Հայերեն   English   Русский  

Սահմանին զոհերը հանուն․․․ ոչնչի՞


  
դիտումներ: 1034

«Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։

Այսինքն այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելն է հանուն ոչնչի։ Որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում՝ խոսելով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։

Աննա Հակոբյանի այս արտահայտությունը բուռն քննարկումների տեղիք է տվել՝ դառնալով օրվա լրահոսի թոփ թեման։

Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով Աննա Հակոբյանի հայտարարությունը, շեշտում է, որ դա անհատական կարծիք է և պետական դիրքորոշում չի արտահայտում։ «Դա մասնավոր տեսակետ է, ոչինչ չի նշանակում այն, որ նա վարչապետի կին է։ Առաջին տիկինը պաշտոն չէ, նա չի կարող պետության տեսակետ արտահայտել»,- ասում է Շիրինյանը։

Անդրադառնալով զոհերի թեմային՝ Շիրինյանը նշում է, որ հակամարտության տարիների ընթացքում առոչինչ են եղել Ադրբեջանի զոհերը, քանի որ այդպես էլ չեն ծառայել նպատակին։ «Մեր գործողութունները պայմանավորված են եղել Ադրբեջանի գործողություններով, որովհետև հայկական կողմը միշտ հայտարարել է, որ ինքը նախահարձակ չի լինելու։ Հետևաբար մեր զոհերը չեն կարող առոչինչ լինել, իրենցը կարող են։ Իրենք ուզեցել են ու արել են ագրեսիա ինքնորոշված և պետություն ստեղծած ժողովրդի դեմ, իսկ հակառակ կողմը՝ հայկական կողմը այս պարագայում պաշտպանվել է»,- ասում է նա։

Քաղաքագետն ենթադրում է, որ Հակոբյանի հայտարարությունն ուղղված է ադրբեջանցիներին և ենթատեքստը հետևյալն է․ «Եկեք, նստենք, հասկանանք, որոշում կայացնենք և խաղաղ լուծում ունենանք»։ Շիրինյանի խոսքով, սակայն, հայերը նման հայտարարություններ անելիս հաշվի չեն առնում Ադրբեջանի ռազմաքաղաքական վարքագիծը։

«Մենք և նրանք խոսում ենք տարբեր լեզուներով, տարբեր բանի մասին»,- ասում է Շիրինյանը՝ հավելելով, որ հայկական կողմից հնչող խաղաղության կոչերն անիմաստ զբաղմունք են։

«Իրենց համար դա հասկանալի չէ։ Իրենց համար հասկանալի լեզուն մրցակցությունն է տնտեսության մեջ, քաղաքական համակարգում և ռազմաճակատում տարած հաղթանակը, իրենք ուրիշ ոչինչ չեն հասկանում»,- ասում է նա։

«Ո՞վ չի ուզում, որ զինվոր չզոհվի, բայց դրա համար կա մի ճանապարհ՝ ստեղծել հզոր Հայաստան և ռազմականապես ջախջախել Ադրբեջանին՝ օգնելով նաև թալիշներին և լեզգիններին, որոնք մեր բնական դաշնակիցներն են»,- ասում է Շիրինյանը։

Առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Շահինյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի հայտարարությունն «այնքան երկիմաստ է, որ ասել, թե ինքն ինչ էր ուզում, հենց դրանով էլ վտանգավոր է»։

«Ասածի իմաստը չեմ ըմբռնում, այսինքն մենք իզո՞ւր ենք կռվել, ավելի լավ կլիներ բռնաբարվեի՞նք, մորթվեի՞նք, ինչպես 1915 թվականին։ Դա էլ է տեսակետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ մեր ուժը մեր թուլության մեջ է, թե ինչ նկատի ուներ, չգիտեմ։ Նույն բանը հիմա այստեղ եմ լսում։ Ի՞նչ է ուզում ասել, չեմ հասկանում»,- ասում է նա։

Սամվել Շահինյան

Շահինյանը շեշտում է, որ Ադրբեջանի պես հարևան ունենալու պարագայում խաղաղ ապրելու մասին պետք է մոռանանք։ «Հայ ժողովուրդը պետք է մոռանա, որ խաղաղ է ապրելու։ Եթե ուզում է ապրել, պիտի կռվի։ Ոչ թե որովհետև մենք կռվարար ենք կամ միլիտարիստ ենք, ոչ , որովհետև մեր հարևանները, սկսած երիտթուրքերից մինչև ադրբեջանցիներ, խաղաղությունից խոսում են մինչև այն պահը, երբ հնարավորություն ունեն իսպառ մեզ ոչնչացնելու։Մեր ոխերիմ հարևանները երբեք թույլ չեն տալու, որ խաղաղ ապրենք, հետևաբար կռիվը պետք է լինի մեր գոյության անընդհատական ուղեկցողը»։

Շահինյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը իսպառ ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունն իր հսկողության տակ գտնվող տարածքներում։ Ոչնչացրել է նաև իր ազգային փոքրամասնությունների մշակույթը։

«Եթե ադրբեջանը ցույց տա, որ իսկապես ժողովրդավարական է, վերականգնի իր բոլոր ժողովուրդների իրավունքները, այդ հայտարարությունը միս ու արյուն կստանա»,- ասում է Շահինյանը։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, Աննա Հակոբյանի հայտարարությանն անդրադառնալով, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆորմալ առումով, իհարկե, այս կինն անպաշտոն զրուցատու է, սակայն կարևորը ոչ թե ֆորմալն է, այլ դե-ֆակտոն, իսկ որպես այդպիսին նրա խոսքն ընկալվում է պաշտոնական, քանզի փաստացիորեն նա իշխող վերնախավի մաս է»։

Էդգար Էլբակյան

Էլբակյանի կարծիքով՝ այսօրինակ ուղերձները խիստ դատապարտելի են, վիրավորական մեր ազգի, նահատակների ու նրանց հարազատների հիշատակի հանդեպ։ «Այն կեղծ փաստարկը, թե իբր զոհերն անիմաստ էին, քանզի «չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը» չի կարող դիմանալ փորձագիտական որևէ քննադատության։ Եթե չլինեին մեր հետհրադադարյան պատերազմական նահատակները, հակամարտության «կարգավորումը» շատ էլ լավ կմոտենար․ պարզապես դա կլիներ «կարգավորում ադրբեջանական տարբերակով»»,- գրում է նա։

Էլբակյանը չի ընդունում նաև բացատրությունը, թե հայտարարությունն արտաքին լսարանի համար է հնչեցվել և այն էլ հայերենով։ «Սա առաջին հերթին մատնում է այն մտածողությունը, որ, ինչպես նշեցի, վիրավորական է հայ ազգի և նրա հերոսների հիշատակի առաջ»,- գրում է Էլբակյանը։

Հակոբյանի հայտարարությանն անդրադարձել է նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Նա ֆեյսբուքի իր էջում հարցադրում է հնչեցրել․ «Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինը ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի»։






Մեկնաբանություններ - 1

agob.k     09.04.2019 mi harj annayin artyok ir nahkinner jegaspanutyan zohvaj yn turkeri u azerinneru jerkov ? anna anparoyaqa ys qarevor kez hamar tram muranal a ipr hayastani pnaqjutyan hamar a ? payj irogutyun ayl a tun ayt kumarnner talanelov q
mdajes miyayn ko abakayi u tayfayit masin tun martqayin skajum junis ayt kaj zohvaj zrnvornnerun masin aysbisi hosker ys asum artyok zohvej yn jez nman Gogovutin talanjinneru hamar ? tun ipr mayr m ? zohvaj zinvornnerun harazadnnerun anharkank anelov irenj zavaqnnerun hichadaq bgjelov ? tuk vuj te arajin diqin ys ayl arajin sadanan lav kidjaj ygir ko polor qankt hgji haytov bidi abris anchucht yte higj unis ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: