Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ


  
դիտումներ: 718

Անցած օրերին «Արարատցեմենտ» գործարանում անցկացվող բողոքի ակցիային այսօր արձագանքել է ԲՀԿ առաջնորդ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Նա այցելել է գործարան և պատասխանել ցուցարարների հարցերին: Օրեր առաջ Ծառուկյանի հետ հանդիպում պահանջող բողոքի ակցիայի անդամները նրան դիմավորել են ծափողջույններով:

ԲՀԿ առաջնորդն իր ելույթի ժամանակ ասել է, որ նման իրավիճակների առաջին անգամ չի հանդիպում: Նախորդ իշխանությունների օրոք ևս կանգնել են գործարանի փակման, աշխատատեղերի կրճատման խնդրի առաջ բարձրացված հարկերի պատճառով, սակայն կարողացել են հաղթահարել ամեն ինչ: Ծառուկյանն ասել է, որ միշտ փորձել է այնպես անել, որ ոչ ոք չլքի երկիրը և սեփական ապրուստի միջոցը վաստակի Հայաստանում:

«Փաշինյանը ճիշտ է ասում, որ յուրաքանչյուր սեփականատեր իր կոլեկտիվի պատասխանատուն է: Ես էլ իմ կոլեկտիվի պատասխանատուն եմ և հենց վաղը մենք կբարձրաձայնենք ձեզ հուզող հարցերը, չնայած արդեն երեկվանից ենք սկսել խոսել դրանց մասին, ասել ենք, որ դրանք պետք է քննարկվեն, ճիշտ լուծումներ ունենան: Ուրիշի արտադարանքը չպետք է ներկրենք, եթե մենք կարող ենք 1 միլիոն 200 հազարի ցեմենտ արտադրել: Եթե հետագայում ցեմենտի գինը բարձրացնենք, որակը վատացնենք, այդ դեպքում դրսից կարող են ցեմենտ ներկրել, և իհարկե պետք է պայմաններ ստեղծել նաև ներկրումների համար, որպեսզի դաշտում մրցակցություն լինի: Բայց իմացեք, որ ես միշտ ձեզ հետ եմ և ցանկացած հարց մենք կարող ենք քննարկել իրար հետ»,-ասաց Ծառուկյանը՝ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները փակել են գործարան գնացող ճանապարհը և գործարանի ղեկավարությունից պահանջում են չկրճատել աշխատատեղերը: Նրանք ծանուցվել էին, որ հունիսի 15-ից ազատվելու են աշխատանքից: Գործարանի աշխատողների կրճատումների պատճառը ԱԺ տնտեսական հանձնաժողովի որոշումն է, որով ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում, սակայն տուրք չի սահմանվում ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) համար:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: