Հայերեն   English   Русский  

​Բուքմեքերական գրասենյակների փակումը կօգնի՞ պայքարել խաղամոլության դեմ


  
դիտումներ: 678

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ դրված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

որով սահմանափակվելու են Հայաստանի տարածքում բուքմեքերական գրասենյակների գործունեությունը, գազալցակայաններից հանվելու են խաղային ապարատները, միանշանակ չընդունվեց ոլորտում աշխատողների կողմից: «Գուդվին Բետ» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը կարծում է, որ առաջարկված նախագիծը չի օգնելու խաղամոլության մակարդակի նվազմանը:

«Այսօր ոչ մի հստակ վիճակագրություն չկա, թե մարդիկ ավելի շատ վնասում են իրենց, ընկնում են պարտքերի տակ ինտերնետային շահումով խաղերի պատճառով, թե բուքմեքերական գրասենյակներ այցելելով: Առաջարկված նախագիծը եթե սկսի գործել և բուքմեքերական գրասենյակները տեղափոխվեն հանրապետության միայն չորս քաղաքներ, ապա ավելի քան 1300 մարդ մնալու է առանց աշխատանքի, տուժելու է նաև բյուջեն, որին միայն «Գուդվին Բետ» ընկերությունը 2018 թվականին 1 միլիարդ դրամ գումար է վճարել»,-ասաց Սարգիս Միքայելյանը:

Ըստ նրա՝ ավելի կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել ինտերնետ հարթակի վրա, քանի որ եթե բուքմեքերական գրասենյակներում աշխատակիցները կարող են պահանջել անձը հաստատող փաստաթուղթ և ներս չթողնել անչափահասներին, ապա ինտերնետային էջեր կարող են ունենալ ցանկացած տարիքի մարդիկ, և այս դաշտում ոչ մի հստակ վերահսկողություն չկա:

«Մեր մտահոգություններն ու առաջարկներն արդեն իսկ ուղարկել ենք «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին», որով առաջարկել ենք, գրասենյակները ամբողջությամբ փակելու և պարոն Սիմոնյանի նշած ընդամենը 4 քաղաքաներ՝ Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ և Սևան տեղափոխելու փոխարեն, Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում երկուական գրասենյակ ստեղծել: Դրանով մեծ մասամբ աշխատակիցները չեն զրկվի իրենց աշխատանքից և վնասներն էլ ավելի քիչ կլինեն»,-նշեց «Գուդվին Բետ» ընկերության գործադիր տնօրենը:

Ըստ նրա՝ գրասենյակների փակվելուց հետո իրենց մոտավոր կորուստները հասնելու են 1,5 միլիարդ դրամի: Նրա կարծիքով օրենքը ոչ թե խաղամոլության մակարդակն է նվազեցնելու, այլ դաշտում մենաշնորհ է ստեղծելու այն ընկերությունների համար, որոնք արդեն իսկ մասնագիտացել են ինտերնետ ոլորտում:

«Վարչապետի, որոշ պատգամավորների հորդորներից հետո մեր ընկերությունը ինքնակամ որոշել է գազալցակայաններից հանել խաղային ապարատները, չնայած դրանից մենք միայն տուժելու ենք: Եվ մենք էլ սպասում ենք, որ պատկան մարմինները որոշ զիջումների կգնան ի օգուտ մեզ և խաղամոլության դեմ կսկսեն պայքարել փակելով ոչ թե բուքմեքերական գրասենյակները, այլ խաղատները»,-ասաց Սարգիս Միքայելյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր ևս մեկ նախագիծ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: