Հայերեն   English   Русский  

​«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջև


  
դիտումներ: 449

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջև

Այսօր` ապրիլի 11-ին, Գրողների միությունում էին հավաքվել ուսուցիչներ, մանկագիրներ, հրատարակիչներ, խմբագիրներ և իրենց տագնապն ու վրդովմունքն էին արտահայտում Հայաստանում շուրջ 100 տարի լույս տեսնող ավանդական մանկապատանեկան պարբերականների փակման դեմ:

Մինչև այժմ «Աղբյուր», «Ծիծեռնակ» և «Կանչ» մանկապատանեկան հանդեսները հրատարակվում էին պետական ֆինանսավորմամբ: 1990 թվականին Գերագույն խորհուրդը որոշում էր ընդունել յուրաքանչյուր տարի բյուջեից ֆինանսավորում հատկացնել այս երեք ամսագրերի տպագրության համար, և մինչև այժմ այդ որոշումը չեղյալ չի հայտարարվել: Բայց այս տարվանից արդեն մանկապատանեկան պարբերականները հրատարակելու համար գումար կստանան, եթե հաղթեն Կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթում:

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները դուրս են մնացել ՀՀ կրթության և գիտության նախարարության մանկապատանեկան մամուլի հրատարակման վերաբերյալ հայտարարած մրցույթից: Հանդեսների գլխավոր խմբագիրներն իրենց վրդովմունքն են հայտնում այդ կապակցությամբ` նշելով, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի անցկացման չափորոշիչները:

«Նախքան Կրթության և գիտության նախարարությունը կհայտներ մրցույթի մասին հնարավորություն ունեցանք զրուցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նա ասաց, որ մանկապատանեկան մամուլի հրատարակման վերաբերյալ հայտարարվելու է տենդեր: Հենց այդ ժամանակ բարձրացրեցինք հարց, որ գոնե տասը տարվա պարբերականություն ունեցող ամսագրերը մասնակցեն տենդերին: Նախարարն ընդունեց դա: Մրցույթից հետո հաղթեցին այնպիսի հրատարակություններ ու տպարաններ, որոնք մանկապատանեկան ամսագրեր կամ թերթեր չեն հրատարակել»,-պատմեց իննսունամյա «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանը:

Նա շեշտեց, որ տենդերը տրամադրելիս պետք է նայել մանկապատանեկան մամուլի բովանդակությունը, ոչ թե առաջնահերթությունը տալ հրատարակությունների, որոնք քիչ գումար են ներկայացրել:

«Մենք դիմել ենք Կրթության և գիտության նախարարին, ՀՀ վարչապետին և այլ պատկան մարմինների, որպեսզի վերանայեն տենդերը»,-շեշտեց Վարդանյանը:

«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանի խոսքով` մրցույթին մասնակցել ու չեն շահել այն պատճառով, որ այլ մասնակիցները ավելի քիչ գին են ներկայացրել տպագրության համար:

«Ծիծեռնակ»

«1990 թվականին Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց մանկապատանեկան երեք հանդեսները` «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը» վերցնել պետական հովանավորության տակ և հոգալ դրանց հրատարակման ու պահպանման հարցերը: Մեզ տրամադրվող գումարն այն ժամանակից մինչ օրս հասում էր ոչ միայն մեր խմբագրություններին, այլև մանկապատանեկան այլ պարբերականների, քանի որ նպատակ կար զարգացնելու ոլորտը: Այս տարի որոշվեց գումարը բաշխել մրցույթի միջոցով: Կարծում եմ` դա ռազմավարական առումով սխալ քայլ է»,-ընդգծեց նա:

Տոնոյանն առաջարկում է տենդերն անվավեր ճանաչել հստակ բովանդակային և այլ չափորոշիչների բացակայության հիմքով: «Անվավեր ճանաչելուց հետո այս տարվա ֆինանսավորումը բաշխել այնպես, ինչպես նախորդ տարիներին, տարվա ընթացքում ձևավորել մասնագետների հանձնախումբ փորձառու լրագրողներից, մանկավարժներից, գրողներից, որոնք տարվա ընթացքում կմշակեն մրցույթի անցկացման չափորոշիչների ցանկ: Թող լինի նոր մրցույթ, բայց ոչ թե մեկ տարվա համար, այլ գոնե հինգ»,-շեշտեց Տոնոյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ անհրաժեշտ է կարևորել մանկապատանեկան մամուլի որակյալ բովանդակությունը: «Մանկապատանեկան մամուլը պետք է լինի գունագեղ, հարուստ բովանդակությամբ, կրթական ու դաստիարակչական թեմաներով: Վերոնշյալ երեք պարբերականները մանկապատանեկան գրականության հիմնական կրողներն են»,-ընդգծեց նա:

Այսօր Գրողների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը հրապարակեց Թադևոս Տոնոյանը․

- «Նման ձևով երեխաների կրթությունից և դաստիարակությունից գումար տնտեսելու փորձերը ճիշտ չեն: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթությունը երկրի զարգացման համար գերակայություն է հռչակել: Մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումն ավելացնելու, նրա կրթադաստիարակչական գործունեությունը համակարգելու մասին մտածելու փոխարեն Կրթության և գիտություն նախարարությունը ընտրում է հեշտ և էժան տարբերակը, որը, համոզված ենք, անչափ թանկ է նստելու մեր երկրի վրա: Պահանջում ենք չափորոշիչների հստակեցման հիմքով անվավեր ճանաչել կայացած մրցույթ-տենդերը, գոնե նախորդ տարվա համամասնությամբ բյուջեով նախատեսված գումարի չափով վերսկսել մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումը, մինչև ընթացիկ տարում մասնագետների հետ՝ փորձառու մանկավարժներ, խմբագիրներ, ճանաչված գրողներ, լրագրողներ, հիշյալ ոլորտի համար մշակվեն և սահմանվեն հստակ չափանիշներ»:

«Ծիծեռնակ» հանդեսն իննսուն տարվա պատմություն ունի, «Աղբյուրը» հրատարակվում է 1923 թվականից: Այն հիմնադրել են Եղիշե Չարենցն ու Ստեփան Զորյանը, իսկ «Կանչը» 94 տարվա պատմություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: