Հայերեն   English   Русский  

Պաշտոնական այցով Հայաստանում է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարը


  
դիտումներ: 199

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չեխիայի պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը և հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ռազմաքաղաքական կանոնավոր երկխոսության անցկացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լյուբոմիր Մետնարը նշել է, որ այցի ընթացքում ձեռք բերվող պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Կողմերը համաձայնել են, որ մի շարք հարցերում երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային համակարգեր են ընտրել:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը և Լյուբոմիր Մետնարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը սահամանում է համագործակցության հիմական ոլորտներն ու ձևաչափերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: