Հայերեն   English   Русский  

«Ադեկվադ»-ն ընդդեմ իշխանությունների ստերի


  
դիտումներ: 355

«Ադեկվադ» խմբի կողմից ապրիլի մեկից սկսած հանարպետության տարբեր բնակավայրերում անցկացվում է #sutNikol ֆլեշմոբը:

Ակցիայի մասնակիցները տարբեր վայրերում թողնում են #sutNikol գրությունը: Վերջիններս նշում են, որ այս նախաձեռնությունն ապրիլի մեկից հետո ընդհատվել էր, քանի որ Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի արարողություններն էին, սակայն այսօր առավոտյան այն նորից վերսկսվել է ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Սիսիանում, Վանաձորում, Մարալիկում, Գյումրիում, Էջմիածնում, Ախուրյանում և Ամասիայում: Ըստ «Ադեկվադ» խմբի տվյալների՝ ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի նկատմամբ այսօր առավոտյան կիրառվել է վարչական ձերբակալում:

Վերջիններս ազատ արձակվելուց հետո հրավիրել էին մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրին իրենց գործունեության բուն նպատակը և նշեցին, որ իրենք շարունակելու են իրենց նախաձեռնությունը, քանի որ տեսնում են, որ հասարակությունը համակարծիք է իրենց հետ, և հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո անհրաժեշտություն կա բարձրաձայնելու Նիկոլ Փաշինյանի ու իշխանության ստերը: Խմբի անդամները նշում են, որ իրենք ոչ մեկի կողմից չեն ֆինանսավորվում և իրենց ակցիան ուղղորդված չէ

Իրենց առաջիկա անելիքների մասին խոսելիս «Ադեկվադ» խմբի տղաները նշեցին, որ պատրաստվում են այս ամիս մրցույթ անցկացնել, որի գաղափարն է արվեստի միջոցով ներկայացնել իշխանության ստերը:

«Մենք հայտարարում ենք մրցույթ, որին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 26-ն է: Մրցույթում կհաղթեն այն մասնակիցները, ովքեր իրենց արվեստի միջոցով կներկայացնեն Նիկոլ Փաշինյանի և իշխանության ստերը, և ամնեաշատ հավանումներն ու ձայները հավաքածները կճանաչվեն հաղթող և կպարգևատրվեն 1000 ԱՄՆ դոլլար մրցանակով: Շուտով հրապարակվելու է հաշվեհամար, որին բոլոր ցանկացողները կարող են փոխանցումներ անել: Դրանից էլ կկազմվի մրցույթի դրամական ֆոնդը»,-ասացին «Ադեկվադ» նախաձեռնության համակարգողները:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ մինչ այսօր Փաշինյանի միայն երկու ասածներն են իրականություն դարձել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Խմբի անդամներն ասում են, որ իրենց նպատակը բոլոր իշխանությունների ստերի բացահայտումն է:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: