Հայերեն   English   Русский  

​Վաշինգտոնը և Վարշավան համաձայնության են գալիս Լեհաստանում ԱՄՆ-ի բազա ստեղծելու հարցում


Ներկայումս Լեհաստանում տեղակայվում է ամերիկյան տանկային բրիգադը


  
դիտումներ: 108

ԱՄՆ նախագահի վարչակազմը և Լեհաստանի իշխանություններն իրենց խորհրդակցություններում արդեն մոտ են այն համաձայնությանը, որը վերաբերում է Լեհաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի ստեղծմանը: Այդ մասին երեկ հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ եթե կողմերը հանգեն միասնական կարծիքի, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար աշնանը կայցելի Լեհաստան: Գործակալությունը նշում է նաև, որ նախատեսված էր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու այցը Վաշինգտոն այս շաբաթ, որպեսզի քննարկեր տվյալ հարցը Նահանգների ղեկավարի օգնական Ջոն Բոլթոնի հետ: Սակայն Մորավեցկու այցը ԱՄՆ մայրաքաղաք հետաձգվել է, նա ժամանելու է Նյու Յորք և Չիկագո:

Հրապարակման մեջ ասվում է, որ Վաշինգտոնն ու Վարշավան դեռևս միասնական կարծիք չունեն՝ խոսքը երկրում անմիջականորեն ԱՄՆ-ի ռազմական օբյեկտի ստեղծման մասին է լինելու, թե՞ հանրապետությունում աստիճանաբար ամերիկյան ռազմական ներկայության ծավալման մասին: Ըստ գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ի և Լեհաստանի ներկայացուցիչներն այլևս նպատակահարմար չեն համարում բազային «Թրամփի ամրոց» անունը տալ:

Հրապարակման մեջ բերվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայության ղեկավար Գարրետ Մարկի խոսքը, որը հաստատել է, որ կողմերը խորհրդակցություններ են վարում Լեհաստանում ամերիկյան ուժերի ներկայության մասին, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: