Հայերեն   English   Русский  

Հայերը Թրամփի վրա ազդեցության գաղտնի զենք ունեն. Ջեքի Սփեյեր


  
դիտումներ: 1106

Օրեր առաջ Վաշինգթոնում` ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել: Միջոցառման շրջանակներում ելույթ ունենալով` ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյերը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նամակ գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով ճանաչել և դատապարտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հայկական արմատներով կոնգրեսականը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հայկական համայնքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իշխանությունները ճանաչեն Ցեղասպանությունը: Այդ համատեքստում Սփեյերը կատակել է, որ եթե ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միանա հայ համայնքի պահանջին, ապա միգուցե հաջողվի արդյունքի հասնել:

«Այս հարցում հայկական համայնքը գաղտնի զենք ունի: Անհրաժեշտ է, որպեսզի Քիմ Քարդաշյանը թվիթերի միջոցով կոչ անի Դոնալդ Թրամփին պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը», - ժպիտով ասել է Ջեքի Սփեյերը:

Կոնգրեսականն իր ելույթում նշել է նաև, որ Միացյալ Նահանգներում վաղուց ժամանակն է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար և հայտարարել, որ Կոնգրեսում ներկայացված ճանաչման մասին փաստաթղթի վերջնական ընդունման համար որևէ խոչընդոտ չի տեսնում:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը պահպանելու նոր բանաձև էին ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: