Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդներում բժիշկը գաղտնի բեղմնավորել է ավելի քան 50 կնոջ


  
դիտումներ: 159

Նիդեռլանդների բժիշկ-վերարտադրողաբան Յան Կարբաատը, որ մահացել է 2017 թ. 89 տարեկան հասակում, գաղտնի բեղմնավորել է ավելի քան 50 կնոջ, իսկ նրա բազմաթիվ երեխաները, որոնք հիմա ապրում են աշխարհի տարբեր անկյուններում, կարող են փոխհատուցում պահանջել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով RTL Nieuws կայքին:

Յան Կարբաատը հայտնի է դարձել, երբ 2017 թ.՝ իր մահից առաջ, խոստովանել է, որ կարող էր մոտ 60 երեխա բեղմնավորել Նիդեռլանդների Բարենդրեխտ քաղաքի կլինիկայում աշխատելիս, քանի որ հայրերի սերմը փոխարինել է սեփականով: Դրանից հետո Կարբաատի հավանական երեխաները քաղաքացիական հայց են ներկայացրել, որպեսզի պարզեն, թե ով է իրականում իրենց հայրը: 2019 թ. փետրվարին դատարանը թույլ է տվել օգտագործել բժշկի ԴՆԹ-ն հայրության թեստն անցկացնելու համար:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անցկացված թեստով հաստատվել է, որ Կարբաատն առնվազն 49 երեխայի հայր է: Ընդ որում, նշվում է, որ երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, և բժշկի երեխաները կարող են ապրել ոչ միայն Նիդեռլանդներում, այլև դրա սահմաններից դուրս, այդ թվում և ԱՄՆ-ում:

Բժշկի երեխաները տարբեր կերպ են արձագանքել թեստի արդյունքին: 39-ամյա Մարտիյն վան Հալենը հայտարարել է, որ Կարբաատի արարքը սոսկալի է թե՛ ծնողների, թե՛ եղբայրների և քույրերի համար:

«Նրանց խաբել են, և դա արել է բժիշկը, դա ճիշտ չէ: Բայց եթե խոսենք իմ մասին, ապա ես չէի լինի առանց այդ բժշկի,- ասել է նա:- Մի քանի շաբաթում ես պարզեցի, որ 25 հարազատ եղբայր և քույր ունեմ, կիսով չափ հարազատ»: Նրա խոսքով, բժշկի երեխաների մեծ մասն արդեն մեծ մարդիկ են և իրենք էլ երեխաներ ունեն, ընդ որում, բոլոր եղբայրները և քույրերը շատ նման են իրար:

NL Times պարբերականը հայտնում է, որ Կարբաատն աշխատել է IVF կլինիկայում 1980-ից մինչև 2009-ին դրա փակվելը, երբ տեսուչները խախտումներ են հայտնաբերել հիվանդանոցի արձանագրություններում: Նշվում է, որ կլինիկայի գործունեության ժամանակ անպտղության մասնագետները պատշաճ կերպով չեն վերահսկել միմյանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: