Հայերեն   English   Русский  

​Լրագրողի ամուսինը կփոխարինի ոստիկանի ազգականուհուն


  
դիտումներ: 279

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել ԿԳ նախարարությունն այդպես էլ չի կարողացել, նա աշխատանքից ազատման դիմում է գրել ու ՛՛անհետացել՛՛:

Նախարարությունը փորձել է ճշտել տնօրենի քայլի պատճառները, բայց դպրոցի տնօրենը չի արձագանքել: Ըստ օրենքի, նախարարը ստորագրել է 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ազատման դիմումը:

- Դիմումը ստանալու առաջին օրը փորձել ենք կապ հաստատել տնօրենի հետ, չի հաջողվել: 2 օր հետո մանկավարժների հետ ենք հանդիպել, պարզվել է, իրենք էլ չեն կարողացել կապ հաստատել իրենց տնօրենի հետ: Մեր զանգերը տնօրենին՝ անարձագանք են մնացել, մենք օրենքով պետք է ընթացք տայինք դիմումին և դա արվել է, - ասում է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Օրենքով սահմանված կարգով էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Գասպարյանը: Վերջինս Գյումրու թիվ 11 դպրոցի փոխտնօրենն է:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն այսօր Գյումրի է այցելել՝ տնօրենի ժ/պ-ին հանրույթին ներկայացրել: Ինչու են ընտրել այս ավագ դպրոցի հետ ոչ մի առնչություն չունեցող պաշտոնակատար, փոխնախարարը նշում է.

- Ժ/պ նշանակելիս կարևոր է, որ այդ պահին վերջինս ղեկավարի լիազորություններ չունենա, իսկ եթե ունի՝ դադարեցնի, 2-րդ, մեզ համար սկզբունքային 2 կետ կա. ժ/պ-ն պետք է լինի մարդ, ով անկախ է, անաչառ է, որևէ կողմի ներկայացուցիչը չէ: Մարդ, որն ունի մասնագիտական լավ բնութագրեր և մարդ, որը կկարողանա դպրոցի մթնոլորտը կարգավորել և շարունակել տնօրենի լիազորությունները կատարել մինչև մրցույթի անցկացումը:

Դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում հայտարարելու է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:
Աստղիկ Ավետիսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, ընտրվել է 2 անգամ, ու երկու անգամն էլ եղել է տնօրենի թափուր տեղի համար դիմող միակ հավակնորդը:

Լուսինե Առաքելյանն ասում է, որ նոր մրցույթը նախորդներից տարբեր կլինի, քանի որ նոյեմբերի տվյալներով Շիրակի մարզից բազմաթիվ քաղաքացիներ են հավաստագրեր ստացել:

Հավելենք, որ ավագ դպրոցի նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ազգականուհին է։ Իսկ տնօրենի ժ/պ նշանակված Գևորգ Գասպարյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող, Գյումրու ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանի ամուսինն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: