Հայերեն   English   Русский  

«Երևի չեն հասկանում, թե ինչ վնաս են տալիս մեզ և պետությանը»․ ​«Սպայկայի» վաճառքի և մարքեթինգի ղեկավար


  
դիտումներ: 4829

«Սպայկա» ընկերությունում փորձում են պահպանել աշխատանքային բնականոն մթնոլորտը։ Անկախ-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության վաճառքի և մարքեթինգի ղեկավար Լիանա Թամրազյանը։

«Մենք գիտակցում ենք, որ պետք է բնականոն ռեժիմը պահպանել։ Աշխատանքները պետք է շարունակվեն առաջին հերթին մեր սեփական ջերմոցներում, որտեղ նույնիսկ մեկ օր բացակայությունը մեծ նշանակություն ունի։ Ընդհանրապես բոլոր օղակներն աշխատում են, ուղղակի սպասում ենք, թե այս ամենն ինչով կվերջանա»։

Սպայկա

«Սպայկան» համագործակցում է տասնյակ երկրների ընկերությունների հետ։ Հենց երեկ Հայաստան են ժամանել «Սպայկայի» ռուսաստանյան գործընկերները հայտնի «Լենտա» հիպերմարկետների ցանցից, որոնց հետ նախատեսվում է համատեղ ծրագիր իրականացնել։

«Ծրագրում էինք հուլիսին «Լենտա» հիպերմարկետներում անցկացնել Հայաստանին նվիրված օրեր, որոնց ընթացքում ոչ միայն մեր ապրանքատեսակները, այլև հայկական շատ ապրանքատեսակներ պետք է ներկայացվեին, անցկացվեին մշակութային միջոցառումներ և այլն։ Դա պետք է դառնար ավանդական միջոցառում։ Հիմա չգիտենք, թե ինչ կլինի։ Պարզ է, որ այս իրավիճակում նախատեսված ծավալով չենք կարող իրականացնել, բայց չենք էլ ուզում կասեցնել։ Հավանաբար փոքր ծավալով գոնե կիրականացնենք»։

Զրուցակիցս նշում է, որ ռուս գործընկերներն ապշած են «Սպայկայի» շուրջ տեղի ունեցող գործընթացներից և առաջարկել են իրենց աջակցությունը, անգամ պատրաստակամություն են հայտնել իրենց կողմից համապատասխան բնութագրեր ներկայացնել պետական ատյաններին, թե որքան պարկեշտ ու պատասխանատու գործընկեր է «Սպայկան»։

«Միգուցե տարօրինակ հնչի, բայց դրսում մեր իմիջն ավելի բարձր է, քան մեր երկրի ներսում և այսօր, փաստորեն, մեզ աջակցություն են հայտնում մեր դրսի գործընկերները։ Երևի թե նաև մեր սխալն է, որ մեր հասարակությունը լավ տեղեկացված չէ ընկերության գործունեության մասին, չի պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում։ Նաև մեր սխալն է, որ ժամանակին չենք հերքել ապատեղեկատվությունը, որ երբեմն-երբեմն մեր հասցեին գրվել է։ Մենք փորձել ենք աչք փակել և կենտրոնանալ մեր բուն գործի վրա»,-ասում է Թամրազյանը։

Այս պահին ընկերությունը դեռևս չի սկսել մթերման գործընթացը, բայց հունիսից ակնկալվում է ծիրանի մթերումը։ Ընկերության ներկայացուցիչը մտավախություն է հայտնում, որ կարող են ընկերության հաշիվների վրա կալանք դնել կամ սառեցնել հնարավոր ներդրումները, ինչպես եղավ 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում, որը պետք է փոխանցեր Եվրասիական զարգացման Բանկը։

«Եթե սա թշնամություն չի, ապա պետական մտածողություն ունեցող իշխանությունը գոնե մի քանի օր կսպասեր, այդ 100 միլիոն դոլարը կմտներ երկիր, որից հետո նոր պրոցեսը կսկսեին։ Այս ամենը կարելի էր անել առանց ընկերության ծրագրերը կասեցնելու, առանց վնասներ հասցնելու, առանց տնօրենին կալանավորելու։ Մենք ուղղակի շոկի մեջ ենք։ Վարկածներից ամենամեղմն այն է, որ երևի չեն հասկանում, թե ինչ վնաս են տալիս մեզ և պետությանը»։

Լիանա Թամրազյանի խոսքով՝ եթե «Սպայկան» դուրս մղվի շուկայից, ապա հեշտ չի լինելու այդ տեղը գրավել, և տարիներ են պետք, որպեսզի նման ընկերություն ստեղծվի ու կայանա։ «Սա ռեստորանային բիզնես չէ, որ մեկը փակես, հարյուրավոր այլ ռեստորաններ լինեն։ Միգուցե շատերն ուզենան այս գործով զբաղվել, բայց երբ ամբողջ շղթան պատկերացնեն, կտեսնեն, թե սա ինչքան բարդ, տաժանակիր աշխատանք է և ուղղակի չեն մտնի այս ամենի մեջ։ Իսկ գյուղատնտեսության արտահանումն ամենաթանկարժեք ռեսուրսն է, որը երկրի զարգացման գրավականներից է»։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացմանը, որը 15 մլն դոլարի ներդրումային ծրագիր էր՝ 120 նոր աշխատատեղերով։

Ընկերությունը նախատեսում էր կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար հոլանդական հայտնի ընկերության հետ համատեղ։ Այս ծրագրի ներդրումային չափը կազմելու էր մոտ 30 մլն դոլար։

Լիանա Թամրազյանն ասում է, որ 100 միլիոն դոլարի ներդրումը, որի մեծ մասը վարկի տեսքով հատկացնելու էր Զարգացման եվրոպական բանկը, ուղղվելու էր առաջին գործարանի զարգացմանն ու երկրորդի բացմանը, ինչպես նաև 100 հա տարածքով նոր ջերմոցային տնտեսությունների ստեղծմանը։ Այդ ծրագրերի արդյունքում մոտ 3000 նոր աշխատատեղ էր բացվելու։

«Մենք սկսել ենք մեկ-երկու մեքենա գյուղմթերք արտահանելուց, բայց դարձել ենք ոլորտի ամենախոշոր ընկերությունը, քանի որ մեր տնօրենը՝ Դավիթ Ղազարյանը, ունեցել է տեսլական, երազանք և այդ երազանքով վարակել է բոլորիս։ Նա մեր ընկերության շարժիչ ուժն է և առանց նրա չենք պատկերացնում ընկերության գործունեությունը։ Նրան փորձել են ներքաշել քաղաքականության մեջ, բայց նա միշտ զերծ է մնացել, քանի որ նրա համար կարևորը եղել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը։ Այսօր մենք բոլորս պայքարում ենք, որպեսզի այդ ամենը ուղղակի չփոշիանա»,-ասում է Լիանա Թամրազյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հատկանիշներով։ Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկան» չի ընդունում ՊԵԿ-ի մեղադրանքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: