Հայաստանում ռուս ազգաբնակչությունն առանձնապես մեծ տոկոս չի կազմում:

-Պարոն Ներսիսյան, թե´ Դուք, թե´ տնօրեն Յուրի Իգիթխանյանը գրեթե վերջին շրջանում եք ստանձնել թատրոնի ղեկավարությունը: Ինչպե՞ս է այս հանգամանքն անդրադառնում թատրոնի ներկայիս գործունեության վրա:

-Մենք երկուսով էլ գիտակցում ենք, որ թատրոնի կյանքում նոր էջ է բացվել: Եվ եթե պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, ուրեմն պիտի ամեն ինչ անենք թատրոնի կյանքի բարելավման համար: Որքան էլ կան մարդիկ, որոնց համար այս նոր փոփոխությունները դեռ անսովոր են, ամեն դեպքում ողջ անձնակազմը հասկանում է՝թատրոնում կյանքը չի կարող կանգ առնել. անգամ ոչ մեծ դադարն ու տեղում դոփելը հավասարազոր են մահվան: Թատրոնը կենդանի օրգանիզմ է. այն միշտ պիտի շարժման մեջ լինի:

Բնականաբար, ես ուրիշ մարդ եմ և´իմ ստեղծագործական առանձնահատկություններով, և´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներով, բայց քանի որ ինձ ուղղորդում է ընդհանրապես թատրոն երևույթի հանդեպ ունեցած սերը, բոլորը հասկանում են՝ ամեն ինչ իզուր չէ: Ի վերջո, ես ներկայացումներ եմ բեմադրել և´ Ռուսաստանում, և´ Ամերիկայում, և´Ղազախստանում, ու եկել եմ այն եզրահանգման, որ թատրոնը միջազգային երևույթ է: Միշտ կարևոր է, որ արածդ գործը լցված լինի սիրով, սիրով դեպի կյանքը: Այս դեպքում ցանկացած թատրոնում աշխատելիս էլ որոշ ժամանակ անց մոռանում ես՝ ինչ երկրում ես գտնվում: Որոշ նյուանսներ կան՝ կապված ազգային մտածողության հետ, բայց դա բնական է:

-Քանի՞խաղացվող ներկայացում ունի այս պահին թատրոնը:

-Մեծերի համար ունենք ակտիվ խաղացվող 11 ներկայացում, ինչպես նաև քիչ չեն փոքրիկ հանդիսատեսի համար նախատեսված բեմադրությունները:

-Ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում հանդիսատեսին առաջիկայում:

-Ապրիլի 6-ին ունեցանք առաջնախաղ՝ «Ինքնասպանը» (Նիկոլայ Էրդմանի պիեսի հիման վրա), իսկ արդեն մայիսին հանդիսատեսի դատին կհանձնենք Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» գործը: Այս պահին մտորումներ կան Կոմիտասի հետ կապված, ինչպես նաև պլանավորում ենք Թումանյանի որև է հեքիաթի հիման վրա բեմադրել մանկական ներկայացում: Գուցե մի քիչ շտապում եմ՝ այս մասին հայտնելով, բայց մենք ներկայացում ենք նախատեսում նաև ամենափոքրերի համար՝ սկսած երկու տարեկանից: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ մարդը մանկուց իմանա մեր թատրոնը, ընդհանրապես թատրոն բերող ճանապարհը, ճանաչի և սիրի այն: Դրա համար մեր մանկական խաղացանկը ևս համալրվում է: Ուրախ եմ, որ այդ ներկայացումներն անցնում են լիքը դահլիճներում: Եվ լեզուն էլ խանգարող հանգամանք չէ, որովհետև մանկական ներկայացումներում շեշտը դնում ենք մատչելիության և վառ տեսողական պատկերների վրա. փոքրիկները թատրոնն ընկալում են տեսողական զգացմունքային մակարդակում:

Շատ ուզում եմ նաև մեր խաղացանկում ունենալ Չեխով, ինչը ռուսական թատրոնի համար ուղղակի անհրաժեշտություն է: Նաև կա մի հիանալի հեղինակ ժամանակակից արևմտյան դրամատուրգիայում՝ Մարտին Մակդոնախ, որն, ի զարմանս ինձ, չի խաղացվում Հայաստանի և ոչ մի թատրոնում, այն ինչ այսօրվա դրությամբ այն ժամանակակից դրամատուրգներից համար առաջինն է որպես բեմադրվող հեղինակ: Մտածում եմ ուղղել սխալը...

-Կա՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք որևէ նոր գործ բեմադրելիս:

-Երկու հանգամանք եմ հաշվի առնում այդ հարցում: Նախ՝գործը պիտի ինձ հոգեհարազատ լինի և զգամ, որ այն անհրաժեշտ է հիմա բեմադրել: Օրինակ՝ Մակդոնախի մասին, որ ասացի, ես ուզում եմ՝ նա լինի մեր խաղացանկում ո չթե նրա համար, որ ամեն տեղ խաղացվում է, այլ որովհետև շատ կենդանի հեղինակ է: Եվ երկրորդ ոչ պակաս կարևոր հանգամանքը համապատասխան դերասանների առկայությունն է թատրոնում: Ինչքան էլ երազես «Համլետի» մասին, եթե անձնակազմում չունես Համլետ, ուրեմն պետք է հանգիստ թողնել այդ միտքը:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Ձեր թատրոնի դերասանները, և ի՞նչ չափանիշներով եք որև է նոր դերասանի ընդունում թատրոն: Արդյոք ռուսերենի իմացության մակարդակը որևէ կերպ անդրադառնու՞մ է այդ ընտրության վրա:

-Թատրոնն ունի հոյակապ դերասանական կազմ: Այս պահին ամենաթանկը, որ գնահատում եմ նրանց մեջ, աշխատելու մեծ ցանկությունն է՝ ընդ որում առանց ավելորդ հավակնությունների: Ուրախալի է, որ համախմբված ենք այն գաղափարի շուրջ, որ թատրոնը պիտի լինի սիրո մասին, որ այն պիտի սեր ճառագի: Պետք է հիշել, որ ռեժիսորի հայեցակարգն ու գաղափարները ոչինչ չարժեն, եթե չփոխանցվեն դերասանի միջոցով ու կենդանություն չառնեն նրա մարմնավորած կերպարներում:

Նոր դերասան ընտրելիս ես առաջնահերթ հաշվի եմ առնում ոչ թե դերասանական պրոֆեսիոնալիզմը, այլ մարդկային հատկանիշները: Եթե մարդը հոգեպես անառողջ է, ես չեմ գնում համագործակցության, ինչպիսի վարպետություն էլ որ ունենա:

Ինչ վերաբերում է ռուսերենին, ոչ մի տեղ չենք փախչի. մեր ներկայացումները խաղացվում են ռուսերեն, և ցանկալի է, որ դերասանն ի սկզբանե լավ տիրապետի լեզվին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե մարդն ուզում է խաղալ այստեղ, նրան հետաքրքիր է, ցանկանում է ապրել մեր թատրոնի ստեղծագործական կյանքով, ուրեմն լեզուն էլ կհաղթահարի: Մենք շատ ունենք հայկական կրթությամբ դերասաններ, և դա նորմալ է:

-Թատրոնում կա՞ն ազգությամբ ռուս դերասաններ:

-Երբ ես դեռ 26-27 տարի առաջ աշխատում էի այս թատրոնում որպես ռեժիսոր, անձնակազմը հիմնականում բաղկացած էր ազգությամբ ռուսներից, հիմա կան ընդամենը երկու հոգի, որոնք էլ ծնվել են Հայաստանում, հետևաբար ունեն հայկական մտածողություն: Ուստի այս հարցի պատասխանն ավելի շատ ոչ է:

-Այսօր շատ թատրոններ ունեն հանդիսատեսի խնդիր: Արդյոք Ձեր թատրոնը ևս բախվու՞մ է դրան: Այդ դեպքում ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում հարցի լուծման համար:

-Գրեթե բոլորն էլ ունեն այդ խնդիրը: Բայց տնօրենի հետ միասին որոշել ենք ոչ մի ցուցադրական քայլ չձեռնարկել հանդիսատես գրավելու համար: Մենք ունենք բաց տոմսարկղ և իրականացնում ենք տոմսերի էլեկտրոնային վաճառք: Հետաքրքիր էր հասկանալ՝ արդյոք, երբ ոչ ոք հանդիսատեսին չի համոզում գալ տվյալ ներկայացմանը, զուտ տոմսարկղն ու համացանցում իրականացվող վաճառքը բավարա՞ր են արդյունքի հասնելու համար: Պարզվեց՝ այո: Հանդիսատեսը հաճախում է մեր թատրոն: Միշտ չէ, բայց ունենում ենք նաև 90-100 տոկոսով լցված դահլիճներ, ինչը շատ է ուրախացնում: Մեր թատրոն գալիս են թե´ երիտասարդներ, թե´ տարեցներ: Բայց ես մտածում եմ, որ կա հասարակության որոշակի հատված, որ դեռ ոտք չի դրել այստեղ: Եվ մեր խնդիրն է լինել ժողովրդավարական՝ աշխատելով լայն լսարանի համար, ներգրավելով բնակչության բոլոր շերտերին:

-Դուք որպես մեծ դահլիճ ունեցող թատրոն, այն նաև տրամադրում եք վարձակալությամբ: Արդյոք դա չի՞ բարդացնում թատրոնի աշխատանքը:

-Այս պահին դա շահավետ է մեզ համար, որովհետև նման ճանապարհով ավելացնում ենք մեր թատրոնի բյուջեն՝ բնականաբար, ոչ երբեք ի վնաս մեր փորձերի ու ներկայացումների: Դրանք միշտ առաջնահերթ են: Ես, իհարկե, ցանկանում եմ, որ գան այնպիսի ժամանակներ, երբ խաղանք շաբաթական վեց կամ յոթ օր՝ ապահովելով հարյուր տոկոսով լցված դահլիճներ: Այդ դեպքում վարձակալություններն այլևս մեզ հետաքրքիր չեն լինի, բայց հիմա դեռևս չունենք նման հնարավորություն, և վարձակալություններն էլ թատրոնին չեն խանգարում, այլ օգուտ են բերում:

-Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Ստանիսլավսկու թատրոնը սիրող հանդիսատեսին մենք միշտ սպասում ենք գրկաբաց, բայց ես նաև հրավիրում եմ նրանց, որոնք չեն եղել մեզ մոտ և չեն դիտել մեր հետաքրքիր ներկայացումները:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: