Հայերեն   English   Русский  

​Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում


  
դիտումներ: 1106

Ապրիլի 22-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի երաժշտության երեկոյի։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացվեն Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Նվագախմբի հետ հանդես կգա մեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող Ալեքսանդր Ռոմանովսկին։

«Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու մասին գրել է. «Ալեքսանդրը յուրահատուկ է։ Նրա մեջ ոչ միայն համատեղված են երևակայությունն ու կատարողական տեխնիկայի արտասովոր տաղանդը, այլև զգացմունքայնությունն ու երաժշտության գեղեցիկ մեկնաբանությունը»։ Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու ալբոմը՝ բաղկացած Ռախմանինովի ստեղծագործություններից, գնահատել է որպես մեծագույն նվաճում։

Ռոմանովսկու արվեստին հայ երաժշտասերները ծանոթ են, նրա համերգները Երևանում միշտ անցնում են լեցուն դահլիճներում և բուռն ծափահարությունների ներքո։ Նա սպասված երաժիշտ է Հայաստանում, ում այստեղ սիրում ու գնահատում են։

«Հայերը շատ հոգևոր և խորը զգացմունքային ժողովուրդ են՝ հավատարիմ իրենց արժեքներին»,- մի առիթով ասել է Ռոմանովսկին, ում ծափահարում են աշխարհի լավագույն բեմահարթակներում, ով ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի ու ճանաչված դիրիժորների հետ։

Ալեքսանդր Ռոմանովսկու արվեստի և ամբողջ աշխարհում ռուսական երաժշտության խորհրդանիշներից մեկը համարվող Սերգեյ Ռախմանինովի խոշորակտավ երկու ստեղծագործությունների հետ երաժշտասերները կարող են հաղորդակցվել ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: