Հայերեն   English   Русский  

​Դատարկ դասասենյակներ, շարունակվող դասադուլեր ու փոխադարձ վիրավորանքներ


  
դիտումներ: 1482

Դպրոցներում տնօրենների թափուր մնացած տեղերի համար ընտրությունները վերջին շրջանում ուղեկցվում են դասադուլերով և լարված իրավիճակներով:

Օրեր առաջ անդրադարձել էինք Կոտայքի մարզի Արամուս համայնքի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակին: Ընտրությունների ընթացքում հավասար ձայներ հավաքած երկու թեկնածուներից փոխվարչապետի կողմից այստեղ տնօրեն էր նշանակվել Աբովյան քաղաքի բնակիչ Նոնա Պողոսյանը, սակայն աշակերտներն ու վերջիններիս ծնողները ցանկանում էին այդ պաշտոնում իրենց համագյուղացի, դպրոցի փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանին տեսնել:

Արդեն մի քանի շաբաթ է խաթարվել է դպրոցի սովորական կյանքը, դրան փոխարինել են դատարկ դասասենյակները, շարունակվող դասադուլերն ու փոխադարձ վիրավորանքները: Նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանը Անդրեյ Փիլիպոսյանին է մեղադրում նման իրավիճակի համար՝ ասելով, որ վերջինս ճնշում է գործադրում երեխաների վրա: Իսկ աշակերտներն ու նրանց ծնողները պնդում են, որ իրենց ոչ ոք չի ուղորդում:

Երեկ Արամուսի միջնակարգ դպրոցում ծնողները հավաքավել և պահանջում էին նորանշանակ տնօրենի հետ հանդիպում, սակայն վերջինս հրաժարվեց հանդիպումից՝ ասելով, որ ծնողները գնան իրենց երեխաների դասասենյակներ և ինքը առանձին-առանձին կհանդիպի նրանց հետ, ինչից էլ հրաժարվեցին ծնողները: Հավաքվածների հետ հանդիպեց Կոտայքի մարզպետի վստահված անձը և առաջարկեց 5 հոգանոց խումբ ստեղծել և մարզպետարանում քննարկել ստեղծված իրավիճակը: Ծնողներն ի պատասխան ասացին, որ իրենք ցանկանում են բոլորով քննարկել խնդիրը և պատասխանատվությունը չեն թողնի 5 հոգու վրա:

Այսօր արդեն դպրոցում միայն ուսուցիչներն էին: Նրանցից ոմանք ասում են, որ նորանշանակ տնօրենն իրենց զգուշացրել է, որ հեռախոսները գաղտնալսվում են: Թե որքան կշարունակվի այս լարված իրավիճակը, ոչ ոք չգիտի:

Օրեր շարունակ նման իրավիճակի կարելի է ականատես լինել նաև Վանաձորի Պավլո Տիչինայի անվան թիվ 20 դպրոցում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տնօրեն նշանակված Կարինե Մարգարյանի դեմ են ուղղված աշակերտների բողոքի ակցիաները: Նրանք պահանջում են իրենց դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանին նշանակել այդ պաշտոնում: Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի՝ բողոքի ակցիաներն ուղղորդված են, և առաջին իսկ օրը նորանշանակ տնօրենին ուսուցչական անձնակազմը մեծ ոգևորությամբ է ընդունել, անգամ ասել են, որ իրենց կոլեգա Մարիետա Հարությունյանի դեմ պատրաստվում են ստորագրահավաք անցկացնել:

Դպրոցներում ստեղծված լարված իրավիճակները ոչ միայն զրկում են երեխաներին լիարշեք կրթության հնարավորությունից, այլև ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: