Հայերեն   English   Русский  

​Մատենադարանում լարված են հարաբերությունները աշխատակիցների և տնօրենի միջև


  
դիտումներ: 1067

Օրեր առաջ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում,

որն անցկացվել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է կենտրոնի նոր կառուցվածքը, որով երկու խումբ լուծարվել է: Խմբերից մեկը Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբն է: Ըստ վերջինիս ղեկավար պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի՝ մյուս խմբի ղեկավարն ու անձնակազմը համաձայնել են փոփոխությանը, սակայն իրենք չեն կարող համաձայնվել, որ Մատենադարանի և ընդհանրապես մշակույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրենց խումբը լուծարվի:

«2016 թվականին, երբ մենք որոշեցինք միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբ ստեղծել, այդ ծրագիրը հավանության արժանացավ նաև Գիտությունների պետական կոմիտեի կողմից, և վերջիններս ստանձնեցին պատասխանատվություն տարեկան 2 մլն. դրամ հատկացնել՝ խմբի աշխատանքների համար: Այս կարճ ժամանակահատվածում մեր կողմից 2-3 մատենաշար է լույս տեսել և կարևոր նշանակություն ունեցող մեր խումբը փակելու ոչ մի հիմնավորում չի կարող լինել»,- ասաց Արծրունի Սահակյանը:

Ըստ նրա՝ Մատենադարանի տնօրենը անձնական դրդապատճառներից ելնելով է նման որոշում կայացրել:

«2016 թվականին ես ԲՈՀ-ի կազմում եղել եմ Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական թեզի գաղտնի գրախոսը ևքանի որ նրա աշխատանքը նույն իր թեկնածուական աշխատանքի փոքր-ինչ ընդլայնված տարբերակն էր և ուներ թերություններ, ես անաչառ կարծիք եմ հայտնել Ղևոնդյանի դոկտորական աշխատանքի վերաբերյալ, որի պատճառով էլ այսօր նա որոշում է կայացրել լուծարել իմ գլխավորած խումբը», -նշեց Արծրունի Սահակյանը:

Չնայած Մատենադարանի տնօրինությունը խոստացել է, որ խմբի 4 աշխատակիցները աշխատանքով կապահովվեն, բայց խմբի ղեկավարը կարծում է, որ դրանով հարցը չի լուծվում, քանի որ մարդիկ պետք է աշխատեն այն ոլորտում, որտեղ կարող են իրենց գիտելիքներն ու ներուժը օգտագործել:

Հետագա անելիքների մասին խոսելիս Արծրունի Սահակյանը նշում է, որ պատրաստվում է դիմել դատարան՝ իր նկատմամբ արված զրպարտության համար:

«Արդեն 40 տարի է, ինչ աշխատում եմ այս կառույցում: Եվ այսօր տնօրենը ինձ մեղադրում է, որ ես նախկին տնօրեն՝ Հրայր Թամրազյանի վրա սպառնալիքներ, ճնշումներ գործադրելով եմ այս խումբը ստեղծել: Եթե ես այնպիսի կապերունենայի, որ կարողանայի նման բան անել, ապա ես կլինեի տնօրենի պաշտոնում այսօր: Սա բացահայտ զրպարտություն է՝ իմ հասցեին արված, որն անպատասխան թողնել ես չեմ կարող»,-ասաց Արծրունի Սահակյանը:

Ըստ նրա՝ Վահան Տեր-Ղևոնդյանը պետք է նախ սկսի զբաղվել գիտական աշխատանքով, քանի որ նրան նախորդած տնօրենները այդ հարցում լավագույն օրինականեր են եղել: Արծրունի Սահակյանը նշում է, որ պետք է ամեն ինչ անել Մատենադարանում այժմ տիրող իրավիճակը բարելավելու համար և ինքը պատրաստ է այդ հարցում օժանդակել տնօրենին:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: