Հայերեն   English   Русский  

ԱՐՏԱՎԱԶԴ Բ.հմուտ դիվանագետն ու տաղանդավոր մտածողը


  
դիտումներ: 7155

Արտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:

Դեռևս Տիգրան Բ Մեծ արքայից արքայի (մ.թ.ա. 95-55) գահակալման վերջին տարիներին Արտավազդ Երկրորդը զառամյալ աշխարհակալի գահակիցն էր: Արտավազդը հայոց ահեղ տիրակալի ավագ որդին էր, թե ոչ, հայտնի չէ: Տիգրանն ուներ չորս որդի. նրանցից երեքը` Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերն ապստամբեցին հայոց արքայի դեմ, և ահեղ տիրակալը, հանուն պետականության, անխնա եղավ անգամ իր զավակների հանդեպ: Հորը և հայոց գահին անմնացորդ նվիրված մնաց միայն Արտավազդը, որն էլ ժառանգեց Տիգրանի ընդարձակ ու հզոր թագավորությունը:

Սակայն, ցավոք, նրա գահակալության ժամանակաշրջանը բարենպաստ չէր Հայաստանի համար: Արևմուտքից Հռոմը ձգտում էր առաջանալ դեպի արևելք` Հայաստանի վրայով դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, իսկ հարավ-արևելքում դարձյալ հզորացել էր Պարթևական թագավորությունը, որ փորձում էր իր սասանված հեղինակությունն ամրապնդել աշխարհում: Այս պայքարում շատ կարևոր էր հայոց հզոր թագավորության դիրքորոշումը, քանզի հենց Հայաստանի վերաբերմունքից էր կախված հռոմապարթևական հակամարտությունը:

Արտավազդի գահակալման նախնական շրջանում հայոց թագավորության համակրանքը Հռոմի կողմն էր: Նախ` մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակից երկիր, երկրորդ` պարթևները շարունակ ոտնձգություններ էին կատարում Հայաստանի նկատմամբ` փորձելով իրենց ազդեցությանը ենթարկել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքը և հայոց արքաներից խլել «արքայից արքա» տիտղոսը:

Մ.թ.ա. 60 թ. Հռոմում իշխանությունը միմյանց միջև բաժանեցին երեք զորավարներ` Գնեոս Պոմպեոս Մեծը, որին բաժին հասավ հանրապետության կենտրոնական նահանգները, Հուլիոս Կեսարը, որ իշխում էր Հռոմի կայսրության եվրոպական նահանգներում, կենտրոնը` Գալլիան, Մարկոս Կրասոսը, որին բաժին հասավ Արևելքը և Պարթևստանի դեմ պատերազմ սկսելու իրավունքը: Մ.թ.ա. 54 թ. Արևելքը նվաճելու մոլուցքով արշավանք է սկսում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ արյան մեջ խեղդել էր Սպարտակի ապստամբությունը: Կրասոսը մեծ բանակով հաստատվում է Ասորիքում և պարթևաց թագավորության դեմ պատերազմելու նպատակով բոլոր դաշնակիցների զորահավաք է հայտարարում: Միաժամանակ լարված ու պատերազմական վիճակ էր պարթևների ու Հայաստանի միջև: Արտավազդ Բ Ասորիք է ժամանում 40 հազարանոց բանակով, 16 հազարը` այրուձի և 24 հազարը` հետևակ, և հանդիպելով Կրասոսին` առաջարկում Պարթևստանի վրա արշավանքն իրականացնել Հայաստանից: Արտավազդ Բ իր առաջարկը ռազմավարական տեսանկյունից հիմնավորում էր, որ Հայաստանի լեռներում պարթևաց բանակը կզրկվեր իր հիմնական հարվածային ուժը` հեծելազորը օգտագործելու հնարավորությունից, իսկ Միջագետքում դժվար կլինի պայքարել պարթևաց հեծելազորի դեմ: Ըստ էության` այս քայլով Արտավազդ Բ ցանկանում էր նաև Հռոմի բանակով իր համար լուծել հայ-պարթևական անխուսափելի թվացող բախման խնդիրը: Կրասոսի համաձայնվելու դեպքում Արտավազդ Բ պատրաստակամություն է հայտնում ավելացնել հայկական զինուժի թվաքանակը պարթևական արշավանքի ժամանակ: Սակայն գոռոզ հռոմեացին չի լսում Արտավազդի խորհուրդն ու նախապատրաստվում է կարճ ճանապարհով` Միջագետքի անապատներով ներխուժել Պարթևստան:

Հասկանալով Կրասոսի արշավանքի կործանարար լինելը` Արտավազդ Բ հրաժարվում է հայ-հռոմեական դաշինքից և անմիջապես դաշինք է կապում պարթևաց Որոդես Բ արքայի հետ: Հայ-պարթևական դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Արտավազդի քույրն ամուսնանում է պարթևական քաջ թագաժառանգ Բակուրի հետ:

Մինչ հայոց և պարթևաց արքաները Արտաշատում հարսանեկան խրախճանքի մեջ էին, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում դաշնակից բանակները պարթևաց Սուրեն զորավարի հրամանատարությամբ ջախջախում են հռոմեական բանակը: Հռոմեական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 20 հազար սպանված և 10 հազար գերյալ: Գերի ընկան նաև հռոմեական լեգեոնների դրոշները, որ մեծ անպատվություն էր Հռոմի համար: Հռոմն իր պատմության մեջ թերևս նման խայտառակ պարտություն կրել էր մ.թ.ա. 216 թ.` Կաննի ճակատամարտում: Երբ Արտաշատի թատրոնում Արտավազդ Բ և Որոդես արքաները դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս»: Դա մեծ ցնծությամբ է ընդունվում հանդիսականների կողմից: Նա գլխատված Կրասոսի գլուխը շպրտում է արքաների ոտքերի տակ որպես նվեր...

Խառանի ճակատամարտից շատ չանցած` հայ-պարթևական միացյալ ուժերը պարթև թագաժառանգ Բակուրի և հայոց սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում են Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա և վտարում Արևելքից հռոմեացիներին: Դաշնակիցները, բնականաբար, կիսում են նվաճած տարածքները: Թվում է` Արտավազդ Երկրորդի տերության առջև բացվում է Տիգրան Բ Մեծի կայսրության տեսլականը...

Սակայն շատ չանցած` քաղաքական իրադրությունը Արևելքում փոխվում է: Դավադրության զոհ է դառնում Որոդես Բ արքան, իսկ արքայազն Բակուրը սպանվում է ճակատամարտում: Գահ բարձրացած Հրահատ Չորրորդը հակահայ քաղաքականություն է որդեգրում և դաշինք կապում Ատրպատականի թագավոր, մար Արտավազդի դեմ, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայ-պարթևական հարաբերությունները դարձյալ սրվում են:

Մ.թ.ա. 36 թ. Արևելքը նվաճելու մարմաջով այս անգամ արշավանք է սկսվում մեկ այլ գոռոզ հռոմեացի, եռապետ Մարկոս Անտոնիոսը: Արտավազդը Անտոնիոսին խոստանում է հայոց բանակից 11000-ոց զորաջոկատի զորակցությունը, ինչպես նաև խոստանում է ապահովել հռոմեական բանակի պարենավորումը: Սակայն Անտոնիոսը, դաս չառնելով Կրասոսի սխալից, դարձյալ չի լսում Արտավազդ Բ արքայի խորհուրդը: Արտավազդը, հետ քաշելով իր զորքը, պարթևահռոմեական այս պատերազմում բռնում է չեզոք դիրք: Անտոնիոսը, սկսելով արշավանքը, Արտավազդ Բ արքային սպառնում է պատժել արշավանքից հետո` նրա արած քայլը բնութագրելով որպես դավաճանություն: Անտոնիոսը մեծ բանակով Ատրպատականի վրայով արշավում է Պարթևստան: Սակայն այստեղ գոռոզ հռոմեացին մարտավարական սխալ է թույլ տալիս: Հռոմեական առաջապահ ուժերը կտրվում են բուն բանակից և ջախջախվում: Պարթևներին հաջողվում է գրավել նաև հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը: Մի խոսքով` հռոմեական բանակը գլխովին ջախջախվում է` տալով 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսը բանակի մնացորդներով հազիվ փախչում և ապաստանում է Հայաստանում` Արտավազդ Երկրորդի մոտ: Հայոց արքան, որի հարաբերություններն արդեն իսկ լարված էին Անտոնիոսի հետ, թերևս կատարում է ճակատագրական սխալ. փոխանակ ջախջախելու Անտոնիոսի բանակի մնացորդները և գլխատելու նրան` մեծահոգաբար ապաստան է տալիս նենգ հռոմեացուն:

Անտոնիոսը Հայաստանից նախ ուղևորվում է Եգիպտոս` իր սիրուհու` Կլեոպատրա թագուհու մոտ: Այստեղ նա ուշքի գալով պատճառներ և քավության նոխազ է հորինում իր պարտության համար: Առհասարակ Անտոնիոսը արևելյան արշավանքը սկսել էր առանց Սենատի համաձայնության, և Հռոմում նրա նկատմամբ դժգոհությունն աճում էր:

Շուտով նենգ հռոմեացին պաշտոնապես հայտարարեց, թե իր պարտության պատճառը հայոց Արտավազդ Բ արքայի դավաճանությունն է, և Հայաստանը որակեց որպես դավաճան ու թշնամի երկիր:

Որպեսզի ձեռք գցի հայոց արքային, Անտոնիոսը նրան հրավիրեց իր մոտ բանակցությունների: Բնականաբար, Արտավազդ Երկրորդը չգնաց: Ապա Անտոնիոսը առաջարկեց Արտավազդ Երկրորդին իր դստերը կնության տալ Անտոնիոսի և Կլեոպատրայի վեցամյա որդուն` Ալեքսանդրին: Արտավազդ Երկրորդը մերժեց նաև այս առաջարկը:

Ի վերջո մ.թ.ա. 34 թ. Անտոնիոսը մեծ բանակով հարձակվեց Հայաստանի վրա: Որպեսզի ազատի իր երկիրն ավերածություններից, Արտավազդ Բ, հավատալով նենգ հռոմեացու խոստումներին, գնաց նրա մոտ բանակցելու: Վերջինս ուղղակի շղթայեց հայոց արքային: Նա շղթայված թագավորին ու նրա ընտանիքն ուղարկեց Ալեքսանդրիա` Կլեոպատրային նվեր: Վերջինս, զոհ մատուցելով իր աստվածներին, հրամայեց գլխատել Արտավազդին, իսկ նրա զավակներին հռոմեացիները տարան Հռոմ գերության:

Մինչ գլխատելը Ալեքսանդրիայում, զորահանդեսի ժամանակ, Անտոնիոսը շղթայված հայոց արքային առաջարկում է կյանքի դիմաց գլուխ խոնարհել Եգիպտոսի թագուհու առաջ, սակայն հռոմեացի պատմիչների հավաստմամբ` հայոց արքան իրեն արքայավայել ու գոռոզ է պահել ու գնացել կառափնարան: Անտոնիոսի վարմունքը հարուցել է անգամ հռոմեացիների զայրույթը. հռոմեացի պատմիչները նշում են նրա արարքի տմարդի լինելը և գովերգում հայոց արքայի ոգին. «Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը, Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Հետագայում Հռոմի Սենատն Անտոնիոսին ներկայացրած մեղադրանքների մեջ նշել է նաև Արտավազդի ձերբակալումն ու սպանությունը, որով Հայաստանը, փաստորեն, դարձավ Հռոմի թշնամի:

Արտավազդը, զորավար և դիվանագետ լինելուց զատ, նաև գիտնական էր: Համաձայն Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն մեզ չեն հասել:

Արտավազդ Բ ողբերգական մահից ընդամենը երեք տարի անց նրա որդին` Արտաշես Բ արքայից արքան (մ.թ.ա. 34-20) ազատագրեց Հայաստանն ու բնաջինջ արեց երկրում հաստատված հռոմեացիներին:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: