Հայերեն   English   Русский  

Հայերն Արգենտինայում ժամանակավոր աշխատանքի իրավունք կստանան


  
դիտումներ: 302

ՀՀ քաղաքացիներն Արգենտինայում առանց մուտքի վիզայի 3 ամիս աշխատելու իրավունք կստանան։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է վավերացնել «Արգենտինայի և Հայաստանի Հանրապետությունների միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը»։

Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` համաձայնագիրը նույն իրավունքն է ընձեռում նաև արգենտինացիներին, և, որքան էլ տարօրինակ է, արգենտինացիներին այս իրավունքն ավելի անհրաժեշտ է։

Հարցին, թե երկու երկրներում քանի քաղաքացու շահերից է բխում համաձայնագրի վավերացումը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Արգենտինայի պարագայում, կարծես, ավելի հստակ է կարիքը, քան մեր։ Արգենտինյան ընկերության` Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում տարեկան մի քանի հարյուր երիտասարդներ են այցելում Հայաստան։ Մենք ընդամենը ունենք 100-ի չհասնող ուսանողներ Արգենտինայում»։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ համաձայնագիրը վերաբերելու է երկու երկրների 18-35 տարեկան քաղաքացիներին։

Այդուհանդերձ, Արգենտինայում գտնվելու ընթացքում աշխատելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներ կան։

«Թեև մեծ թիվ չեն կազմում, բայց կան երիտասարդներ թե՛ Հայաստանում և թե՛ Արգենտինայում, որոնք այդ երկրներում կարճատև այցի ընթացքում, երբ մեկնում են սովորելու կամ հանգստանալու, օրինական հիմքերով աշխատելու ցանկություն են հայտնում»,– ասել է Գրիգոր Հովհաննիսյանը։

Խորհրդարանական հանձնաժողովը քննարկման արդյունքում հավանություն է տվել ԱԳՆ առաջարկին ու որոշել համաձայնագիրը ներառել հենց վաղը մեկնարկող նիստերի օրակարգում։

Ի դեպ, համաձայնագիրը ՀՀ և Արգենտինայի միջև ստորագրվել է 2014 թ․, բայց Հայաստանը մինչև հիմա այն չի վավերացրել։

2011թ․-ից երկու երկրների միջև գործում է մուտքի ազատական ռեժիմ, որն առանց վիզայի 3 ամսվա այցելության իրավունք է ընձեռում, բայց առանց այդ ընթացքում աշխատանքի հնարավորության։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: