Հայերեն   English   Русский  

​Անին մի քանի մետրից տեսնելը նույնիսկ՝ փող է բերում, լուսանկարներ


  
դիտումներ: 1884

Կովկասի զարդն համարվող Անի քաղաքի դեմ դիմաց, Ախուրյան գետի աջ ափին խարկված հողի երկիրն է՝ Խարկով կամ Նոր Շեն գյուղը:

Այն հիմնվել է 1800-ականների վերջերին՝ Մուշից գաղթած ընտանիքների կողմից, որոնք ցանկացել են ապրել իրենց բնակության վայրին մոտ, որ հետո հեշտությամբ կարողանան վերադառնալ: Բայց մնացել ու շարունակել են արարել Շիրակի մարզի Նոր Շենում: 100-ից ավելի տնտեսություն է եղել գյուղում, հետո, 1970-ականներից սկսած մարդիկ սկսել են քիչ-քիչ հեռանալ Խարկովից, իսկ հայ-թուրքական սահմանը փշալարերով պատվելուց ու որպես սահմանագոտի զատվելուց հետո գյուղը դատարկվել է:

Նոր Շեն գյուղ,Հայկական Խարկով

Հիմա Խարկովում մեկ ընտանիք է բնակվում՝ Վահանդուխտ տատն ու որդին: Ոչ միշտ, բայց գյուղ զբոսաշրջիկներ են գալիս, որոնց համար էլ և գիդ, և հյուրընկալող հանդիսանում է տատին: Հենց նա էլ եկող-գնացողին պատմում է, թե ինչու է մնացել փշալարերով փակված գյուղում. ամուսնու շիրիմն է այս գյուղում, իսկ սկեսուրն էլ պատգամ է թողել՝ ալյուր էլ չունենաք հաց թխելու համար, թոնիրը միշտ վառեք, թող ծուխը բարձրանա, որ հակառակորդն իմանա՝ գյուղը ապրում է:

Հայկական Խարկովում այսօր շատ քիչ բան կա զբոսաշրջիկին ներկայացնելու, խոնարհված եկեղեցի ու դատարկ, ավերակ տներ: Հայ-թուրքական սահմանին ձգվող կիրճը Խարկովն ու Անին բաժանում է իրարից, բայց երկու բնակավայրն էլ այսօր հավասարվել են՝ ավերակ են:

- Ես գաղափարներ շատ ունեմ, օրինակ՝ հին տները նույն ձևով մնան, մի փոքր վերանորոգման աշխատանքներ տանել, որոշակի հարմարություններ ստեղծել, փոքր ճանապարհներ սարքել՝ մի տնից մյուսը միացող: Շատ հետաքրքիր բան կստացվի, - Խարկովը զբոսաշրջային վայր դարձնելու գաղափարների մասին է խոսում Անի ավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:
Անին հայկական կողմից տեսնել ցանկացողները և հայերն են, և օտարերկրացիներ: Արտասահմանցի զբոսաշրջիկին գոհացնելն էլ առանձնպես բարդ չէ, վարչական ղեկավարն է օրինակ բերում.

Նոր Շեն գյուղ,Հայկական Խարկով

- Իրենց ճոխությունները չեն հետաքրքրում, նրանց պահանջները շատ քիչ են: Նրանց համար Երևան-Գյումրի գնացքով տեղափոխվել, Անին տեսնելն ավելի հաճելի է, քան երկհարկանի ավտոբուսով: Մի անգամ նման առիթ եղավ. անձրևոտ էր, ճանապարհն էլ լավ չէ, իրենց տուրիստական ավտոբուսը չկարողացավ առաջ գնալ, ես չկարողացա ավտոբուս տրամադրել, որ տուրիստները իջնեին գյուղ՝ Անին տեսնելու, տվեցի մի ՛՛Զիլ՛՛ մեքենա, ու մտածում էի, թե ֆրանսիացիները կարող է նեղվեն: Բայց, բանից պարզվեց, իրենց շատ էլ դուր էր եկել, իջել էդ մեքենայի մեծ-մեծ բորտերն էին նկարում, մեքենան էին նկարում:

Նոր Շեն գյուղ,Հայկական Խարկով

Նաև զբոսաշրջիկներ են եղել, ովքեր եկել Անին տեսել են, տեսել են նաև Խարկովի ու Անիավանի վիճակը, ղեկավարից հետաքրքրվել են՝ ինչով օգնել.

- 3 տարի առաջ մի տղա էր եկել, ուզում էր Անին նայել: Հայերեն չգիտեր, հայրը հայ էր, մայրը՝ ռուս: Առաջին անգամ եկել էր Հայաստան ու ուզում էր Անին տեսնել: Արտյոմ էր անունը, հարցրեց ինչո՞վ կարող եմ օգնել: Հարցրեց՝ դպրոց կա՞, ասի կա: Մարզադպրոց կա՞, ասի՝ կա: Ասաց, որ մարզադահլիճի ամբողջ գույքը բերեմ նորմա՞լ է: Մի հատ Անին նայելով ամբողջ գույքը գնեց: Հաջորդ տուրիստն եկել է իր կողմից լուսավորությունն է ապահովել, Ամերիկայից մի ընտանիք էր եկել՝ դպրոցին օգնություն տվեց:

Զբոսաշրջիկներն այստեղ շատ բացասական երևույթների են հանդիպում, դեռ Գյումրի-Արմավիր մայրուղուց նրանց դիմավորում է ավերակ ճանապարհը: Անիավանում ու նրա կազմի մեջ մտնող Խարկովում Անիի ավերակներից ավելի ավերակ են ճանապարհները: Եթե ոչ բնակիչների համար, ապա գոնե զբոսաշրջիկներին չհասթափցնելու նպատակով պետական աջակցություն այս խնդրի լուծմանը հարկավոր է:

Հայ-թուրքական պետական սահմանը հսկող ռուսական սահմանապահ զորքերի սահմանապահներն են նշում՝ այս հատվածում զբոսաշրջիկների պակաս չկա, գալիս են և փոքր, և մեծ խմբերով: Գյուղը նույնիսկ 200 հոգանոց զբոսաշրջիկների խմբերի է հյուրընկալել, ովքեր զարմացած լուսանկարվել են անգամ ավերակ ճանապարհներին:

Նոր Շեն գյուղ,Հայկական Խարկով

Ու քանի դեռ հայկական կողմն իր պատմական հայրենիքն չօգտագործելով տնտեսություն զարգացնելու և հայաստանաբնակների խնդիրներն անտեսելու քաղաքականություն է վարում, փշալարերից այս կողմ, հայկական գյուղերում, քնելու և արթնանալու են Թուրքիայից լսվող մոլլայի կանչով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: