Հայերեն   English   Русский  

Ներառական կրթություն. մարտահրավեր, թե՞ բարեփոխում


ֆբ գրառում


  
դիտումներ: 3411

2019 թվականին համընդհանուր ներառական կրթության համակարգի կներդրվի Երևան քաղաքի՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Նշվում է, որ նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Սակայն համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Լիարժեք գնահատված չեն երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր:

Կարևորագույն հարցերից է նաև ներառական կրթություն իրականացնող մասնագետների և նրանց մասնագիտական պատրաստվածության խնդիրը:

Եթե հանրակրթական դպրոցները ունենային համապատասխան պայմաններ ու ռեսուրսներ, հնարավոր է սա աշխատեր, բայց ցավոք սա մեր երկրում իրատեսական չէ:

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում բացակայում են տարրական պայմանները հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դպրոցները չունեն մատչելի թեքահարթակներ, սանհանգույցներ, ինչպես նաև համապատասխան մասնագետ-ուսուցիչներ:

Բնականաբար, ԿԱՊԿՈՒ երեխան մեղավոր չի, որ այդպիսին է ծնվել։ Նա ունի կրթության նույնքան իրավունք , որքան ցանկացածը։

Բայց ստացվում է, որ այս երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու համար խախտվում են դասարանի մնացած երեխաների իրավունքները։ Մի ողջ դասարանի դասապրոցեսները խանգարելու հաշվին փորձում ենք ինտեգրել հասարակությանը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան հասարակության, դպրոցի օգնության կարիքն ունի, սակայն մտավոր խնդիրներով երեխան ունի նաև բժշկի և համապատասխան մասնագետի կարիք։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ պետք է աշխատի տարբեր մասնագետներից կազմված թիմը՝ անկախ երեխաների թվից և կրթության առանձնահատուկ կարիքների բնույթից (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ): Իրականում նման ամբողջական թիմ չի հավաքվում:

Այս հարցում մտահոգված են հատկապես ուսուցիչները, ում ուսերին է մնալու դասապրոցեսի կազմակերպման ողջ գործընթացը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին.

՛՛01.09.2019.... փակվել են բոլոր հատուկ դպրոցները, ու ներառական կրթությունը մտել է դպրոց ու քայլում է հպարտորեն:Ռուսը կասեր՝ Прошу любить и жаловать :Սկզբից ուսուցիչը,սոցմանկավարժը,հոգեբանը, տնօրինությունը ամեն ինչ կանեն,որ ներառվող երեխան հարմարվի,ընտելանա,շրջապատվի սիրով ու ջերմությամբ,որ աշակերտները օգնեն, ընդունեն նրան այնպիսիսն,ինչպիսիսն կա ու ....ու սկսվում է ՈՒ-երի շարքը.

Աշակերտները ամեն անգամ պիտի հանդուրժեն համադասարանցու տարօրինակ պահվածքը,որն իր դրսեվորումներով հաճախակի պիտի խաթարի դասապրոցեսը,պիտի առաջնորդվի միայն իր ցանկություններով ու պահնջներով, ու երեխաները պիտի ենթարկվեն,խղճան,մինչեվ ...հոգնեն իրենց տարօրինակ համադասարանցուց ու սկսեն բողոքել:Լավ սովորողը էլի իր դասերին ուշադիր կլինի, կհասցնի ամեն ինչ,վատ սովորողը կսկսի ավելի վատ սովորել,որովհետեվ նա կլինի շտապ օգնությունը թե՛ ներառվողի, թե՛ուսուցչի համար:Իսկ ինչո՞ւ վատ սովորղը, որովհետեվ գիտենք՝ նա միշտ առիթ է փնտրում ամեն ինչ անելու, բացի դասից: Ու կապ չունի, թե դասարանում քանի ուսուցիչ է աշխատում.ասում են՝ իբր կլինեն ուսուցչի օգնականներ,այդքան բյուջե ունե՞ն ,որ օգնական էլ պահեն:ՈՒ եթե լինի էլ ՝տարիներ հետո:Իսկ հոգեբանը, սոցմանկավարժը ,մանկավարժը, լոգոպեդը,որոնց հաստիքները արդեն պարտադիր են լինելու բոլոր դպրոցներում,չեն կարող միաժամանակ լինել բոլոր դասարաններում: Ու ուսուցիչը հաստատ կունենա մեկի օժանդակության կարիքը,ով տվյալ պահին դառնում է աշակերտը: Հարկ է նշել,որ այսօր ներառական դպրոցներ հաճախում են հիմնականում թեթև խնդիրներ ունեցող երեխաները,ովքեր չունեն անհատական մոտեցման կարիք: Ինչ է ստացվում՝ դասարանի ուսման առաջադիմության որակն ընկնում է, վատ սովորողը այդպես էլ չի հասնում միջին մակարդակի,լավ ու գերազանց գնահատականներն էլ չեն ավելանում,այլ՝ ընդհակառակը:Աչքը շինելու փոխարեն ունքն էլ է վնասվում:Հանուն մարդասիրության/հումանիզմ/ կարելի է ամեն ինչ անտեսել ու հաղթահարել՝կասեն շատերը: Կարելի է ,եթե կան համապատասխան ռեսուրսներ ու պայմաններ:

Բոլորս էլ գիտենք,որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ունեն կրթության հավասար իրավունքներ:Բայց ներառական կրթությունը լավ է ,երբ մանրազնին ուսումնասիրված է ամբողջ համակարգը: Հայաստանում ներառական կրթության գաղափարը օրենքի ուժ ստացավ 2005թ,կիրառվեց 2007-ին, եվ որոշվեց,որ մինչև 2025թ. հանրակրթական բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական,այսինքն՝ դեռ 6 տարի ժամանակ կար ամեն ինչ նորից խորությամբ ուսումնասիրելու,նոր մեթոդական ձեռնարկներ ու ծրագրեր կազմելու համար՝հիմնվելով հենց մեր դպրոցների ուսուցիչների անմիջական փորձի ու խորհուրդների վրա,որովհետեվ բոլոր եղած ձեռնարկները , գրականությունը, որոնք սակայն միայն տեսական ուղեցույցներ են ու հիմնականում թարգմանված, այսքան տարի չտվեցին էական ու դրական արդյունք:Ու մանկավարժական համալսարաններում էլ պիտի «Ներառական կրթություն»առարկան ուսումնասիրեն ապագա բոլոր մանկավարժներն անխտիր,ոչ միայն համապատասխան ֆակուլտետի ուսանողները:Ի դեպ, ֆակուլտետն էլ հիմնադրվել է ընդամենը 2011թ.-ին՝ներառական կրթությունն օրինականացնելուց 6 տարի անց: Ներառական կրթությունը լավ է ,երբ ամեն ինչ հարմարեցված է երեխային: Դպրոցում ոչինչ նախատեսված չէ այն երեխայի համար,ով ունի հենաշարժողական խնդիրներ, թեքահարթակներ պետք է լինեն ամբողջ շենքում,ոչ թե միայն մուտքի մոտ, հարմարեցված սանհանգույց, դպրոցի տարածքում սայլակով տեղաշարժվելու հնարավորություն:ԿԱՊԿՈՒ երեխաների համար պիտի մշակվեն անհատական ուսումնական պլաններ՝ յուրաքանչյուրի համար առանձնակի մոտեցմամբ, ծնողի,բժիշկի, դասվար-դասղեկի,մյուս բոլոր առարկայական ուսուցիչների հետ,ինչն էլ շատ աշխատատար է ,իսկ շատ ծնողներ կամ չգիտեն այդ մասին,կամ զլանալով բարդում են դպրոցի վրա:Արդյուքում էլի ճռռում է ուսուցիչը:

Ուսուցիչը, խեեեեղճ ուսուցիչը...Նա պիտի կարողանա ամողջ դասպրոցեսը հսկել,հետեվել կարգապահությանը,զսպել աշակերտների ակնարկ- ռեպլիկները,որոնք հաստատ կլինեն,ինչքան էլ սաստեն նրանց:Ուսուցիչը 45 րոպեում պիտի աշխատի ե՛վ հսկիչ,ե՛վ դաստիարակ, հարկ եղած դպքում նաեվ բժիշկ, ե՛վ հոգեբան, ե՛վ ուսուցիչ:Այո,հիմա էլ այդպես է անցկացնում իր դասը ցանկացած ուսուցիչ:Բայց այն ժամանակ կլինի վերոնշյալ հերթականությամբ:Բայց չէ՞ որ ուսուցիչը պիտի գոհ մնա իր յուրաքանչյուր աշխատանքային օրից,ոգեշնչվի աշակերտներից ստացած իր քրտնաջան աշխատանքի արդյունքներից:Իսկ այսպես խաթարվելով նրա առօրյան,միայն պահանջներ կատարողի դերը ստանձնելով ,հիասթափվելով իր մասնագիտությունից ու իր ՍԻՐԱԾ գործից՝ դառնում է զուտ շարքային դասատու:ՈՒ այդ ահռելի աշխատանքը 40-50-80000 աշխատավարձի դիմա՞ց: Խաթարվում է մի ամբողջ կրթական համակարգ:Այս ամենը տեսնելով՝դժվար թե երիտասարդությունն ընտրի ուսուցչի մասնագիտությունը,ու մի քանի տարի անց, հաստատ, կունենանք մանկավարժի խիստ կարիք,դեֆիցիտ:

Ծնողները գուցե կոգեշնչվեն սկզբնական շրջանում՝ մտածելով,որ իրենց երեխան էլ, հասարակության լիիրավ անդամ լինելով,իրավունք ունի հաճախելու մասսայական դպրոց:Բայց դա միայն սկզբում:Հետո երեխան չի ուզենա գնալ ինչ-ինչ պատճառներով,խույս կտա ամենօրյա հաճախումներից: Ծնողն էլ,զգալով երեխայի տրամադրությունը,չի ստիպի:Շատ ծնողներ, հիմա էլ, նախընտրում են երեխային թողնել տանը՝ պատճառաբանելով,որ դա ավելորդ գլխացավանք է.պատկերացրեք՝ 3-4 –րդ հարկից գրկած ամեն օր իջեցրու անդամալույծ 10 տարեկան երեխային,տար դպրոց,նստեցրու դասին,հետո բեր տուն,եվ այդպես ամեն օր.նրանք գերադասում են տնային ուսուցումը:Իսկ մտավոր ծանր խնդիր ունեցող երեխաների ներկայությունն էլ անօգուտ է.լինենք անկեղծ ՝նրանք հիմնականում անտեսված են, անտեսված միայն դասապրոցեսի ժամանակ/չկառչեք բառից/,նրան բացի իր ցանկություններից ոչինչ հետաքրքիր չէ,ապրում է իր պարփակված ու անհաղորդ աշխարհում: Չմոռանանք նաեվ ,որ ներառական կրթական գործընթացը ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և ԿԱՊԿՈՒ երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, ազգային փոքրամասնություններ և այլն։Պատկերացնո՞ւմ եք՝սեպտեմբերի մեկին քաղաքաբնակ չքավորի երեխան,որ սովորում էր հատուկ դպրոցում,մտնում է ավագ դպրոցի 10-րդ դասարան,կամ որբ երեխան դառնում է շքեղ մեքենաներ ունեցողների համադասարանցին: Օրինակները շատ են ու բազմաբնույթ: Այսինքն՝ ապահովվում է նմանատիպ երեխաների ֆիզիկական ներկայությունը հանրակրթական դպրոցներում,փոխարենը խաթարվում են նրանց հոգեբանությունը,ներաշխարհը,որոնք,թերեվս ,ավելի դժվար է վերականգնել,քան ունեցած ֆիզիկական,մտավոր ու սոցիալական խնդիրները,որոնց հետ նա արդեն հաշտված ապրում էր:Նրանաց հետ նախ պիտի աշխատել հոգեբանորեն,կոտրել կարծրատիպերը,հարթել խոչընդոտները,ապա նոր ուղղորդել մասսայական դպրոց ,որտեղ նույնպես կա կատարելու հսկայական աշխատանք:

Ներառական կրթությունը դառնալու է համապետական ծրագիր:Բայց ներառական կրթությունը պետք է սկսվի նախակրթարաններից,երեխայի վաղ տարիքից եվ շարունակվի դպրոցներում եվ այլն,որպեսզի հասարակության եվ ինչ-ինչ խնդիրներ ունեցող անձի մերումը լինի ինքնաբերաբար, հեշտ ու հանգիստ: Եվ այսօր հապճեպ ու կտրուկ քայլերով փակելով հատուկ դպրոցները՝ վաղը կունենանք խեղված կրթական համակարգ,որովհետեվ արհեստականորեն ներարկվում են այնտեղ բազմաբնույթ,խոցելի ու դեռ չլուծված խնդիրներ:

Հ.Գ.Այդ օտարամուտ ինտեգրվել,հումանիզմ բառերը պետք չէ անընդհատ շեշտել ու չարաշահել,դրանք լոզունգ-կարգախոս են դարձել արտասահմաններում, որտեղ ԿԱՊԿՈՒ երեխաները տեղ չունեն հենց իրենց սեփական ընտանիքներում, ամբողջությամբ մատնված են ինքնահոսի ու այդ «հասարակության լիիարավ անդամ ու հավասար իրավունքներ ունենալ» պաստառները միշտ եղել են նրանց ինքնապաշտպանական փրկօղակները:Իսկ նմանատիպ երեխաները մեզ մոտ՝ թե՛ ընտանիքներում,թ՛ե հատուկ կամ հանրակրթական դպրոցներում արժանանում են առանձնակի ուշադրության ու վերաբերմունքի՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: