Հայերեն   English   Русский  

​Ամփոփում ենք Մատենադարանի անցած տարին


  
դիտումներ: 925

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի պաշտոնավարումից անցել է շուրջ մեկ տարի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում

Ղևոնդյանը խոսեց այդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ձեռքբերումների մասին: Ըստ նրա՝ ամենամեծ ձեռքբերումը կարել է համարել 2018 թվականին Հայաստանի անդամակցությունը «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումին:

«Այս ֆորումը ստեղծվել է 2016 թվականին՝ Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ: Այժմ ֆորումի լիիրավ անդամներ են Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան, Պերուն, իսկ արդեն 2018 թվականից նաև Հայաստանը: Ֆորումին կարող են մասնակցել այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք ունեն 1500-2000 տարվա պատմություն, մշակույթ: 2019 թվականի մարտի 20-22-ը Բոլիվիայի Լա Պաս քաղաքում տեղի ունեցավ երկրորդ ֆորումը, որին մասնակցեցինք նաև մենք: Կարծում եմ, որ Հայաստանի ներգրավածությունը «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումին համապետական նշանակություն ունի»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Ըստ բանախոսի՝ անելու են ամեն ինչ, որ հնարավորություն ստանան հաջորդ ֆորումներից մեկը կազմակերպել հենց Հայաստանում: Վահան Տեր-Ղևոնդյանը անդրադարձավ նաև Մատենադարանի՝ անցած մեկ տարվա գործունեությանը, և նշեց, որ չնայած լարված և հեղափոխական մթնոլորտում անցավ 2018-ը, սակայն իրենք բեղուն տարի են ունեցել:

«Շարունակվել են մատենաշարերի, մենագրությունների հրատարակությունները, Մատենադարանի ֆոնդերը և արխիվները համալրվել են: 2018 թվականի ընթացքում 51 ձեռագրեր են նվիրատվություն ստացվել: Մեծ նվաճում էր նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսի կազմակերպումը, որին 28 ձեռագրերով իր մասնակցությունն ունեցավ նաև Մատենադարանը»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանի տնօրենն անդրադարձավ նաև իր և Արծրունի Սահակյանի միջև ծագած լարված իրավիճակին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մատենադարանի աշխատակից Արծրունի Սահակյանն ասել էր, որ օրեր առաջ տնօրենի կողմից կատարված կառուցվածքային փոփոխությունների պատճառով կազմալուծվել է նաև իր գլխավորած «Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման» խումբը: Ըստ նրա Տեր-Ղևոնդյանի այս քայլը կատարվել է անձնական դրդապատճառներից ելնելով: Սակայն Վահան Տեր-Ղևոնդյանը հերքեց իր քայլերում որևէ անձնական դրդապատճառի առկայությունը:

«Կառուցվածքային փոփոխությունները ես դեռ նախընտրական հնգամյա իմ պլանում եմ ներկայացրել: Դրանք արվել են աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Կազմալուծված խմբերի աշխատակիցները չեն կորցնելու իրենց աշխատանքը, մատենաշարերի հրատարակությունը կանգ չի առնելու, պարզապես աշխատակիցները տեղափոխվել են ավելի մեծ խմբեր, որտեղ կկարողանան ավելի արդյունավետ աշխատել: Խմբերի կազմալուծման մեջ ոչ մի անձնական դրդապատճառ չկա, իսկ Արծրունի Սահակյանը, եթե ցանկանում է ինձ դատի տալ իրեն զրպարտելու ու վիրավորելու համար, ապա ես էլ իրեն եմ դատի տալու՝ տարբեր թերթերում իմ գիտական աշխատանքի մասին վատ բաներ գրելու և իմ անունը գցելու համար»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նախորդ մեր անդրադարձում նշել էինք, որ Արծրունի Սահակյանը պնդում է, որ ինքը եղել է Մատենադարանի տնօրենի գաղտնի գրախոսը ԲՈՀ-ի կազմում, և քանի որ բացասական կարծիք է հայտնել Տեր-Ղևոնդյանի աշխատանքի վերաբերյալ, այդ իսկ պատճառով էլ վերջինս փորձում է վրեժ լուծել իրենից: Սակայն ըստ Տեր-Ղևոնդյանի՝ օրեր առաջ տեղի ունեցած Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հենց Սահակյանն է խոստովանել, որ եղել է իր գրախոսը, իսկ մինչ այդ Մատենադարանի տնօրենը ոչ մի անգամ չի փորձել իմանալ գաղտնի գրախոսի ինքնությունը:

Վահան Տեր-Ղևոնդյանը իրենց հետագա անելիքների մասին խոսելիս ասաց, որ շարունակելու են ամեն ինչ անել, որ տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող Մատենադարանը շարունակի զարմացնել և հետաքրքրել ոչ միայն հայերին, այլև օտարերկրացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: