Հայերեն   English   Русский  

​Փոփոխությունները Հարկային օրենսգրքում


  
դիտումներ: 328

Հարկային օրենսգրքի նոր նախագիծը Ազգային ժողովում սպասում է երկրորդ ընթերցմամբ վավերացվելուն, իսկ մինչ այդ տնտեսական ոլորտի մասնագետները քննարկում են առաջարկված նախագծի բացթողումներն ու առավելությունները:

Նոր մշակված նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ավելացված արժեքի հարկի շեմը վերականգնել՝ տարեկան կտրվածքով շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի սեպտեմբերի մեկից այն սահմանելով 23 տոկոս, այնուհետև մինչև 2023 թվականը այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին հարկային օրենսգրքի նոր նախագծի ընդունման դեպքում դրա սպասվելիք առավելությունների և բացասական ազդեցությունների մասին:

«Հարկային օրենսգիրքը շարունակ ենթարկվում է փոփոխությունների՝ ելնելով կյանքի պահանջներից: Վերջին փոփոխությունների նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ, ունի դրական և ոչ դրական միտումներ: Դրական միտումներից կցանկանայի առանձնացնել այն, որ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար, եթե նախկինումնախատեսված էր 18 միլիոն դրամի շրջանառություն, որից նրանք չէին հարկվում, ապա նոր նախագծով շեմը բարձրացվել է մինչև 24 միլիոն դրամ, շահութահարկի դրույքաչափը 28 տոկոսից իջեցվել է 18 տոկոս, որը տնտեսվարող սուբյեկտների համար օգուտ կլինի: Բայց կան նաև բացասական դրույթներ, որոնցից է օրինակ բնապահպանական հարկի տարեկան դրույքաչափի ավելացումը 301 և ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների համար, որը, սակայն, կարող է օգուտ տալ բնապահպանության տեսանկյունից»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Ըստ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի՝ հարկային օրենսգրքի նախագծերի նոր փաթեթներ մշակելիս պետք է փորձել նվազեցնել ճնշումը տնտեսվարող սուբյեկտների վրա, որն էլ կբերի տնտեսության բարելավման:

Բանախոսները անդրադարձան նաև նոր նախագծով առաջարկվող ավտոմեքենաների գազի կիլոգրամով վաճառքին:

«Հայաստանում ավտոմեքենաների 70-80 տոկոսը գազով է աշխատում: Կարծում եմ, որ գազի կիլոգրամով վաճառքի մասին օրենքը հաստատելուց հետո, երբ բոլոր լցակայանները անցնեն մեկ ընդհանուր ձևով վաճառքին, դաշտը կկայունանա: Իսկ այսօր ունենք մի իրավիճակ, երբ օրենքը դեռ հաստատված չէ, սակայն կան գազալցակայաններ, որոնք գազը վաճառում են կիլոգրամով, բայց անտեղի թանկացումներով»,-նշեց Արմեն Պողոսյանը:

Մասնագետները հույս ունեն, որ մեր պետությունը առաջիկայում սննունդից բացի կփորձի դառնալ վերամշակող, ավելի շատ արտահանող և ոչ թե ներկրող երկիր:

Եղիազարյան Լիանա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: