Հայերեն   English   Русский  

​Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանում հնչեց Մալերի 9-րդ սիմֆոնիան


  
դիտումներ: 973

Մի քանի տասնամյակ ընդմիջումից հետո Հայաստանում կատարվեց ավստրիացի մեծ կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։

Այդ բացառիկ հնարավորությունը երաժշտասերների համար ընձեռել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. Մալերի վերջին՝ 9-րդ սիմֆոնիան ստեղծումից 110 տարի անց թևածեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Լեփ-լեցուն համերգասրահը վկայությունն էր այն բանի, որ սիմֆոնիան սպասված էր, և ավելի քան 80 րոպե հանդիսատեսը ընկղմվել ու վայելում էր մալերյան երաժշտությունն ու փիլիսոփայությունը։

Մեծակտավ իններորդ սիմֆոնիան դարձավ Գուստավ Մալերի հրաժեշտի ստեղծագործությունը։ Սիմֆոնիայի չորս մասերից յուրաքանչյուրը հրաժեշտի առանձին խոսք է կյանքին, սիրո գեղեցիկ պահերին, առողջությանը, ամենահասարակ ուրախություններին, նաև՝ դժվարություններին ու դժբախտություններին։ Իսկ ողբերգական իրադարձությունները կոմպոզիտորի կյանքի վերջին տարիներին քիչ չէին՝ հնգամյա դստեր մահը, իր անբուժելի հիվանդության մասին լուրը, ընտանիքի ապագայի վերաբերյալ մտորումները։ Այս ամենը դրոշմված են հեղինակի 9-րդ սիմֆոնիայում։ Այս հզոր երաժշտության մեջ միաժամանակ արտահայտված են ամենահակասական զգացումները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Մալերն այն կոմպոզիտորն է, որ ստեղծել է սիմֆոնիկ նվագախմբի նոր հնչողություն։ «Շատ լավ իմանալով նվագախումբը, փայլուն աշխատանք տանելով նվագախմբի հետ՝ Մալերն իր արվեստով փոխել է թե՜ դիրիժորի մտածելակերպը, թե՜ դիրիժորի դերը ստեղծագործությունը կատարելիս (այն դերը, որ ունի դիրիժորը Մալերի սիմֆոնիաներում, ուրիշ այլ հեղինակի մոտ չեք կարող հանդիպել)։ 9-րդ սիմֆոնիայի մասին Բերնստայնը և այլ դիրիժորներ ասել են, որ ամեն անգամ բացելով Մալերի 9-րդ սիմֆոնիայի պարտիտուրը՝ այն տպավորությունն է, թե նախկինում երբեք չեն բացել այն և երբեք չեն կատարել։ Այսինքն՝ այնպիսի բարդ սիմֆոնիզմ է պարզ մոդուլների մեջ ներկայացված, որ ամեն անգամ անդրադառնալիս զգում ես այս ստեղծագործության նոր երանգները»,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակելու է անդրադառնալ Մալերի արվեստին՝մալերյան նորանոր ստեղծագործություններ ներկայացնելով երաժշտասերներին։ Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իսկ կատարել էր Մալերի 1-ին, 5-րդ, 6-րդսիմֆոնիաները։

Հայաստանիպետականսիմֆոնիկնվագախմբի՝Մալերի 9-րդ սիմֆոնիայի կատարման տեսագրությունը կարող եք դիտեք հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=Oww5g7susLE&feature=share&fbclid=IwAR22FpyTEObrjzOLFdxLhR1vbtuYe2vEFjDCOaju1ZsCo0WqJV0hpvCMKWo





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: