Հայերեն   English   Русский  

​Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դարձել է Հայաստանի հետ կապող հաստատուն կամուրջ.


Աննա Հակոբյան ըներկա է գտնվել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին


  
դիտումներ: 124

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Արմեն Բայբուրդյանը ներկաների համար ընթերցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձները: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատօջախինչպեսհամայնքի, այնպեսէլհյուպատոսությանանձնակազմի, Հայաստանից գործուղված դիվանագետների համար:

Ստորևներկայացնում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը ամբողջությամբ:

Ուրախ եմ ողջունելու ձեզ,

Միացյալ Նահանգների արևմտյան ափի հայ համայնքի մեծարգո՛ հոգևոր առաջնորդներ,

Այսօրվա միջոցառման հյուրընկալ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, հարգելի՛ պարոն Բայբուրդյան,

Պարոն ԱԳՆ գլխավոր քարտուղար,

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան,

Նահանգային, շրջանային և քաղաքային մարմինների հարգարժա՛ն պաշտոնյաներ,

Հայկական կուսակցությունների և կազմակերպությունների սիրելի՛ ղեկավարներ,

Գլխավոր հյուպատոսության 25-ամյակի կազմակերպական կոմիտեի անդամներ և միջոցառման հանդիսավար,

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ինձ համար թե՛պատիվ է, թե՛ հաճելի և թե՛զգացական առումով շատ հուզիչ՝ ներկա գտնվել այս գեղեցիկ միջոցառմանը՝ նվիրված Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին:

Եկեք միասին մի փոքր հետ շրջենք մեր նորանկախ պատմության էջերը ու մտաբերենք սոցիալ-տնտեսական այն ծանրագույն իրավիճակը, որի պայմաններում, Արցախյան պատերազմից անմիջապես հետո հիմնադրվեց Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հատկացնում է Կալիֆորնիայի հետ հարաբերություններին. մի նահանգի, որ ապաստանել է ձեզ, սիրելի հայրենակիցներ և ապրելու ու արարելու անսպառ հնարավորություն ստեղծել: Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տալիս է ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, Կալիֆորնիայի ստվար ու ծաղկուն համայնքին։

Սիրով եմ փաստում, որ հյուպատոսությունըդարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես մեր սիրելի համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված մեր դիվանագետներիհամար:

Հարգարժա´ն հյուրեր, տիկնա´յք և պարոնա´յք,

Ամեն անգամ Հայաստանում հպարտությամբ և ուրախությամբ ենք լցվում, զգալով, թե որքան հաղորդակից եք ու որքան սրտացավ Հայրենիքում կատարված յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ, որքան հաղորդակից եք մեր բոլոր համազգային խնդիրներին։

Անգերագնահատելի էր ձեր բոլորիհոգատարությունն ու զորակցությունը ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես նաև ձեր պատրաստակամությունը՝անհրաժեշտ պահին նաև հայրենիքի թիկունքին ֆիզիկապես կանգնելու։

Նույնքան թանկ էր մեզ համար ձերաջակցությունն ու նվիրվածությունը Հայաստանում տեղի ունեցածթավշյա, ոչ բռնի հեղափոխությանը: Իսկապես, արժևորում ենք ձեր համերաշխությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում իրականացված ու մեր բոլորի կողմից երկար սպասված հեղափոխությանը։ Դրա հաջողությունը նաև մեր կուռ միասնությանարդյունքն է:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի մեր սիրելի համայնքին այն բարոյական աջակցության համար, որ մենք զգացել և ստացել ենքհեղափոխության շրջանում, դրան նախորդող և հաջորդող օրերին: Դա, հիրավի, լրջագույն ազդակ էր, որ մենքմիայնակ չենք մեր պայքարում՝ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն մեր Նոր Հայաստանի: Հայաստան, որտեղ այլևս տեղ չունենանարդարությունները, օրենքի չարաշահումները,մեր հանրային կյանքն արատավորող զազրելիերևույթները:

Ուրախ եմ արձանագրել, որ հեղափոխությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները։ Ինձ համար անչափ հուզիչ է, պարոն Բայբուրդյան, որ այսօր հենց Դուք եք ինձ հյուրընկալում այստեղ։ Դուք գերադասեցիք կանգնել արդարության կողքին և համերաշխություն հայտնեցիք մեր ժողովրդին՝ դրանով իսկ թանկ գին վճարելով ձեր ընտրության համար: Վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է։ Ահավասիկ,Դուք այսօր այստեղ եք և ղեկավարում եք մեր ամենակարևոր դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը: Արդարությունը վերականգնվել է նաև նմանատիպ այլ դեպքերում։

Շատ ուրախալի է իմանալ նաև, թե որքան է այսօր մեծացել Լոս ԱնջելեսումՀայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի ծավալը փոփոխությունների արդյունքում. կարծում եմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանի գրավչության ուժն է կտրուկ մեծացել:

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ում ծնված, մեծացած, ուսում ստացած երեխաների, պատանիների ծնողները հենց Հայաստանն են դիտում այն լավագույն վայրը զավակների ամառային հանգստի, ուսումնական կամ գործարար ծրագրերի համար:

Սիրելի´ հայրենակիցներ,

Ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ առաջին հերթին մտածելակերպի փոփոխության և կարծրատիպերի հաղթահարման գործում: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է մեր հասարակությունում կանանց դերակատարության և ներգրավվածության շեշտակի բարձրացմանը: Ուղղակի ապշեցնող էր հեղափոխությանը մեր կանանց մասնակցելու վճռականությունն ու հաստատակամությունը, մեծ պատրաստակամությունն ու նվիրվածությունը՝ հեղափոխությանը հաղորդելով անսպառ ուժ ու էներգիա, դառնալով դրա ոգին և կոտրելով իրենց մասին ավանդական բոլոր պատկերացումները: Հուսով եմ, որ այսուհետ կանայք ավելի մեծ դերակատարություն և պատասխանատվություն կստանձնեն մեր հայրենիքի շենացման գործում` բացարձակապես չնսեմացնելով ընտանիքի դերը կնոջ կյանքում։ Ես ինքս փորձում եմ իմ գործունեությամբ օրինակ ծառայել՝ չնայած չորս երեխաների մայր եմ և ունեմ բազում պարտականություններ ընտանիքում։

Այնքան հարցեր ու թեմաներ կան, որ կցանկանայի արծարծել և խոսել ձեզ հետ, սակայն հասկանալովնաև ժամանակի սղությունը, ցանկանում եմ մի փոքր անդրադառնալ իմ գործունեությանը և հակիրճ ներկայացնել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների առաքելությունն ու նպատակները:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի նպաստել Հայաստանում այնպիսի հասարակության և միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ կունենա զարգանալու և իր, իր ընտանիքի ու համայնքի բարեկեցությանը հետամուտ լինելու հնարավորություն։Հիմնադրամի նպատակը սոցիալական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, որոնք մեր պետության զարգացման գործում միտված են ունենալու երկարաժամկետ ազդեցություն: Այս համատեքստում առանձնակի տեղ է հատկացվում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝օժանդակելով մեր երիտասարդներին սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում, և ստացված գիտելիքն ու փորձըներդնելու մեր երկրի զարգացման և առաջխաղացման գործում: Աղքատության հաղթահարմանն ուղղված մեր ծրագրերը միտված են անապահով ընտանիքներին դուրս բերել աղքատության ճիրաններից և հնարավորություն տալ սեփական ուժերով հոգալ ընտանիքի բարեկեցությունը։

Այսօր, աշխարհը սրընթաց կերպով սլանում է առաջ, և մենք այլևս հապաղելու, ժամանակի լաբիրինթոսում խճճվելու իրավունքը չունենք: Մեր քայլերը պետք է լինեն նպատակային, արդյունավետ և երկարաժամկետ ազդեցությանը միտված։

Ինչ վերաբերում է «Սիթի օֆ սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ապա դրաառաքելությունն էօգնել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաներին և երիտասարդներին, լինել նրանց կողքին՝ աջակցելով նրանց ու նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։

Մեծարգո հյուրեր, սիրելի տիկնայք ու պարոնայք,

Պատահական չէր, որ մեր հեղափոխության շարժիչը «քա´յլ արա» կարգախոսն էր: Օգտվելով ինձ ընձեռնված այս առիթից՝ խնդրում և կոչ եմ անում ձեզ բոլորիդ կատարել «ձե´րքայլը»՝Հայրենիքին նաև մեր ծրագրերի միջոցով աջակցելու գործում: Սա բարի և արդար գործ է ու արժանի ներդրում է, որի արդյունքները, վստահեցնում եմ, տեսանելի կլինի մոտակա ապագայում:

Եզրափակելով ելույթս՝ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակիառթիվ: Ուրախ եմ տեսնել, որ այն, իրոք, հարազատ վայր է դարձելմեր համայնքի, ձեզանից յուրաքանչյուրիհամար: Շարունակեք սիրել ու փայփայելմայր հայրենիքի փոքրիկ հողակտորը այս երկրում, ինչպես որ պարտավորվել ենք փայփայել ու ծաղկեցնել հայրենիքի ամեն թիզ հողը՝ հանուն մեր սերունդներիբարեկեցիկ ապագայի, հանուն մեր երազանքների երկրի, հանուն մեր տաղանդաշատ ժողովրդի առաջընթացի ու բարեկեցության:

Հայկական ինքնության, հող ու ջրի և հայրենակիցների սիրո հազարավոր կապերի վրա խարսխված՝ Նոր և վերածնունդ ապրող Հայաստանը մեծագույն սիրով և խանդավառությամբ է սպասում ձեզ բոլորիդ և ձեզանից յուրաքանչյուրին:

Շնորհակալ եմ ջերմ հյուրընկալության համար ևակնկալում եմ շուտով հանդիպել ձեզ հետ Հայաստանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: