Հայերեն   English   Русский  

Արամուսում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցները հասել են Կառավարություն


  
դիտումներ: 700

Վերջին շաբաթների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք Կոտայքի մարզի Արամուս համայնքում տիրող իրավիճակին:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ դպրոցում կաթվածահար են եղել դասերը: Աշակերտները դաս անելու փոխարեն՝ ծնողների, ուսուցիչների հետ բողոքի ակցիա են իրականցնում: Պահանջը անփոփոխ է. տնօրենի թափուր մնացած պաշտոնի ընտրություններից հետո տնօրեն նշանակաված Նոնա Պողոսյանի փոխարեն պաշտոնին նշանակել դպրոցի նախկին փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանին:

Վարչապետին, փոխվարչապետին, Կրթության և գիտության նախարարին ուղղված նամակներն անպատասխան մնալուց հետո, երեկ՝ ապրիլի 16-ին մի խումբ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ հավաքվել էին Կառավարության շենքի առաջ և բարձրաձայնում էին իրենց պահանջը: ՀՀ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները լսելով նրանց բողոքը՝ պատասխանել են, որ Նոնա Պողոսյանը, որպես մյուս թեկնածուի հետ հավասար ձայներ հավաքած թեկնածու, օրինական ճանապարհով է նշանակվել տնօրենի պաշտոնում և իրենք ոչինչ չեն կարող անել, եթե վերջինս ինքնակամ հրաժարականի դիմում չներկայացնի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընտրությունում հավասար 4-ական ձայներ հավաքած երկու մասնակիցներից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տնօրեն էր նշանակվել Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի ուսուցիչ Նոնա Պողոսյանը, ով, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունն է վայելում: Մարզպետը հերքել է նման տեղեկատվությունը՝ ասելով, որ ինքը չէր կարող աջակցել մի մարդու, ով ավելի շատ փոխկապակցված է Կոտայքում միշտ իշխանություն եղած քաղաքական ուժին։

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: