Հայերեն   English   Русский  

Ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը 5 տարում կարող է հասնել 100 մլրդ դոլարի


  
դիտումներ: 190

2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով ծագած ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի էր հասել։

Իսկ այսօր ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերն արագորեն զարգանում են մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշոր նախագծերի հաշվին։ Ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 25 մլրդ դոլար, ինչը վկայում է վերջին տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսանոց աճի մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո կողմերը ևս մեկ անգամ հաստատել են, որ մտադիր են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները` հասցնելով այն 100 մլրդ դոլարի։

Թուրք մշակութաբան և տնտեսագետ Քեմալ Ուչունջուի կարծիքով` այդ նպատակը միանգամայն իրատեսական է և այն կարող է իրականություն դառնալ հնգամյա հեռանկարում։ Ուչունջուն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի այն ոլորտներին, որոնց ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք տանելու դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կարող են հասնել իրենց առջև դրված նպատակին։

Մասնավորապես, թուրքագետը նշում է, որ տարեկան կտրվածքով Թուրքիան նավթի և բնական գազի համար վճարում է շուրջ 55 մլրդ դոլար, որից 75 տոկոսը, այսինքն շուրջ 40 միլիարդը կարող է ապահովել Ռուսաստանը։

Թուրքիան տարեկան ներմուծում է շուրջ 30 մլն տոննա ածուխ, որի արժեքը կազմում է մոտավորապես 3 մլրդ դոլար։ Ըստ թուրքագետի` Թուրքիան կարող է այդ ածուխի առնվազն կեսը, այսինքն` 1.5 մլրդ դոլարանոց մասը ներմուծել Ռուսաստանից։

Բացի այդ, Թուրքիան տարեկան շուրջ 4 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքներ է ներմուծում, որից շուրջ 2 մլրդ դոլար կազմող մասը կարող է ներմուծել Ռուսաստանից։

Թուրքիան նաև տարեկան գրեթե 12 մլրդ դոլար արժողությամբ նավթաքիմիական արտադրանք է ներմուծում։ Ուչունջուի կարծիքով` այդտեղ էլ ներմուծման ծավալների 65 տոկոսը կամ շուրջ 8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մասը կարող է ապահովել Ռուսաստանը։

Բացի այդ` Ռուսաստանը Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի նախագծի համար մոտ 10 մլրդ դոլարի ներդրում պետք է կատարի (տարեկան 3 մլրդ), իսկ ռազմարդյունաբերության ոլորտի համատեղ նախագծերից ևս 3 մլրդ դոլար հավելյալ արդյունք կապահովի։

Մասնագետի խոսքով` ևս 10 մլրդ կարող է ապահովվել Ռուսաստանում գործող թուրք շինարարական ընկերությունների գործունեության, 15 մլրդ` Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան գոտում տարբեր ոլորտներում համատեղ ներդրումների, 10 մլրդ` Ռուաստանին էլեկտրոտեխնիկա, տրանսպորտային միջոցներ, դեղամիջոցներ մատակարարելու և ևս 12 մլրդ` զբոսաշրջության ոլորտի աշխուժացման շնորհիվ։

Ուչունջուի կարծիքով, եթե բոլոր այս ոլորտներում անհրաժեշտ ակտիվություն ու նախաձեռնություն դրսևորվի, ապա երկկողմ առևտրատնտեսական կապերի ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելը միանգամայն իրատեսական նպատակ է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: