Հայերեն   English   Русский  

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը


  
դիտումներ: 549

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը:

Անկախին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես նշվել էր, որ Մ. Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, ավելին՝ պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:

Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: