Հայերեն   English   Русский  

​«Լուսավոր Հայստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու կառավարության առաջարկած նախագծին


  
դիտումներ: 233

Ազգային ժողովի լիագումար նիստում դեռ քննարկվում է կառավարության կազմի կառուցվածքային փոփոխության հարցը, որը երեկվանից բուռն քննարկումների, բանավեճերի, փոխադարձ վիրավորանքների պատճառ էր դարձել: Այսօրվա նիստը ևս զերծ չի մնացել լարված իրավիճակներից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանը մեղադրել է Սերժ Սարգսյանի կոստյումը հագնելու և սուպերվարչապետական համակարգ ստեղծելու մեջ:

«Վարչապետն այս ամբիոնից խոստացել էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ և մտնելու են կառավարության կառուցվածքի մեջ: Այդ համակարգով կառավարության կառուցվածքում տեղավորվում է ամբողջ պետական կառավարման համակարգը, որը խորհրդարանական վերահսկողության ներքո է լինելու: Ինչո՞ւ հիմա վարչապետը չի կատարում իր խոստումը: Սերժ Սարգսյանի նախկին կոստյումից երկու հատ կոճակ եք հանել, գիտեք ինչ-որ փոփոխություններ եք արե՞լ: Վարչապետը ձեր առաջարկած կառավարության կառուցվածքով նորից մնալու է ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի պետը, և չի լինելու որևէ վերահսկողություն խորհրդարանի կողմից»,-ասել է Մարուքյանը:

Ի հակադրություն սրան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ հիմա նպատակահարմար չեն գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ, հնարավոր է, որ նման նախագիծ քննարկվի հետագայում:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ ինքը երկու օրվա քննարկումների ընթացքում որևէ հիմնավոր պատճառ չի լսել նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ:

Թե´ «Լուսավոր Հայաստանը», թե´ «Բարգավաճ Հայաստանը» ասել են, որ դեմ են քվեարկելու ներկայացված կառուցվածքի փոփոխության օրինագծին:

Այժմ Ազգային Ժողովի պատգամավորների և կառավարության անդամների միջև տեղի է ունենում հարց ու պատասխան: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս պատասխանում է պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք, որ առաջարկված նախագծով 5 նախարարություն կրճատվելու է, նախկին 17-ի փոխարեն գործելու են 12-ը: Կրճատվելու է նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը, երեքի փոխարեն երկուսն են մնալու: Կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորվելու են: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում լինելու է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակելու են գործել վարչապետի ենթակայության ներքո:

Լիանա Եղիազարյան






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.04.2019 aveli lav a nikol tog spagvi nrkin Gogovurtin miyabed ? payj betk a lav haskana vor spurk jen janajum voj iryn voj al ir pogojayin ichhanutyun ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: