Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը պատրաստվում է անդրանիկ լիագումար նիստին


  
դիտումներ: 723

Ս․թ․ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի օրակարգային հիմնական հարցը եղել է առաջիկա լիագումար նիստի նախապատրաստական հարցերի քննարկումը։

Նախապատրաստվող նիստը լինելու է Հանրային խորհրդի ձևավորումից հետո անդրանիկ լիագումար նիստը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ՝ որոշակի ոլորտների և խորքային խնդիրների առումով հստակեցնելով իր տեսլականն ու նպատակները, առաջիկա մի քանի տարիների ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները։

Իբրև հրատապ հարց՝ որոշվել է դիմել ՀՀ վարչապետին հանձնարարելու համապատասխան մարմիններին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը հաստատելուց առաջ: Առաջարկն արել է ՀԽ անդամ, խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը՝ հաշվի առնելով Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների համագործակցության կարևորությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև բյուջետային հայտերի կազմման գործընթացն առավել թափանցիկ, ներառական և նպատակային դարձնելու անհրաժեշտությունը։

Լիագումար նիստի օրակարգային հարցերը հստակեցնելու և նախապատրաստելու նպատակով որոշվել է կազմակերպել քննարկում Հայաստանի կրթության և գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

Որոշվել է Հայաստանի տնտեսական ոլորտի խնդիրները, ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել լիագումար նիստի օրակարգ։ Այդ նպատակով կկազմակերպվի նախնական քննարկում Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի, ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի, ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահների, Հանրային խորհրդի որոշ անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կհամակարգի Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Լիագումար նիստից առաջ կկազմակերպվի քննարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության և անցումային արդարադատության թեմայով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: