Հայերեն   English   Русский  

Նորագավիթի ավտոմաքսատան պետն աշխատանքից ազատման դիմում է գրել


  
դիտումներ: 109

Նորագավիթի ավտոմաքսատան պետը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցից, որին վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատման դիմում գրել:

«Ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր տեղեր և ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անանյանը և հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:

«Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, ՊԵԿ նախագահն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը:

Նա հավելեց, որ բավարարել է աշխատակցի դիմումը, որը աշխատակցի ընտրությունն էր: «Մաքսատան պետի դիմումը գրվել է և ես բավարարելու եմ, նրա անունը Միրզոյան Հայկ է: Ինքն է ազատման դիմում ներկայացնելու ցանկություն հայտնել, ես հարգում եմ իր որոշումը»,- եզրափակեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցելելու ժամանակ դրոշը պատին հենած լինելու պատճառով հրահանգել էր, որ այդ սենյակի աշխատակիցները ազատման դիմում գրեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: